Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական նոր համալիրի ծննդյան օրը՝ 2011թ., սեպտեմբերի 20, ժամը՝ 1400:
Մատենադարանը համազգային խորհրդանիշ չէ, գերարժեք չէ բառի սովորական իմաստով, այն վեր է բոլոր արժեքային համակարգերից: Համամարդկային քաղաքակրթության և մշակույթի նման շտեմարանները` իբրև հոգևոր փոխներթափանցումների, հազարամյա խաչասերումների վկայություններ և վկայարաններ, աղեղ են կապում ժամանակների, անցյալի ու գալիքի միջև, և այդ ճկված աղեղն է` իբրև հոգևոր լարում ու համամարդկային կենսափորձի խտացում, իր նետերն արձակում հավերժության մեջ: Այդպես է սերմանվում գալիքը, և մշակույթը պարարտ հող է նրա համար: Այդպես են գոյանում վերժամանակյա արժեքները: Եվ Մատենադարանը այդ արժեքների շտեմարանն է:
Այն գործ ունի ոչ թե իրերի աշխարհի, այլ գրերի, խոսքի, արարող բառի, աստվածային Բանի: Մեր Մատյանները պահպանում են այն կենդանի բարբառը, որ նախախնամում է սերունդների երթը, նրանց հոլովույթը դարերի մեջ…
Այսպես է գոյանում մայր բնագիրը, և լինելությունը հայտնվում է Սուրբ Հոգու նախախնամության տիրույթում:
Հրաչյա ԹԱՄՐԱԶՅԱՆ
Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի տնօրեն
Գիտական համալիրն ապահովում է գիտական բոլոր գործառույթները՝ միջազգային գիտաժողովներ, մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, կրթական բազում ծրագրեր, հրատարակչական աշխատանքներ: Այդ նպատակով գործում են համաժամանկյա քառալեզու թարգմանությամբ ապահովված նիստերի դահլիճը, մեծ և ներքին սպասարկման ընթերցասրահները:
Նոր համալիրն ապահովված է ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման լավագույն սարքավորումներով ու պայմաններով և համապատասխանում է միջազգային նման առաջնակարգ հաստատությունների բոլոր չափանիշներին, ինչը հնարավորություն է ընձեռում բազմապատկելու և ընդլայնելու հավաքչական աշխատանքները: Միայն ձեռագրական ֆոնդը վերջին երեք տարիների ընթացքում հարստացել է 1500 միավորով՝ հասնելով 18000-ի: Տասնյակ հազար միավորով համալրվել են նաև արխիվային ֆոնդերը և հնատիպ գրքերի հավաքածուն:
Լուսանկարները` Բախշի ԽԱՉԱՏՐՅԱՆԻ