Seqnd hand / Սուսաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Պատմելով՝ դեռ ներս չմտած բղավել էր. «Եկել եմ հայրենիք մեռնիմ»: Մորաքրոջս ուղեղն այդ պահին պայծառացել էր ու ցույց էր տվել իմ տեղը:
– Իսկ չհարցրի՞ր՝ հայրենիքը դրա կարիքն ունի՞… ավելի լավ ա՝ էդ գերեզմանի տեղը երկու մարգ լոբի ցանենք:- Կոտրատվելով ծաղրում եմ, բայց հոգուս խորքում համամիտ եմ. մահն էլ մեր ապրելիքն է, ու դա ևս պետք է արժանապատիվ անել, դրա մասին հոգալն էլ կյանքի հանդեպ հոգածություն է: Այո՛, միայն հայրենիքը. այդ տխրությունը միայն հայրենիքի գլխին պիտի թափել, ուրիշ ոչ մի հող արժանի չէ նման անկեղծացման: Ես նրան նմանեցնում էի փղի. ուզում էր աշխարհի աչքից հեռու մեռնել:
– Դե լավ, դու էլ…- չի համաձայնում մորաքույրս,- եքա բոյով- ջանով մարդուն՝ երկու մարգ… չորսից ոչ պակաս:
– Կարևորը մկների ճստճստոցը կտրվեց,- ասում է հարևան Մարգուշը:
– Էնքան փշրված ապակի լցրեց որ… մո՞ւկ կմնա:
– Կատու էլ գցեիք՝ նույն բանն էր,- մորաքրոջս ամուսինը գրկում է փորը, ասես ապակի կերած ու արնահոսող աղիներով մուկն ինքն է:- Գալուց առաջ ո՞ւմ ձեռքն էր սեղմել՝ Սողոմոն իմաստունի՞:
– Դու էլ ես ցնդել, ա՛յ մարդ,- ցավում է մորաքույրս,- …Քենեդո՛ւ… Քենեդո՛ւ:
Թեև նրանց հետ ծիծաղում, բայց ես հավատում էի, որ սեղմած կլինի, կապ չունի, որ այդ ժամանակ Քենեդին արդեն սպանված էր մոտ հիսուն տարի: Նրա նման մարդու համար դա արգելք չէր: Շատ ճարպիկ էր, այդպիսիներին մենք ասում ենք՝ բիճ: Եվ նրա համար երբեք էլ կապ չի ունենա, թե քանի տարի է անցել Քենեդու մահից. ուզածդ պահին կարող է դարձյալ ու դարձյալ սեղմել նրա ձեռքը:
– Անունն ի՞նչ էր՝ Փողո՞ս:
– Բողոս:
– Ո՛ւյ, շշմածներ. Պողո՛ս:
– Էդպես էլ չհասկացանք՝ Փողոս, Բողոս, թե՞ Պողոս…
– Իր համար մեկ ա. «Ոնց հարմար է՝ արտասանեցեք»,- ասում էր:
– Վայ ես քու էշ…- զայրանում է մորաքրոջս ամուսինը,- թուրքերը պապիս մորթել են, որ հրաժարվել է փոխել իր անունը. ո՞նց թե՝ ոնց հարմար է…
– Քույրս էլ իր առաջին ամուսնուց բաժանվեց հենց է՛դ պատճառով, որ չէր համաձայնում նրա ազգանունը վերցնել, ասում էր. «Բա իմ ազգանունը ի՞նչ անեմ, եթի՞մ թողնեմ…»: – Կրակին յուղ է լցնում հարևանուհին:
– Պողոսի դեպքում խոսք չի եղել հրաժարվելու մասին, ուղղակի ծյունինգ են արել,- էլի եմ ծաղրում:
– Ըհը, պաշտպանեց,- վրա է տալիս մորաքրոջս ամուսինը,- երևի դու էլ էդպես կվարվես՝ հլա չպսակված, կհրաժարվես տոհմիցդ:
– Իմ դեպքն ավելի դաժան ա. մինչև հիմա ոչ ոք աչք չի դրել իմ անուն-ազգանվանը, իր համար անտերուդո՜ւս…
– Աղջկան մի՛ նեղեք,- ինձ պաշտպանում է մորաքույրս,- առողջ տղամարդ ա՝ խմող չի, գոմիկ չի, նարկաման չի… գուցեև՝ մի էրեխա հետ գցես…
– Կարելի ա,- Մարգուշն էլ է խրատում,- ապրելու տարիքն արդեն բաց ես թողել, գոնե կյանքից մի բան փախցնես…
– Չնայած… դրանից էրեխա դժվար թե լինի՝ էշի մոր թայն ա,- վերջակետ է դնում մորաքույրս:
Եկավ Ամերիկայից, հիսունն անց… «Եկա հայրենիք մեռնիմ…»: Բայց տեղ հասնելուն պես Պողոսը վարձակալեց նկուղս, վերանորոգեց ու մահվանը ընդառաջ գնալիս խանութ բացեց: Seqnd hand՝ խանութի անվանումը հետը բերել էր Ամերիկայից, անգլերեն տառերով: Այդպես էլ օգտագործվեց, որովհետև մենք երբեք չենք ունեցել մեռելի շոր վաճառելու մշակույթ, և հետևաբար՝ համապատասխան բառը փոխ առանք անգլերեն տառերով, ինչպես տորթ թխելիս հարևանից մի երկու ձու ես փոխ առնում՝ ալրոտ ձեռքերով խանութ չվազելու համար:
Էնտեղից ուղարկում էին, սա էստեղ վաճառում էր: Սրահի աջ կողմում պիտակներով շորերի շարքն էր, ձախում՝ անպիտակ կամ անպիտան, որովհետև անգամ նրա նման ճարպիկ մարդը, ով սեղմել էր Քենեդու ձեռքը սեփական ծնունդից էլ առաջ, չէր կարող համոզել, որ դրանք քրջեր չեն:
– Յա՛խկ,- քիթս քշտած ասում էի անպիտակ շարքին նայելով,- Աստված գիտի՝ ում հագից են հասել էստեղ… ամեն մեկը իր գույներով, հոտերով, ազգային ու կոսմոպոլիտ վարակներով… առնող լինո՞ւմ ա:
– Իհարկե,- հետո հանդիպելով իմ կասկածոտ հայացքին՝ ավելացնում էր,- մերկ լինելուց լա՞վ չէ:
– Եսի՞մ…- կմկմում էի:
Անդուր մարդ էր, բայց վարձակալել էր իմ նկուղը, ահագին խողովակներ ու լարեր փոխել, մկներին վերացրել, և վերջին հաշվով իմ եկամտի միակ աղբյուրն էր, ու ես քաղաքավարի էի նրա հետ: Պայմանավորվել էինք, որ վարձը կտա երկու կեսով՝ տասնհինգ օրը մեկ, և այդ հաճախականությամբ էլ հանդիպում էինք: Դառնարյուն, անաստղ բան էր, բայց անշառ էր: Մի անգամ նույնիսկ պաշտպանեցի, իհարկե զուտ շահադիտական նպատակով, որ հանկարծ խանութը չփակեն: Մտա, երբ մի լրագրող եկել ու բորբոքված հարցնում էր. «Ինչո՞ւ է Ձեր խանութի անունը անգլերեն գրված, մեր պետական լեզուն հայերենն է»: Խեղճը շշկռվել մնացել էր:
– Գիտեք,- մեջ ընկա ես,- կարծում եմ՝ դա շատ նուրբ հոգեբանական տրյուկ է,- ասացի,- երբ որևէ լեզվով քեզ վիրավորում, տհաճություն են պատճառում կամ ընդգծում են քո գրաված ստորին դիրքը, այդ լեզվի հանդեպ բացասական բան է առաջանում մեջդ, սկսում ես ատել այն: Իսկ այս դեպքում ամեն ինչ ճիշտ է մտածված. հարգանքը մեր լեզվի և ինքնության հանդեպ պահպանվում է, որովհետև…
– Պիտակներն էլ են անգլերեն,- մի քանի պիտակ շուռումուռ տվեց աղջիկը:
– Հետո ի՞նչ, էսօր ողջ աշխարհի պիտակներն են անգլերեն, ինչի՞ պիտի մենք բացառություն լինենք, ի՜նչ հիմար սովորություն է՝ ամեն տեղ սպիտակ ագռավ լինել,- ու լրագրողի թևից մի կողմ քաշելով՝ ասացի,- …սրանք մեռելի շորեր են… հասկանո՞ւմ եք… լուրերով հենց նոր հայտնեցին՝ Ամերիկայում գնացք է շրջվել: Բա ափսոս չե՞ն մեր տառերը…
– Ի՞նչ ես խոսում, ջանըմ,- զայրացավ Պողոսը,- գնացքը այսօր է շուռ եկել… ի՞նչ ես ուզում ուրիշի մեռելներից, փողդ առ, գնա՛:
Սուսուփուս դուրս եկա: Աստիճանների վրա լսեցի, որ աղջկան համոզում էր.
– Քեզ պիտակը վրան ջեմպր կտամ՝ ճաթած նուռին գույնի:
Գնացի մտածելով՝ հայերենի որևէ տարբերակում «ճաքած» բառը ունի՞ նման հնչյունափոխություն, թե՞ ինքն է գեղարվեստական ձևավորում տալիս:
Ամենաանսպասելին հաջորդ այցն էր:
– Իսկը քեզի համար է,- ինձ հագցրել ու պիջակով հիանում էր Պողոսը:
– Ես մեռելի շոր հագնող չեմ:
– Ի՞նչ մեռելի շոր,- վիրավորված ըմբոստացավ,- պիտակը դեռ վրան է:
– Զարմացրիր,- չմահավան չպպացրի՝ հայելու մեջ նայելով,- մարդիկ Քրիստոս են կեղծում, մի պիտակ ինչ ա, որ չփակցնեն մեռելի շորին: Էսքան թազա ու էսքան էժան մենակ մեռելի շորը կարա լինի:
– Անկախ ամեն ինչից,- մտերմաբար ասաց նա,- սրանք քիմիական մշակում են անցնում: Իսկ գիտե՞ս՝ ի՞նչ ասել է քսանմեկերորդ դարի քիմիա. դա այնպիսի մի մշակում է, որ անգամ հային է մոռացնել տալիս իր հայ լինելը:
– Տո դե լավ…- չպպացրի, ու համոզվածությունս ավելի ամրապնդվեց՝ մեռելի են. շորերին ներծծված նրանց հույզերն ու ապրումներն են էդպես բծախնդիր՝ քսանմեկերորդ դարի քիմիայով ախտահանում, որ հաջորդ հագնողներին չխանգարեն:
Երբ դուրս էի գալիս, արդեն աստիճանների վրա էի, համարյա վազելով եկավ, բռնեց ձեռքս.
– Վաղը նոր ապրանք եմ ստանալու,- ասաց,- լավ բաներ են լինելու մեջը, քեզ պիտակով շոր կնվիրեմ… արի երկոյան մի տեղ գնանք, սուրճ խմենք:
Չէի սպասում, որ նրա ձեռքը տաք կլինի, ինձ նման մրսկան մարդու համար դա երազանք էր: Զգաց, որ հպումը ինձ դուր եկավ՝ գոհունակ ժպտում էր: Այդ ժպիտը այն ոսկեզօծ պիտակն էր, որ կապոցով դրված էր նրա դարակում, ու նա հատ- հատ փակցնում էր քիմիական ստերիլ մշակում անցած շորերին: Հանգած լավայի պես իրար վրա նստած կնճիռներ էլ կային դեմքին: Հետաքրքիր է՝ քանի՞ քիմիական մշակում էր անցել Ամերկայում ծնված- մեծացած նրա ժպիտը, քանի սեր, կին ու երեխա, քանի հույս ու հուսահատություն է հանգել ու քարացել այդ կնճիռների տակ:
– Ծը՛,- նետեցի ես՝ նույնպես ոսկեզօծ ժպտալով, ու կրկնեցի,- չէ՛… չեմ սիրում Seqnd hand:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։