ԴԻՏԱՆԿՅՈՒՆ

Սուրեն Խաչատրյանին Սյունիքի մարզպետ վերանշանակելու լուրը հանրությանը բաժանեց երկու մասի:
Զարմացած, որովհետև նման բան անհնար է, անգամ մեր երկրում:
Չզարմացած, որովհետև հենց նման բանն է հնարավոր մեր երկրում:
Հերթական աբսուրդն այն է, որ երկու կողմն էլ իրավացի է: Իսկ ինչպիսի՞ն է իշխանության արձագանքը: Այդ նույն իշխանության, որը հնարավոր դարձրեց նման վերանշանակումը:
«Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի բրիֆինգը կառավարության նիստից հետո այսօր տապալվեց, քանի որ լրագրողներին միայն մեկ հարց էր հետաքրքրում. ինչպե՞ս է նա գնահատում Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը՝ այն դեպքում, երբ նրա անունը կապվում է նաև սպանության գործով հանցագործության հետ, իսկ որդին և թիկնապահը նախկինում անցել են նույն գործով որպես մեղադրյալներ: Նախարարը փորձեց շրջանցել հարցը և պատասխանեց, թե ինքը խոսելու է միայն իր լիազորության շրջանակում օրակարգային հարցերի մասին ու շարունակեց դրանք ներկայացնել: Սակայն լրագրողները նրան ընդհատելով` նույն հարցն էին տալիս: Ի վերջո, նախարարը ստիպված եղավ հեռանալ» (Երկիր մեդիա):
«Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը չցանկացավ անդրադառնալ Սուրեն Խաչատրյանի նշանակմանը: Լրագրողները նրան հարց ուղղեցին, որպես քաղաքացի, սակայն վերջինս խնդրեց, որ հարցերը լինեն միայն իր ոլորտի վերաբերյալ: Հարցին, թե մի՞թե նրա մոտ հարցեր չծագեցին, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամներին հարցրեց, թե արդյո՞ք դեմ արտահայտվողներ կան, որպեսզի մարզպետ նշանակվի Սուրեն Խաչատրյանը` փոխնախարարն ասաց. «Իմ մոտ հարցեր չծագեցին»: Լրագրողները հրաժարվեցին այլ հարցեր ուղղել բանախոսին, և վերջինս հեռացավ մամուլի սրահից» (Slaq.am):

«Ես չեմ ասի, թե դա հասարակական կարծիք է, որովհետև ես հանրաքվե չեմ անցկացրել»,- այսօր խորհրդարանում այսպես պատասխանեց լրագրողներին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե որքանո՞վ էր արդարացված Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը՝ հաշվի առնելով հասարակության բացասական կարծիքը: Նրա խոսքով՝ այս հարցում կան և՛ դրական, և՛ բացասական, և՛ պասիվ կարծիքներ: Դիտարկմանը, որ Սուրիկ Խաչատրյանի անունը Ավետիք Բուդաղյանի սպանության հետ է կապվում, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դատաիրավական համակարգը գտնում է, որ Սուրեն Խաչատրյանն անմեղ է» (Lragir.am):

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի պատրաստվում քննարկել կամ մեկնաբանել կառավարության կադրային որոշումները և մասնավորապես, թե ինչու Սյունիքի մարզպետ կրկին նշանակվեց Սուրիկ Խաչատրյանը: Նրա համոզմամբ` ընդամենը պետք է հետևել, որպեսզի բոլոր մարզպետները նորմալ աշխատեն, իսկ թե Սուրիկ Խաչատրյանի հարցը քննարկվել է, թե ոչ ՀՀԿ խորհրդի նիստում, ինքը տեղյակ չէ` երկրից բացակայել է: Այն դիտարկմանը, թե Սուրեն Խաչատրյանի անունը կապվում է քրեական գործերի և մասնավորապես Ավետիք Բուդաղյանի սպանության հետ, պարոն Շարմազանովը պատասխանեց. «Այդ քրեական գործերի հետ կապված կան դատական ատյաններ, հարցերն ուղղեք նրանց: Ես իրավաբան կամ փաստաբան, կամ դատախազ չեմ և գտնում եմ, որ այդ հարցերի պատասխանը պետք է տա դատարանը: Իսկ դատարանը, որքան ես տեղյակ եմ, որևէ մեղադրական եզրակացություն չի տվել: Իհարկե, կարող են լինել տարբեր ընկալումներ մեր հասարակության մեջ, դրա համար ես ասացի` կառավարության կադրային ցանկացած որոշում կոռեկտ չեմ համարում որպես ԱԺ փոխնախագահ` քննարկել և գնահատականներ տալ» (A1plus.am):

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ընդունում է՝ հանրապետականի հանդեպ կա դժգոհություն, բայց իրենք քննարկում են այդ դժգոհությունը, բարձրաձայնում են, դարձնում օրակարգ, եռյակը չէ, որ պետք է իրենց ասի այդ մասին: Բայց հանրապետականն է ժողովրդին ստիպում փողոց դուրս գալ, երբ մարզպետ է նշանակում բազմաթիվ հանցագործությունների մեջ ներքաշված Սուրիկ Խաչատրյանին: Դա պարոն Բաղդասարյանին էլ է մտահոգել. «Ցանկացած նշանակում, առավելևս խմբակցության ղեկավարին իրոք մտահոգում է, երբ որ կսկսի աշխատել, մեկ տարի հետո կանդրադառնանք» (A1plus.am):

Հազա՛ր ապրեն լրագրողները՝ այսօր չեն թողնում, որ վաղվա պատմության մեջ սպիտակ էջեր մնան:
Հետաքրքիր է, տարիներ անց (ասենք, վաստակած հանգստի անցած) հարգարժան պետական այրերը ի՞նչ բացատրություն են գտնելու այս օրերին ասված խոսքերի համար:
Եվ, ամենակարևորը, հանրությունը սպասում է, թե ինչպիսին կլինի ՀՀ նախագահի արձագանքը այս վերանշանակման վերաբերյալ…

Հ.Գ.
Ինչ վերաբերում է հայաստանյան արդարադատությանը. պարզապես համացանցում հետևեք Վարդան Պետրոսյանի և Շանթ Հարությունյանի ու նրա անչափահաս որդու՝ Շահենի դատավարություններին, և մեկնաբանություններն ավելորդ են:

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։