Oգոստոսի 20-ին Արզնիի N 1 առողջարանի հանդիսությունների դահլիճում հավաքվել էին տաղանդաշատ բանաստեղծուհու պոեզիայի երկրպագուները: Բանաստեղծուհու ծննդյան 95-ամյակին նվիրված երեկոն հրաշալի առիթ էր մեկ անգամ ևս վայելելու նրա պոեզիայի հմայքը, լսելու նրա մասին հուշեր, ելույթներ, որոնք հայտնի չէին մեզ և որոնք գալիս էին լրացնելու Կապուտիկյան անհատի պատկերը, նրա մարդասիրությունը, կանացի նուրբ զգացողությունները, ինչպիսին է նա եղել կյանքում, ինչ նախասիրություններ է ունեցել:
Առիթի բերումով երեկոն վարում էր սիրելի բանաստեղծուհու զարմուհի Ռաֆլետա Հաջյանը, ով դեռ փոքրուց երկար տարիներ ապրել է նրա հետ, կյանքի վերջին վատառողջ 10 տարիներին խնամել է նրան, իսկ այսօր Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրենն է:
Հուզումնաշատ էր նրա խոսքը և չափազանց հետաքրքիր: Պատմվող դրվագները բանաստեղծուհու կյանքի անտիպ էջերից էին: Նա խոսեց նաև թանգարանի ստեղծման և գործունեության մասին, որը հիմնականում նվիրված է գրողի գրական ժառանգության ոչ միայն խնամքին, ապահովությանը, այլ այն մասսայականացնելու, սերունդներին հանձնելու մեծ գործին: Ինչպես սպասվում էր, հանդիպումը վերածվեց հուշերի երեկոյի: Ունկնդիրները, հիմնականում մանկավարժներ, ինքնաբուխ արտասանում էին Կապուտիկյանի բանաստեղծություններից, պատմում հուշեր, եղելություններ: Հետաքրքիր և բազմաբովանդակ էին երեկոյի մասնակից, փիլիսոփա Հրաչյա Միրզոյանի հուշերը: Երեկոն դարձավ Կապուտիկյան գրողի, մարդ-քաղաքացու, իր երկրի ու ժողովրդի ճակատագրով մտահոգ, բացառիկ անձնազոհ զինվորի նկատմամբ մեր ժողովրդի ունեցած ակնածանքի, սիրո և երախտագիտության տոն: Երեկոյի հուզիչ մթնոլորտը դեռ երկար կմնա մասնակիցների հիշողություններում:
Արուսյակ ԱՎԱԳՅԱՆ
Սյունիքի մարզ, Լեհվազի միջն. դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի