Ազատ  ԵՂԻԱԶԱՐՅԱՆ / ՎԵՃ  ԵՐԵՔ  ԹՈՒՄԱՆՅԱՆԱԳԵՏՆԵՐԻ  ՀԵՏ

ՀԳՄ վար­չութ­յու­նը շնոր­հա­վո­րում է գրականագետ Ազատ Եղիազարյանին ծննդյան 80-ամ­յա­կի առ­թիվ
«Գ­րա­կան թեր­թը» միա­նում է շնոր­հա­վո­րան­քին

 

(«Թմկաբերդի առումը» պոեմի գնահատման շուրջ)

Անցած ավելի քան հարյուր տարվա  ընթացքում թումանյանագիտական հսկայական ժառանգություն է ստեղծվել, և օգտակար է ժամանակ առ ժամանակ անդրադառնալ  այդ գրականությանը՝  Թումանյանի ժառանգության կարևորագույն խնդիրները քննարկելիս:

Ներկա հոդվածում խոսք է գնալու Պողոս Մակինցյանի, Վարդգես Ահարոնյանի և Լևոն Հախվերդյանի գնահատականների  մասին՝ տրված «Թմկաբերդի առումը» պոեմին, ավելի ճիշտ՝ այդ պոեմի առանձին դրվագներին ու հերոսներին: Այս պոեմն, իսկապես, չնայած իր պարզությանն ու մատչելիությանը, հրապարակումից ի վեր միշտ վեճեր է առաջացրել: Պարզությունն ու մատչելիությունը վարագուրում են էական գծերն ու խորությունը:

Սկսեմ  Վարդգես  Ահարոնյանից, որն  իր  կարծիքն  արտահայտել է հստակ ու կտրուկ: Մինչև շարունակելը, ասեմ, որ Ահարոնյանը, ի պատիվ իրեն, ընդհանուր առմամբ, շատ բարձր է գնահատում պոեմը, դնելով այն Թումանյանի երեք լավագույն պոեմների շարքում՝ «Անուշ», «Սասունցի Դավիթը» և «Թմկաբերդի առումը», ինչի հետ չի կարելի չհամաձայնել:

Նրան չի բավարարել Թմկա տիրուհու  գործողությունների հոգեբանական պատճառա-բանվածությունը: Այդպես էլ գրում է. «Թմկայ տիրուհու դավաճանութիւնը հոգեբանօրեն հիմնաւորուած չէ այս պոեմի մեջ» (Վարդգէս Ահարոնեան, Յովհաննես Թումանեան. Մարդը և բանաստեղծը, Երևան, 2019, էջ 243): Ո՞րն  էր  նրա  ելակետը:  «Երբ մէկ կողմն է գեղեցիկ, ազնիւ, հերոս և սիրող ամուսինը, իսկ միւս կողմը անծանօթ շահը, թէկուզ հզօր և թագակիր, կնոջ ընտրութիւնը պիտի լինէր յօգուտ Թաթուլի եւ ոչ թէ Շահի: Եւ կեանքի մեջ սակաւ չէն այն դեպքերը, երբ իրական, անկեղծ սիրոյ համար տղամարդը թէ կինը՝ եւ ավելի հաճախ կինը, առանց տատանուելու հրաժարւում է փառքից, իշխանութիւնից, հարստութիւնից՝ մի խօսքով երկրային վայելքներից» (նույնը):  Այն, ինչ ասում է Ահարոնյանը սիրո հոգեբանության մասին, կարելի էր ապացուցել բազմաթիվ օրինակներով, այդ թվում և Թումանյանի ստեղծագործություններից: Սիրող կինը չպետք է խաբվեր շահի (որին չէր էլ ճանաչում) խոստումներին և դավաճաներ Թաթուլին:  Բայց խնդիրն այն է, որ Թումանյանի և նրա աշուղի խոհերը սիրո մասին չեն: Հիշենք  հայտնի տողերը՝

Եվ վրդովում են իր միտքը թաքուն//Դավաճան գործի ամոթը խորին//Եվ արքայական փառքն ու մեծություն…

Իսկական սիրո մեջ արքայական փառքի ու մեծության ծարավը չպետք է ստվերեր իսկական սերը: Բայց Թումանյանի հայացքը այս ամբողջ պատմության մեջ շատ ավելի լայն է, քան սիրային անհավատարմությունը: Ընդգծված տողերում խոսվում է ոչ թե սիրային դավաճանության, այլ, առհասարակ, դավաճան գործի մասին: Արքայական փառքն ու մեծությունը հակադրվում են ոչ թե սիրո հավատարմությանը, այլ դավաճան գործին ընդհանրապես: Այս տարբերակումը կարող էր թվալ արհեստական, եթե չլիներ Թումանյանի ընդհանուր մոտեցումը՝ մարդու էության քննությունը, որին էլ նվիրված է պոեմը: Սերը այս դեպքում օժանդակ դեր է կատարում: Պատումի մեջ, ի միջի այլոց, սերը մեկ անգամ է հիշվում, այն էլ Թաթուլի վերաբերմամբ, շահի դառը մտքերում.

Աշխարհքում հաստատ չըկա ոչ մի բան,//Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին,//  Ոչ բախտի, փառքի,   ոչ մեծ հաղթության,//Ոչ սիրած կնկա տըված բաժակին․․․

Տիրուհու պատասխանը մահապատժից առաջ շատ բաների մասին է վկայում, բայց դարձյալ սերը չէ այստեղ գլխավորը, այլ մարդու մարդկային էությունը: Արդեն անդառնալի կատարվածի լույսի տակ իշխանուհին հանկարծ պարզ տեսնում է, թե ինչքան բարձր էր Թաթուլը իբրև մարդ, և ինչքան անսահմանորեն ցածր էր նրանից շահը:

Վերջին տեսարանում շահին իշխանուհու տված  պատասխանի առթիվ Պողոս Մակինցյանը գրում է. «Դիցուք թե Ջավախքի տիրուհին «ագահ սիրտ» ուներ՝ դրա համար դավաճանեց, բայց իր նպատակին հասնելուց հետո, այդ ի՞նչ եղավ նրան, որ մահաբեր պատասխան է տալիս շահին» (Պողոս Մակինցյան, Դիմագծեր, Երևան, 1980, էջ 50): Դժվար չէ տեսնել, որ  Վարդգես Ահարոնյանի  գրածը  Թմկա տիրուհու դավաճանության հոգեբանորեն չհիմնավորված լինելու մասին իր տեսակի արձագանք է   Մակինցյանի բերված  խոսքերին:  Պողոս Մակինցյանն էլ  Թումանյանի պոեմը քննում է հոգեբանական վերլուծության դիրքերից, հաշվի չի առնում Թումանյանի վերաբերմունքը իրադարձությունների և հերոսների հանդեպ՝ ոչ թե հոգեբանական նրբություններ, այլ մարդու պահվածքը ճակատագրական իրավիճակում, երբ ի հայտ են գալիս մարդու էության գլխավոր հատկանիշները: Թեև, եթե խորանանք, կարող  ենք  ասել,  որ  այս դրվագում իշխանուհու վարքը ամենևին հոգեբանորեն  անհասկանալի  չէ՝ օրերով նա տարված է եղել շահուհի դառնալու ցանկությամբ և  չի  կարողացել  զգալ  իր արարքի իրական արժեքը, նրա առջև կողք կողքի չեն կանգնել Թաթուլն ու շահը, նա սիրող կնոջ հայացքով չի համեմատել երկու տղամարդկանց   (ինչպես կուզենար Վարդգես Ահարոնյանը): Բայց երբ գործը արդեն կատարված էր, Թաթուլն՝ սպանված, այս փաստը նրա աչքերը բացել է: Կրկնեմ՝ հոգեբանորեն դա երևի հասկանալի է: Բայց Թումանյանին այս նրբերանգները չեն զբաղեցրել,  այլ  այն,  որ մարդը, տվյալ դեպքում իշխանուհին, ընդունակ է այդպիսի արարքի: Մարդու գործի ու կոչումի այս բախումն է հետաքրքրել Թումանյանին: Պատմող աշուղի խոսքերը՝ «Գործն է անմահ, լա՛վ իմացեք», այս իմաստով սկզբունքային նշանակություն ունեն պոեմի համատեքստում: Թումանյանը ընդգծել է իշխանուհու հոգեբանության մեջ տեղի ունեցող բախումը դավաճան գործի գիտակցության և արքայական փառքի ու մեծության ձգտման միջև: Քիչ առաջ հիշված տողերը իշխանուհու տատանումների  մասին  այս  իմաստով  չափազանց  կարևոր  են:

Այս համառոտ քննությունը մեզ իրավունք է տալիս ասելու, որ և՛ Մակինցյանը, և՛ Ահարոնյանը, երկուսն էլ Թումանյանի ստեղծագործության երկրպագուներ, նրա պոեմի քննությանը մոտեցել են այնպիսի չափանիշներով, որոնք այս դեպքում խորթ էին Թումանյանին: Բայց իրողությունը ավելի պարզ տեսնելու համար բերենք Լևոն Հախվերդյանի խոսքերը, որը ևս Թումանյանի երկրպագուն էր և կարծես թե ընդունում է Թումանյանի գրածը, բայց դարձյալ այն չափանիշների տեսակետից, որոնք հեռու էին Թումանյանի աշխարհից:  Նա ոչ թե քննադատում է Թումանյանի գրածը, այլ, ընդհակառակը՝ հիմնավորում ու բացատրում դա: Այս անգամ խոսքը վերաբերում է շահի կերպարին: Բերելով շահի խոսքերը այն մասին, որ  «Աշխարհքում հաստատ չկա ոչ մի բան..», Հախվերդյանը գրում է. «Այդպես է դատում շահը մարդկության և աշխարհի մասին՝ Ջավախքի ամրոցի անկման մեջ տեսնելով իր մռայլ հայացքի հաստատումը: Խաղն ավարտված է, այլևս չկա դիմակ կրելու պատճառ: Եթե խիղճը չի տանջում նրան, ապա տանջում է ամեն ինչի, նաև սեփական իշխանության և գոյության անհաստատ լինելու միտքը»  (Լևոն Հախվերդյան, Թումանյանի  աշխարհը, Երևան, 1966, էջ 351):  Հաջորդ էջում էլ, բերելով իշխանուհու հայտնի պատասխանը, Հախվերդյանը գրում է, որ «Դա հակառակ էր մարդու վրա նրա ունեցած վատթար հայացքին»:  Այսպիսով,  շահի բացասականությունը ապացուցվում է:  Բայց դա ապացուցման կարիք էլ չուներ: Շահի բացասական էությունը ընթերցողի մեջ հարցեր չի հարուցում: Բայց հարց տանք՝ Թումանյանը բացասական հերոսի կերպար ստեղծելու խնդի՞ր էր դրել իր առաջ: Վերջապես, կատարվածը իրավունք չէ՞ր տալիս շահին այդքան  մռայլ դատելու մարդու և աշխարհի մասին: Չէ՞ որ իսկապես ընդամենը մի քանի ժամ առաջ այդ նույն սեղանի շուրջ խնջույքի էին նստած հաղթական Թաթուլն ու նրա զինվորները:  Եվ  ո՞վ  էր  դարպասները  բացել   շահի  առջև՝  Թաթուլի  սիրած  կինը:

Այդ  ամբողջ  դրվագը,  որը  թերևս պոեմի կարևորագույն դրվագներից մեկն է, շատ ավելի մեծ խնդիր էր շոշափում, քան նենգ ու ստոր բռնակալի էությունը ցույց տալը: Դա բազում անգամներ  արվել  էր  Թումանյանից առաջ: Դրանով Թումանյանը որևէ նորություն ասած չէր լինելու: Նորությունը խորամանկ ու նենգ բռնակալի կերպարի իր մեկնաբանությունն էր։ Նենգ, ստոր, քսու և այլն, և այլն – այսպիսի մակդիրներ անվերջ կարելի է ավելացնել շահի բնութագրին:  Բայց Թումանյանը շահի մեջ էլ տեսնում է մարդուն, որը ընդունակ է դառնանալ  իշխանուհու արարքի պատճառով: Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն – այս հարցը շահի, այսինքն՝  մարդու  սրտի խորքերից  է  գալիս:  Ինչ  էլ  որ  լիներ  շահը, նա էլ մարդ է, նրա մեջ էլ կա այն մարդկայինը, որը փնտրում էր Թումանյանը իր հերոսների մեջ: Այո՛, քիչ հետո նա դառնալու էր նույն ուխտադրուժ և արյունարբու բռնակալը, բայց դա չէր նշանակում, որ այդ պահին նրա մեջ չէր կարող խոսել մարդը, որն այդ պահին մյուս բոլոր մարդկանց պես տառապում էր ամեն ինչի անցողիկությունից և մարդու ահավոր դավաճանության  իրողությունից։

Ի վերջո, նրանք, ովքեր գիտեն Թումանյանի ստեղծագործությունը, գիտեն նաև, որ Թումանյանը շատ տարված չէր մարդկանց դասակարգային տարբերությունների խնդրով: Դասակարգային հակասությունների մասին գրում էին նրա գործընկերները՝ Պռոշյանը, Աղայանը, Շիրվանզադեն և մյուսները: Դասակարգային տարբերությունների և հակամարտության խնդիրը 19-րդ դարի վերջին և 20-րդի սկզբին ժամանակի կարևորագույն խնդիրներից մեկն էր: Բայց այստեղ էլ Թումանյանը տարբեր էր իր գրչակիցներից ու բարեկամներից: Այստեղ էլ, Տերյանի խոսքով ասած, Թումանյանը ունիկում  էր,  նման  չէր բոլորին:  Քաղաքով նա այնպես էլ չհետաքրքրվեց, թեև հենց քաղաքն  էր  դառնում  կամ  դարձել  գրականության կենտրոնը: Ավելի ու ավելի բուռն դարձող դասակարգային հակամարտությունների մթնոլորտում նա մտածում էր այն արժեքների  մասին, որոնք  մենք  անվանում  ենք  համամարդկային, նկատի առնելով ոչ միայն տարբեր ժողովուրդների, այլև տարբեր դասակարգերի, և նրան հետաքրքրում էին ոչ այնքան բուրժուան, շահը, կապիտալիստը, բանվորը, գյուղացին, հայը, պարսիկը, որքան  մարդը, այսօր շատ օգտագործվող արտահայտությամբ՝ խորքային մարդը: Տեղի ունեցածը այնքան ցնցող էր, որ անգամ շահի մեջ արթնացրել էր մարդուն. այն, որ քիչ հետո նորից մարդն  անցնելու  էր  շահի գիտակցության հեռավոր խորքերը, կատարվածի իրողությունը չէր փոխում:

Այս պոեմին հնարավոր չէ մոտենալ դրական և բացասական հերոսի սովորական չափանիշներով: Այդ չափանիշներով պոեմը կընկալվի իբրև սովորական արևելյան զրույց: Այնինչ Թումանյանն առհասարակ դրական և բացասական հերոսների կտրուկ սահմանազատում չի անցկացրել: Ո՛չ շահը, ո՛չ Թմկա տիրուհին սովորական իմաստով բացասական հերոսներ չեն: Նրանք մարդիկ են, որոնք ընդունակ են լավ և վատ գործերի: Իշխանուհու պատասխանը շահին, նրա մահվան առթիվ աշուղի կատարած համեմատությունը՝ Անցավ անտես ու աննըման //Էն սիրունը աշխարհից, // Ինչպես ծաղիկն անցած գարնան,// Որ չի ծաղկիլ էլ նորից//, ինչպես և շահի խորհրդածությունները մահա-պատժի դրվագում ուրիշ ուղղություն են տալիս մեր հայացքին, դատապարտելիի և մերժելիի  կողքին  դնելով  նրանց  մարդկային  հատկանիշները:

Նույնիսկ Համաշխարհային պատերազմի, նույնիսկ Հայոց ցեղասպանության մթնոլորտում Թումանյանը  խորհրդածում էր մարդու մասին, և հայոց ողբերգությունը նա զգում էր համամարդկային ողբերգության համատեքստում: Թումանյանի հայացքը ընդգրկում էր ամբողջ մարդկությունը և ամբողջ տիեզերքը: Մակերեսային ընթերցման դեպքում նրա մռայլագույն տողերը սովորաբար վերագրում են հայոց թշնամիներին, այնինչ դրանք վերաբերվում  են մարդուն՝ անկախ ազգային պատկանելությունից՝ Սարսափի պիտի աշխարհը համակ, //Եվ մարդն  ամաչի գիլից ու շանից, // որ մարդ է ծընվել՝  մարդու նըմանից: Այս տողերը իսկապես գրված են թուրքական ոճրագործության՝ ցեղասպանության  ազդեցության տակ (ինչպես և կոթողային «Հոգեհանգիստը» և հայտնի քառյակը՝ Բերանն արնոտ Մարդակերը էն անբան…): Բայց թուրքերն էլ մարդ էին, ինչպես էլ մենք նրանց վերաբերվենք, և նրանց արածը մտածել էր տալիս ոչ միայն թուրքերի, այլև առհասարակ մարդու վայրենի բնազդների, նրա դանդաղ կատարելագործման մասին: Այսպիսին էր Թումանյանի աշխարհընկալումը:

Երեք թումանյանագետները, որոնց կարծիքներին ես անդրադարձա, շատ բարձր են գնահատում Թումանյանի ստեղծագործությունը և իրենց մեծ ավանդն ունեն նրա ստեղծագործության ուսումնասիրության գործում: Բայց երեքն էլ ուշադրություն չեն դարձնում Թումանյանի մտածողության առանձնահատկություններին, որի մեջ գլխավորը մարդն  ու  նրա  գործն  են՝  անկախ  ազգային  և  դասակարգային  պատկանելությունից:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.