Զավեն ԲԵԿՅԱՆ

Մանկությանս տարիներին շատ եմ ափիբերան համրացած հետևել լուսատտիկի հրաշքին, խորհրդավոր՝ մորզեական այբուբենի առկայծումներով մեզ ինչ-որ բան հայտնելու լուսատտիկի հնարավոր ջանքին, երբեմն հաջողվել է որսալ եղինջի մի թփի վրա ու երկյուղած ուսումնասիրել այդ միջատի նեոնային լուսապատ որովայնը…
Բայց ի՞նչ կապ ունի այս պատկերը… մեր անկախության տարեդարձի հետ: Ունի: Նախախնամությամբ մենք աշխարհի լուսակիր, առաքելություն ունեցող ազգերից մեկն ենք և հայոց «դժվար լեռներում» (Հովհ. Թումանյան) խնդիր ունենք մեր լույսը անմար հասցնելու այն քաղաքակրթական հանգրվանին, որն Աստծուն է հայտնի: Մեր պատմությունն ընթանում է լուսատտիկի առկայծումներով: 1828 թ.-ից առաջ մեր լույսը դարերով ծածկված էր իրանաթուրանական գրվանով, այդուհետև՝ նաև ցարականով: Միայն 1918-ին հնարավորություն ստացանք շարունակելու մեր պատմությունն ընդհատված տեղից մինչև 1920 թ., որից հետո էլ մեր լույսը մնաց բոլշևիկյան գրվանի տակ: 25 տարի առաջ նորից առաջ շարժվեցինք ընդհատված տեղից, երբ կողերից մեզ խփում էր խուժդուժ, քաղաքակրթական տեսակետից՝ խլուրդ, թշնամին, իսկ ներքևից… մեզ արդեն խփել էր մեր սեփական հողը, որ ժամանակին անգթորեն դավաճանել էր նաև Փոքր Մհերին՝ թալկանալով նրա ոտքերի տակ (նկատի ունեմ ահավոր երկրաշարժը, որ մենք հաղթահարեցինք):
Այսօր մենք արցախյան հիմնահարցի մաքառումների մեջ ենք: Թուրքական «ալյանսը» խոսում է Արցախից, բայց աչքի տակ ունի առհասարակ հայկական պետության չգոյության իր փայփայած երազը: Մեր դաշնակից պետության պալատական յալանչին (լարախաղացին կապկողն է – Զ.Բ.)` Ժիրինովսկին, վերջերս մեր երեսով տվեց ռուսաց պատմական օգնությունը՝ մեզ փրկելու առումով, երախտամոռաբար չհիշելով, որ միայն Հայրենական մեծ պատերազմում մեր սուղ թվաքանակից 300 հազար զոհ ենք տվել՝ իր բոլշևիկյան կայսրությունը պաշտպանելու համար…
Եվ հիմա, այս իրավիճակում, մենք իրավունք ունե՞նք լինել այսքան թափթփված, անտիրական՝ պետություն կառուցելու գործում, թե՞ արդարացնում ենք թշնամու հին չարախոսությունն առ այն, որ հայերը պետություն կառուցելու ընդունակ չեն… Պատմական իրավիճակը նույն լարվածն է, և յուրաքանչյուրս պիտի մոբիլիզացված ու ձիգ լինենք նժդեհյան զինվորի նման (մի քանի ամիս հետո լիիշխան Ազգային ժողով ենք ընտրելու-ի՞նչ հումքից…): Իրավունք ունե՞նք անտերության մատնելու մշակույթը, մասնավորապես՝ գրական գործը, որ այս վիճակում չի եղել նույնիսկ Պատրիկյանի օրերին:
…Առջևում պիտի տեսնենք մեր, այսպես կոչված, խարիզմատիկ ճերմակ ձիավորին, որին պիտի հավատանք և որին պիտի հետևենք, զի առանց հավատի ամեն ինչ ապարդյուն է: Ո՞ւր է Նա…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։