Մանվել ՄԻԿՈՅԱՆ
ՀԳՄ Լոռու մարզային
բաժանմունքի նախագահ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ քննարկման ներկայացված նախագծի դպրոցական դասագրքերում ընդգրկվելիք և դուրս մնացած հեղինակների ցանկը կարդալուց հետո հնարավոր չէ խուսափել տխուր եզրահանգումներից: «Հայ գրականություն» առարկան վերաձևակերպվում է «Գրականության», որի հետևանքով դպրոցական ծրագրերից հանվում են այնպիսի հեղինակներ, առանց որոնց դժվար է պատկերացնել հայ գրականության պատմությունը, զարգացման շրջափուլերը և ձեռքբերումները:
Անհավատալի է, որ հայ աշակերտները չեն ուսումնասիրելու Մովսես Խորենացու, Եղիշեի, Մեսրոպ Մաշտոցի, Կորյունի, Գրիգոր Նարեկացու, Նաղաշ Հովնաթանի, Ներսես Շնորհալու, Մխիթար Գոշի, Վարդան Այգեկցու, Ղևոնդ Ալիշանի, Ֆրիկի, Ղազարոս Աղայանի, Ավետիս Ահարոնյանի, Սմբատ Շահազիզի, Արշակ Չոպանյանի, Երուխանի, Սիամանթոյի, Երվանդ Օտյանի, Ռուբեն Սևակի, Գաբրիել Սունդուկյանի և այլոց ստեղծագործությունները, գողթան երգերը, իսկ Նահապետ Քուչակը կուսումնասիրվի Համո Սահյանին, Սայաթ-Նովան՝ Եղիշե Չարենցի «Տաղարանին» զուգահեռ:
Կարդացի նաև ավելի քան երկու տասնյակ արտասահմանյան գրողների ստեղծագործությունների ցանկը, որոնք երևելի երևույթներ են համաշխարհային գրականության մեջ: Սակայն անթույլատրելի է այդ հեղինակներին մտցնել դպրոցական ծրագիր՝ հայ գրականության մեծերին հանելու գնով:
Նկատի ունենալով եղած փորձը՝ կարելի է կազմել նաև արտասահմանյան գրականության առանձին դասագիրք, որոշ հեղինակների գրքերը հանձնարարել կարդալու արձակուրդների ժամանակ:
Ծանոթ եմ դպրոցական ծրագրում ընդգրկվելու հավակնող բոլոր նոր հեղինակների ստեղծագործություններին: Նրանց մեջ կան և՛ վաղուց կայացած, և՛ երիտասարդ շնորհալի գրողներ: Նրանք բոլորն էլ իմ ավագ և կրտսեր գրչեղբայրներն են: Բայց անտեսված է գրողների մի ամբողջ սերունդ, որը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մեծ դեր է խաղացել հայ գրականության զարգացման գործում, թարգմանվել աշխարհի բազմաթիվ լեզուներով, տպագրվել և՛ օտարալեզու անթոլոգիաներում, և՛ առանձին գրքերով: Հիշյալ գրողների ստեղծագործությունները բարձր գնահատականի են արժանացել ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում:
Ծանոթ չեմ հանձնախմբի կազմին, որը մասնակցել է դպրոցական դասագրքերի «մոդեռնացման» աշխատանքներին, սակայն նկատելի է կամայական, տարբերակված մոտեցումը նոր հեղինակների ընտրության հարցում: Տեղյակ եմ, որ մեր հեղինակավոր ու փորձառու գրականագետներից ոչ մեկն ընդգրկված չէ այդ հանձնախմբում՝ չնայած նրանց մեջ կան նաև դպրոցական դասագրքերի հեղինակներ:
Հայերս տեղի-անտեղի պարծենում ենք, որ բիբլիական ազգ ենք՝ դարերի և հազարամյակների պատմություն ունեցող մշակույթով ու գրականությամբ: Մեր երեխաներն ումի՞ց կամ որտեղի՞ց են իմանալու այդ մասին: Ի հակադրություն ոմանց, ովքեր ասում են, թե, իբր, ժամանակակից նորմալ գրականություն չունենք, ի՞նչ պատասխան են տալու:
Հայոց կրթությունը խառնաշփոթի և փորձադաշտի վերածելը հղի է ծանր հետևանքներով: Ծրագրի այս նախագիծն անհապաղ վերանայման կարիք ունի՝ նոր, հեղինակավոր հանձնախմբով և բանիմաց, սրտացավ մոտեցմամբ:
Մանվել ՄԻԿՈՅԱՆ / Անթույլատրելի է դասագրքերի նման «մոդեռնացումը»
