ԷԴՎԱՐԴ ԱՂԱՅԱՆԻ  ԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ  ԱՐԴԻ  ՀԱՅԵՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

ԷԴՎԱՐԴ ԱՂԱՅԱՆ – 110

Վազգեն  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

 

Տարվույս մարտի 16-ին  լրացավ  ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդվարդ Բագրատի Աղայանի  ծննդյան  110-րդ  տարին:  Արդեն  երեք տասնամյակից ավելին է, որ մեծ լեզվաբանն ավարտել է իր երկրային կյանքը: Սակայն մեր օրերի գիտության անկապտելի հարստությունն են անհատի իմացական վաստակի արգասիք գրքերը, հոդվածները, գրախոսությունները,  հրատարակված  այլ  տպագիրները,  գրքերի  առաջաբանները:

Մենք ուզում ենք շեշտել այն հանգամանքը, որ ինչքան գնում են տարիները, նույնքան ավելի պարզ ու հստակ, ավելի հասկանալի է դառնում հայ լեզվաբանության անխոնջ, եռանդուն մշակի թողած ժառանգությունը:

Էդ. Աղայանը ծնվել է 1913 թ. մարտի 16-ին, Մեղրիում, սկզբնական կրթությունը ստացել է տեղում, բարձրագույնը՝ Երևանի պետական համալսարանում: Նրա  գիտական գործունեությունը եղել է մի տեսակ խիզախում. թվերը խոսուն են, հիշենք՝ ընդամենը 28 տարեկանում գիտության թեկնածու (1941 թ.), իսկ 32-ում` գիտության դոկտոր (1945 թ), այնուհետև՝ պրոֆեսոր  (1946 թ. ), գիտության  վաստակավոր  գործիչ (1970 թ. ), ավելի ուշ՝   ՀՍՍՀ  ԳԱ  թղթակից  անդամ (1953),  իսկական  անդամ. (1982 թ.),  Գերագույն սովետի դեպուտատ (1980, 1985 թթ.):  1939 թ. սկսած՝ դասավանդել է ԵՊՀ-ում.  1956 թ.՝ ընդհանուր  և  համեմատական  լեզվաբանության ամբիոնի վարիչ, նաև ղեկավարել է ԳԱ լեզվի ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժինը (սեկտորը). եղել է  նախարարության բուհերի բաժնի վարիչ, ԳԱ լեզվի ինստիտուտի դիրեկտորի տեղակալ, ԵՊՀ պրոռեկտոր (գիտական գծով), նույնի բանասիրական ֆակուլտետի դեկան: Տասնամյակներ շարունակ դասավանդել է մաև հանրապետության տարբեր բուհերում, մշտապես եղել է պետության և գիտական հաստատությունների պատշաճ ուշադրության կենտրոնում՝ պարգևներ, կոչումներ: Եվ այդ ընթացքում գրել է բազմաթիվ գրքեր, կազմել դասագրքեր, ստեղծել բացառիկ  բառարան, խմբագրել և հրատարակել ոչ միայն  իր  ուսուցչի՝ Հ. Աճառյանի,  այլև շատ ուրիշ  գիտնականների  աշխատությունները:

Կարելի է ասել, որ հայերենագիտականը  անվանի լեզվաբանի գործի միջնաբերդն է, իսկ բանասիրականը՝  Արևելքի գրականության պատմություն, նախամաշտոցյան հայ գրի և գրականության, մեսրոպյան այբուբենի հարցեր, տոմարագիտություն, եղել են այդ միջնաբերդի  ամրակուռ  պարիսպները:

Նա երախտագետ սանն էր Հ. Աճառյանի և մնաց նրա հոգևոր աշակերտը: Եվ պատահական չէ, որ Աղայան ազգանվամբ ուշիմ  ուսանողին, հայտնի է,  Աճառյանը շատ է ուզեցել  իր  ասպիրանտը  տեսնել:  Երևի Աճառյանը հոգեպես որոնել է իր գործի մնացած մասը լույս աշխարհ բերողին՝ իր ձեռագիր գրքերն ու բառարանները հրատարակելու ձեռնարկողին, իրենից հետո, ինչքան հնարավոր է: Աղայանն այդ գործում ևս եղավ իր ուսուցչին  նվիրված:

  Ամեն մի լեզու, ասում են,  ամենից առաջ բառերի աշխարհ է: Հարուստ է այն լեզուն, որ ունի  այդ աշխարհն այսպես թե այնպես ընդգրկող բառարան:  Հայերենի բառապաշարն ավելին է, քան նրա մի մասը ներառնող ներկայիս բառարանները:  Հայ լեզվաբանությունը մեծ է  նաև իր  բառարանագրությամբ:

Մեծ է   Աղայանի վաստակը նաև հայոց լեզվի բառարան ստեղծելու գործում. նրա գլուխգործոցը, անշուշտ,  «Արդի հայերենի բացատրական բառարանն» է, մի կոթողային աշխատություն, որ  գիտական  նոր  մակարդակով  է հայոց լեզվի բառագանձը մեկնաբանում և ներկայացնում: Բառարանն ընդգրկում է 135 հազար բառային միավոր, որից 15 հազարը  նորություն է, գրական լեզվի երկու տարբերակի բառագանձով, որը բառագիտական-բառարանագրական մեծ արժանիք է:  Նրանում տեղ են գտել նաև 11 հազար դարձվածային միավորներ:  Հեղինակը  հանդես է բերել բառային միավորների ընտրության մեծ հմտություն, կարգային (կատեգորիալ) ստույգ նշանակում,  բառի  իմաստ(ներ)ի լիարժեք, մեկը մյուսից բխող առանձնացման բծախնդրություն, տերմինների և նման անվանումների  բացատրության  բացառիկ  ճշգրտություն:

Աղայանը, մեր տպավորությամբ,  լայն ընդգրկման  հայերենագետ էր՝ մի տեսակ բանաստեղծական հախուռն, վեհ խառնվածքով, թեև  գիտական ելույթների մեջ խիստ էր, ճշգրիտ և հստակ:  Բազմիցս  առնչվել էր եվրոպական և արևելյան գրականության նմուշներին, կատարել էր «Հազար ու մեկ գիշերների» թարգմանությունը, «Կամելիազարդ տիկինը»  պոետիկ վեպի արևելահայերեն փոխադրումը: Պարսից և այլ ժողովուրդների առավել  աչքի  ընկնող  բանաստեղծներին,  վկայում են,  գիտեր  բնագրով  և  բերանացի:

Թերևս չկա հայերենագիտության որևէ բնագավառ, փոքրիշատե նկատելի ճյուղ, որտեղ իր ծանրակշիռ, հեղինակավոր և ուղենշող խոսքն ասած չլինի մեծանուն լեզվաբանը: Աղայանի ուսումնասիրությունները ընդգրկում են հայոց լեզվի պատմությունը, բարբառագիտությունը, հայ լեզվաբանության պատմությունը: Հայ լեզվաբանական մտքի զարգացման պատմության կարևոր ուղենիշ է եղել Աղայանի երկհատոր «Հայ լեզվաբանության  պատմություն»  (Ե., 1958-1960)   աշխատությունը:

Մեծ է Աղայանի վաստակը հայերենի համեմատական ուսումնասիրության բնագավառում: Հայ ժողովրդի անցյալի վկայություններից թերևս ամենահավաստին և վստահելին մնում է նրա լեզուն: Մեր լեզուն իր մեջ է առած եղել մեր մտածողության, հոգեբանության,  ազգային  նիստուկացի բազում շերտեր: Ուստի բառի և նրա իմաստի ստույգ վերհանումն ու մեկնաբանությունը դառնում են լավագույն միջոց մեր ժողովրդի վաղնջական անցյալի ճանաչման համար: Մեծանուն համեմատաբանը մեզ է թողել հայերեն բառերի քննության և ստուգաբանության բազում օրինակներ՝ ամփոփված «Բառաքննական և ստուգաբանական հետազոտություններ» գրքում (Ե., 1974), որոնցով և տեղեկանում ենք մեր անցյալին. դրանք մեծ մասամբ հիմնավոր, հավաստի և վերջնական ստուգաբանություններ են:

Հայ  լեզվաբանության մեջ կա մի բնագավառ, որտեղ Աղայանը անօրինակ վաստակ  ունի,  դա լեզվի մասին նախնական գիտելիքների ուսուցումն է, վկան՝  «Լեզվաբանության ներածություն» գրքի ստեղծումն  է (Ե., 1949-1967,  ռուս.՝ 1959): Տասնամյակներ շարունակ սյն եղել  է բուհերի դասագիրք, հրատարակվել է վեց անգամ, վերջինը «Լեզվաբանության  հիմունքներ»  վերնագրով՝  բարեփոխված և լրացված ( Ե., 1987. կա  նաև  գրքի  համառոտ  տարբերակը):

Էդ. Աղայան  գիտության  մեծ  երախտավորը  բազում օրեր ու երջանիկ պահեր է ապրել, բազում գրքեր է գրել՝ ի շահ իր ժողովրդի մտավոր զարգացման և առաջընթացի: Նա մեծ  թվով աշակերտներ ու լեզվաբան սաներ է ունեցել, որոնք երախտագիտությամբ են բացում  իրենց  շուրթերը  նրա  անունը   և  գիտական  ժառանգությունը  մտաբերելիս:

Մեծ չէ  այն  մասնագետների թիվը, որ գիտության տվյալ բնագավառին հասու են լինում ըստ ամենայնի, այսինքն՝ վերջինիս մասնավորումներով (ճյուղերով), ընդ որում թե՛  գրված աշխատություններով և թե՛ գիտական բազմապլան կադրեր պատրաստելով (բուհ. ասպիրանտուրա և այլն): Աղայանը հայագիտության մեջ  երևույթ էր նաև այս իմաստով. մեր երկրի բուհերում, որքան մեզ հայտնի է,  կարդացել է (դասախոսել է)  ընդհանուր լեզվաբանություն, լեզվաբանական ուսմունքների պատմություն, լեզվաբանության ներածություն,   հայերենի համեմատական քերականություն, հայոց լեզվի պատմություն,  գրաբարի (պարսկերենի, լատիներենի) քերականություն,  արևելյան բանասիրություն և այլն. սրանցից   յուրաքանչյուրը,  թերևս,  մեկ  մասնագետի  աշխատանքի  ոլորտ  է:

Ո՞րն է իմացական և կոնկրետ՝ գիտական նման խիզախության գաղտնիքը:  Ճիշտն ասած՝ այս դեպքում ևս գաղտնիք չկա, միայն մտավոր ընդունակություն և ամենօրյա առողջության պահպանումով աշխատասիրություն. ես այստեղ հիշում եմ մեծանուն լեզվաբանի  ասած  մի խոսքը՝ ուղղված հենց ինձ. «Հրաչյա Աճառյանն ասում էր՝ գրի՛ր օրական  մեկ  էջ  և  տարեվերջին  կունենաս առնվազն  երեք  հարյուր  էջ՝  գիրք»:  Եվ եղել է նա  իր  ուսուցչի  հորդորն  իրականացնողը՝  ի  նպաստ  հայրենի  լեզվագիտության:

Մենք, այսուամենայնիվ, տեսական ի՞նչ դրույթներ կառանձնացնեինք աշխարհին հայտնի  գիտնականի  աշխատություններից:

Դրանք քիչ չեն և ոչ էլ (կարող է թվալ) առարկելի, այլ միանգամյան հիմնավոր են, գիտության համար  եղել են և շարունակում են լինել ստույգ նպաստավոր, այսպես ասած՝ Աղայանական:

Անդրադառնանք  դրանցից  մի  քանիսին՝  սեղմ  և  պարզ  դիտարկմամբ:

Աղայանը, իբրև բարբառագետ, հայերենում առանձնացնում է նոր բարբառների երկու ճյուղ՝ «դերբայական կազմությամբ ներկայով և գրաբարակերպ-մասնիկավոր կազմությամբ  ներկայով»,  որը,  մեր կարծիքով,  ավելի  ճիշտ է և ավելի իրական,  քան,  այսպես  կոչված,  ում  և կը  տիպի առանձնացումը, որը գալիս է ավելի հին ժամանակից, քան Աճառյանի ընտրությունը, նաև բավականին հեռանկարային է նախագրային հայերենի պատմության տեսանկյունից: Իսկ բարբառների տարածաշրջանային և ժամանակային առանձնացումների հարցում Աղայանը (նաև այլ ուսումնասիրողներ) լիովին հետևում են Մեյեի և Աճառյանի տեսությանը,  որը,  մեր  կարծիքով,  ենթադրում է լրացումներ և  ճշգրտումներ:

Մեծ է Աղայանի ներդրումը հայ լեզվաբանության մեջ, հայերենի նյութի վերաբերյալ ընդհանուր լեզվաբանական, մասնավորաբար կառուցվածքային ուսումնասիրության ոլորտում:  Նա գրել է գրաբարի համաժամանակյա «քերականություն»՝ հնչյունական համակարգի առնչությամբ, մշակել տեսական հիմնարար դրույթներ և տվել մոտեցումներ, ներդրել հնչույթի լիածավալ սահմանումը՝  նվազագույն հակադրության սկզբունքով: Լեզվի հասարակական  դերի  լայն ըմբռնումով, Ֆ. դը Սոսյուրի ժամանակներից առանձնացվող  լեզու – խոսք հակադրության մեջ Աղայանն ունի  համակարգի և կառուցվածքի լիածավալ տեսություն, իսկ հնչյուն-հնչույթ հակադրության մեջ հնչուրդի գաղափարի ներմուծումը Աղայանի  տեսությունն  է  ընդհանուր  տեսական  լեզվաբանության  բնագավառում:

Անվանի լեզվաբանը մեծ նպաստ է բերել հայերենի բառապաշարի գիտական ուսումնասիրությանը, ըստ այդմ՝  ծավալուն բացատրական բառարան ստեղծելու գործում: Որքան էլ  «նուրբ» և մատչելի թվացող ոլորտ է ամեն մի լեզվի բառային կազմը, այդուհանդերձ նրա բառագիտական քննությունը այնքան էլ դյուրին չէ:  Եվ Աղայանի ընդհանուր և հայկական բառագիտություն թեմայով աշխատությունը, իրավամբ, մեզանում եղել է աննախադեպ, ավելին՝  մեծապես հիմք է հանդիսաացել հետագա նման աշխատությունների և դասագրքերի ստեղծման:  Այս ոլորտում են լեզվի տարբերակային ձևերի, տերմինների և տերմինային անվանումների մասին անվանի հայագետի տեսական աշխատությունները: Արդի հայերենի բառագիտության տեսությունը Էդ. Աղայանի հայերենագիտական մտքի արդյունքն է, մանավանդ որ նախկինում այդ ոլորտին վերաբերող հատուկ քննություններ չեն եղել:

Նման դիտարկումները կարելի է շարունակել, որի հնարավորությունը չունենք՝ հրապարակային հոդվածի սահմաններում:  Վերջում ասենք, որ ինչպես այլ դեպքերում,  այս դեպքում ևս հետնորդներիս համար լիովին ուսանելի է մեծերի ոչ միայն գործը, այլև  վաստակաբեր  գործունեությունը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։