ԵՐԿՐԻ ԱՄԲԱՐՎԱԾ ՈՒԺԸ

Կարինե ԽոդիկյանԿարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Քաջիկը
Գևորգը
Ավագը
Ճուտը` Արսենը
Արմոն
Անահիտը
Ֆելոն
Պատերազմ:
«Ես չեմ արգելի իմ տասնհինգամյա տղային` գալ պատերազմի դաշտ: Եթե ես մեռնեմ, իմ գործը դու ես շարունակելու»,- ասում է` ուղիղ նայելով տեսախցիկին, լավ իմանալով, որ այս խոսքերը հաստատ որդուն կհասնեն, գուցե անգամ և` որպես վերջին ցանկություն: Անահիտն է՝ բուժքույրը, որ մի պահ չդադարեցնելով վիրավորներին վիրակապելն ու սրսկելը, թվում է. «Երկու օրում երկու բժիշկներ զոհվեցին, երկուսը` վիրավորվեցին… Գայանեն՝ բուժքույրը սպանվեց, նիհարիկ, սիրուն աղջիկ էր՝ 18 տարեկան: Լոնիան մահացավ, Ջեմման ու Թամարը վիրավորվեցին…»: Կարճ դադարից հետո` «Ինչ շարժման մեջ եմ, տասը աղջիկ եմ կորցրել», ու հասկանում ես, որ չոր թվերի հետ կարող են գոյակցել միայն չոր արցունքները:
«Զիկո ջան («Տղայիս ածական անունն է»,- քաշված ժպտում է, իսկ հետո նրա աչքերում հայտնված ցավն ու անհանգստությունը պիտի դրոշմվեն քո աչքերի մեջ), Զիկո ջան, Արմինե ջան, լավ եղեք, մամային միշտ լսող եղեք, ձեզ համար են էստեղ կռվում ձեր պապաները…», ու լռում է, որպեսզի քիչ անց՝ հազիվ լսելի, նկարահանողին հասկացնի` դե, եթե մի բան լինի, ասածս էրեխեքիս կհասցնես… ու խորը ներս է քաշում ծխախոտի դառը ծուխը: Ֆելոն է, խրամատում դիրքավորված Զինվորը, ում համար կյանքի ամենամեծ հարցն ու դժվարը այս մարտն ու պատերազմը շահելն է, իսկ հաղթանակից ու հատկապես ողջ մնալուց հետո էլ ի՞նչ հարց ու դժվարություն…
Արմոն ուսուցիչ է, թողել է աշակերտներին, դպրոցը ու հիմա այստեղ, Տոնաշենի մատույցներում մղվող մարտի թոհուբոհի մեջ գլխահակ, կոտրված կանգնած, չէ՜, կանգնա՜ծ չէ, բեկորվա՜ծ է զոհված Լեռնիկի առջև ու մղկտում է. «Մեր ախպերը… մեր ախպերը…», իսկ հետո, ընկերոջ հետ զգույշ, հոգատար, վերջին ուժերը լարելով` նրան կգրկեն ու կտանեն, ու նրանց կուղեկցի մահվանն անհաղորդ մացառուտի արձագանքը. «Մեր ախպերը…»:
Ու էդ փոքրիկ ջոկատին` մի վճռական, ինքնասածի, զինվորիների անառարկելի հեղինակությունը վայելող Ճուտոն` տասնութամյա Արսենը, որ հրահանգներ է տալիս, հիանում ազերիից խլած թաթմաններով, «Մարլբորոյի» ծուխը ներս քաշելով (էլի` թշնամուց խլած), նոր դիրքերի տեղը հարմարեցնում ու այդ բոլորը` միաժամանակ, տեղում մի պահ կանգ չառնելով և, իհարկե, լիասիրտ ժպտալով:
Վավերագրական այս կադրերը, որ արդեն պատմության գին ունեն, նկարահանել է Վարդան Հովհաննիսյանը: Սկզբում` պրոֆեսիոնալ ժուռնալիստ, ում գործուղում էին միայն «թեժ կետեր»: Իսկ 1989թ. պատերազմն արդեն նրա հայրենիքն էր վերածել «թեժ կետի»: Ու մի օր, կապերը խզելով տարբեր լրատվամիջոցների հետ, ում համար նյութ էր պատրաստում, եկավ ու մնաց Արցախում, եկավ կռվելու և նկարահանելու:
Տարիներ անց պիտի ստեղծվեր «Պատմություններ պատերազմի ու խաղաղության օրերից» վավերագրական ֆիլմը, որը պատմելու էր պատերազմի չորս տարիներից ընդամենը հինգ օրերի մասին, իսկ հետո՝ տասներկու տարի անց, խաղաղության մասին, որի մեջ ապրում են վերևում նշված անուն-հերոսները:
Պատերազմում անունները կարևոր չեն` եղբայրություն է, թիկունքդ ամուր զգալն է, հացի վերջին պատառը կիսելն է: Ու նաև` «մեր ախպերը» տղամարդու անլաց ողբը:
Խաղաղությունը կարևորում է անունները, անցյալը խունացած լուսանկարների վերածվելու հատկություն ունի, ալբոմը կբացես` կհիշես: Պիտի հիշես` անուններով: Ու պարզվում է, որ երբեմն անունն ես դժվար վերհիշում, ծանոթ դիմագծեր են, բայց… Վարդա՞ն, էդ դո՞ւ ես…
Պատերազմից տասներկու տարի անց Վարդան Հովհաննիսյանը վերցրեց տեսա­խցիկն ու գնաց խաղաղության մեջ փնտրելու այն հինգ օրերի մեջ արդեն պատմություն դարձած մարտական ընկերներին: Ու քանի որ խաղաղություն էր, պատերազմական օրերի եղբայրությունը տարանջատվել, տեղանունների ու հասցեների էր վերածվել, անձնավորվել անուններով: Այդ անունների հետքերով էլ գնաց, գտավ ու տեսավ…
Հիշո՞ւմ եք, Ֆելոն ինչպես էր խրամատում խոսում զավակների հետ, խրատում, մտքում փայփայելով այն օրը, երբ կվերադառնա, ու ընտանիքը կմիավորվի: Հիմա նա մենակ է, կնոջից բաժանվել է, տղայի հետ հարաբերությունները լարված են: Ձկնորս է, ջրերի լռության մեջ փորձում է հասկանալ` որտե՜ղ ու որտեղի՜ց էր սխալը, բայց երբ վերհիշում է պատերազմը, հայացքը փոխվում է` նույն կռվողն է մնացել: Դրա համար էլ ֆիլմի վերջին կադրերում նորից նրան ենք հանդիպում` սահմանի վրա, բարձունքում շարունակում է մարտական ծառայությունը: Մեդալ-շքանշանները` համազգեստին, իսկ հայացքում` նորից հարցական. շուտով թոշակի կուղարկեն, իսկ ինքը դեռ նույն մենակն ու միայնակն է:
Հրամանատար Ճուտոյին Վարդանը գտավ… բանտում: Կանեփի օգտագործման համար վեց ամսով ազատազրկվել է: Նա, որ տասնութ տարեկանում ճակատամարտ էր ղեկավարում, իր զինվորների կյանքի ու մահվան բեռն էր առել ուսերին, հիմա ճաղավանդակի հետևում է, մեկ-մեկ քաշում է թեզբեհի հատիկներն ու խոսում… թե՞ խոստովանում, որ մահն ամեն քայլափոխի հետապնդել է, իսկ ինքը դեռ այդքան ջահել` կարողացել է դաժանանալ այնպիսի դաժանությամբ, որ գուցե հիմա դրա պատիժն է քաշում: Ի՞նչ անենք, որ պատերազմ էր ու ի՛ր օրենքներն էր թելադրում: Երբ հիշում է, որ ժամանակին կողքին հարյուրավորներն էին, իսկ հիմա ընդամենը մեկ-երկուսն են «ձեռք բռնում»` հայացքն անմեկնելի է, տեսախցիկին ուղղված աչքերը իր ներսն են նայում, ու դու նրա փոխարեն հարցնում ես` ինչո՞ւ այդպես եղավ: «Երևի փողը տեսան` ամեն ինչ մոռացան»,- ժպտում է իր դաժան փիլիսոփայության վրա, ու գիտե, որ իրեն ուժ է պետք դրան դիմանալու համար, առավել ևս, որ կին ու երեխա ունի: Ու հաստատ այդ ուժն է, որ Արսենին վերադարձրեց խաղաղ կյանքին, մի արու զավակ ևս պարգևեց, ու դեռ չծնված՝ մանչուկն արդեն հոր մարտական զոհված ընկերոջ անունն էր կրում:
Քաջիկին սկզբում գտանք հոգեբուժարանում: Այն կռվող, ինքնավստահ հայացքից ի՞նչ էր մնացել… Բժիշկը մասնագիտական ձայնով թվարկում է, որ բուժման հետագա ընթացքը կախված է նյութականից, սոցիալական պայմաններից: Իսկ Քաջիկը բուժանձնակազմին ցույց է տալիս վաղեմի լուսանկարները, նրանցից մեկում ինքն է երկու համագյուղացիների հետ: Ողջ է մնացել միայն Քաջիկը:
Գևորգը, որ պատերազմում զենք ու զինամթերք էր բաժանում, հիմա էլ գյուղի փոստատարն է: Հեծանիվով բաժանում է օրվա փոստն ու ավելի ջահելացել է:
Ավագը կոնտուզիա է ստացել, հաշմանդամ է, չի աշխատում, անգործ է: Մի կարճ նախադասություն, իսկ շարունակությունը… Երբեմն որքա՜ն անողոք են լինում անպատասխան հարցերը:
Իսկ ուսուցիչ Արմոն զոհվել էր 1994 թ., Վարդանին դիմավորեց կինը: Ախր, Արմոն գիտեր լինելիքը, խոնավ ձայնով պատմում է Վեներան, բայց ելք չկար: Գնացողը գնում էր իր երեխաների, ընտանիքի համար: Եթե ոչ ես, բա էլ ո՞վ… հարցրել էր մաթեմատիկայի ուսուցիչը և պատասխանը կնոջն ու աղջկան թողած` գնացել կռվելու: Ուսուցիչը զինվոր, առավել ևս` մահվան սպասավոր չի կարող լինել, ու կարծում եք, պատահակա՞ն է, երբ սպիտակահեր, ծերացած Արմոն ծուռ ժպտում է` խոստովանելով, որ քառասունն անց է ընդամենը: Վեներան ճանապարհի վրա էր: Աղջիկն ամուսնացել է Ռուսաստանում, շուտով թոռնիկ էր ծնվելու` Արմոյի ու Վեներայի առաջին թոռը:
Համոզված էի, որ բուժքույր Անահիտին հանդիպելու եմ ուր ասես, բացի… բանակից: Իսկ նա, պարզվեց, շարունակում է ծառայել: Նորակոչիկներին է սովորեցնում, փորձն է փոխանակում: «Քաղաքացիական կյանքում գուցե ավելի լավ վաստակեի, բայց մտածեցի` հեղինակության ու պատվի հարց է»: Սպիտակած, բայց կանացի հմայքը պահպանած Անահիտի շուրթերից այնպե՛ս բնական են հնչում այս բառերը: Իսկ քիչ անց, որդու, հարսի ու թոռան հետ այն օրերի կադրերն էր նայում, իրեն` վիրակապելիս, ու չէր կարողանում պատասխանել թոռան հարցին. «Անահիտ տատի, ինչո՞ւ ես լալիս…»: Ինքն էլ վախ ունի` թոշակի են ուղարկելու, բայց ինչո՞ւ, դեռ ուժ ունի, ուզում է ծառայել: Սրա պատասխանը չունի, բայց մի շատ կարևոր հարցի պատասխանը գտել է ընդմիշտ.
– Անահիտ, ի՞նչ է հայրենիքը:
– Հարազատ հողը:

Քանի՜-քանի՜ Արմո ու Լեռնիկ, Քաջիկ ու Անահիտ, Ավագ ու Ֆելո պատերազմի օրերին հավատացած էին, որ կավարտվի կռիվն, ու ամեն ինչ կփոխվի, կսկսենք ապրել, բայց… նրանցից շատերը դեռ տառապում են, չեն գտնում իրենց տեղը, ոմանց խոստովանու­թյամբ՝ կյանքից մի քանի տարով հետ են մնացել: Մինչ իրենք կռվում էին, այստեղ ոմանք այնքան հարստացան, որ հիշողությունից զրկվեցին, ու կարող են հաշմանդամ ազատամարտիկների հաշմանդամության աստիճանն ու գինը որոշելիս ո՛չ սրտի տեղն զգալ, ո՛չ խղճի խայթ ապրել: Վերադարձողներից շատերի համար ներկան նույնքան ծանր է ու դժվար, ինչքան պատերազմի ժամանակ: Սա՞ չէ արդյոք մեր օրերի խեղվածության պատճառներից մեկը, գուցե և՝ ամենակարևորը: Թեև… բավական է, որ նրանք հանդիպեն իրար, գետի ափին բացված սեղանի շուրջ բոլորեն, դու կհասկանաս, որ հենց նրա՜նք կրկին կգնան պատերազմ` թողնելով և՛ տուն, և՛ ընտանիք: Թեև… այս նախադասությունը գրելիս հպարտության հետ մեկտեղ մեղավորության զգացումն ապրեցի հավասարապես:

Այս ֆիլմը դիտեցի հունվար ամսին: «Հայակ» մրցանակաբաշխության ժյուրիի անդամի իրավունքով ու պարտականությամբ հարյուրից ավելի ֆիլմ եմ դիտել, այդ թվում և այս մեկը, ու թեև ամիսներ են անցել, առաջին տպավորությունս չի խամրել, ֆիլմի հերոսներն էլ հանգիստ չեն թողնում: Ինչո՞ւ նրանք գնացին` առանց վախի ու կասկածի, ինչո՞ւ այդ կռվողների մտքով չանցավ ոմանց նման հարստություն դիզելը: Կռվեցին, վերադարձան լուռ ու անխոս, ոմանց նման «թափված արյան» համար հազար ու մի պահանջ չդրեցին, ընդամենը` մարդավայել ապրելու ցանկություն, ինչը երբեմն շատ հեռու է անգամ այդ համեստ ցանկությունից: Գյուղում ծիծաղում են` ինչի՞ ես գնացել որ… Գնացել եմ, որ դու էստեղ փող սարքես: – Իմ կարծիքով, սա միակ արժանի պատասխանն է այդ հարցը տվողներին: Իրենք էլ են խոստովանում, որ կյանքից հետ են մնացել, առնվազն` 5-6 տարի, շատ անգամ չեն հասկանում շուրջը կատարվողը, իրենց շրջապատող իրականությունը: Ինքնամեկուսացո՞ւմ, թե՞ օտարում: Առաջին դեպքում` ինքնակամ դո՜ւ` քեզ, երկրորդում` ուրիշը` քեզ, առանց քո կամքը հարցնելու… Էլի՞ կրկնեմ, որ պատասխան չունեցող հարցերից առավել անողոք կարող է լինել միայն այդ հարցերն ընդհանրապես մոռացության մատնելը:
Իսկ Քաջիկը, Գևորգը, Ավագը, Արսենը շարունակում են հավաքվել, առանձնանալ ու խոսել, վերհիշել, բայց ավելի շատ` լռել: Լռում են, և այդ լռության մեջ նրանց հարազատեցնող ուժն է, մեր երկրի ուժն է` ամբարված կորցրած մարտական ընկերների ցավի և սեփական կռվի ու կայացա՞ծ կյանքի հիշողու­թյան մեջ:

Հ.Գ. Ազգային կինոյի «Հայակ» առաջին մրցանակաբաշխության «Լավագույն վավերագրական ֆիլմ» ճանաչվեց «Պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից» ֆիլմը:

Տպագրվել է՝ Թիվ 11 (3112), ուրբաթ, 6 ապրիլի 2012 թ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։