Սեպտեմբերի 18-ին ՀԳՄ սրահում տեղի ունեցաւ լիբանանահայ գրող Պետիկ Հերկելեանի (1954-1987) «Ընտրանի» եւ ծննդեան 70 ամեակին նուիրուած «Յուշապսակ» հատորների շնորհանդէսը, որոնք լոյս է ընծայել «Վան Արեան» հրատարակչութիւնը։
Բացման խօսքում ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտօնեանը նկատեց, որ Հայաստանում քաջածանօթ չէ երեսուն տարեկանում մահացած գրողը։ Նրան եւ 60-ականների գրողների ներկայացման առումով երախտաշատ աշխատանք է կատարել գրքի կազմող Ալեքսանդր Թոփչեանը։ Է.Միլիտօնեանը ներկայացրեց Հերկելեանի կենսագրական գծերը, ապա անդրադարձաւ ստեղծագործութիւններին, որոնց մէջ տեսանելի են ե՛ւ պատմութիւնը, ե՛ւ ներկան։ Տարիներ առաջ գրողին գնահատել է թերթօն վէպի տեսաբան Գրիգոր Յակոբեանը՝ նկատի ունենալով քաղաքական երգիծանքի, սարկազմի հետքը, որը նկատելի է էսսէներում։ Հերկելեանն ինքն էլ ունի վերլուծական էջեր, որոնցից ուշագրաւ են Վահան Տէրեանին եւ Վազգէն Շուշանեանին նուիրուած ուսումնասիրութիւնները։
Բանաստեղծ Հենրիկ Էդոյեանը նշեց, որ Պետիկ Հերկելեանի գրականութեանը ծանօթացել է դեռեւս ուսանողական տարիներից գրողի եղբօր՝ Մովսէս Հերկելեանի միջոցով։ Նա լիբանանահայ բանաստեղծին համարեց իր սերնդի ներկայացուցիչներից։ Իսկ իրենց սերունդը դժուարութեամբ է ճանապարհ հարթել գրականութեան մէջ։ Նա թուարկեց «Բագին»ի շրջանակի ներկայացուցիչներին, տուեց Էլօ Սարաճեանի, Վահան Զանոյեանի, Քնար Սէֆէրեան-Ճինպաշեանի անունները, յիշեց Սարգիս Կիրակոսեանին, այժմ Կանադայում ապրող Յարութիւն Պէրպէրեանին եւ այլոց։ Նա անդրադարձաւ նաեւ Հերկելեանի գրական-վերլուծական էջերին, շեշտեց ինտելեկտուալ պօէտ լինելու հանգամանքը։
ՀԳՄ անդամ, արձակագիր Վահան Զանոյեանը, ի տարբերութիւն ներկաների մեծ մասի, անձնական ծանօթութիւն չի ունեցել Պետիկ Հերկելեանի հետ, թէպէտ նոյն կամ զուգահեռ շրջանակի մէջ են եղել։ Սակայն դա չի խանգարել ճանաչել նրա գրականութիւնը։ Նա հանգամանօրէն անդրադարձաւ Պետիկ Հերկելեանի գրականութեանը՝ շեշտադրելով նրա ստեղծագործական յատկանիշները՝ արարելու, ստեղծաբանելու կարիքը, «գրելու պահանջքը», այնճարցու կարճ, կտրուկ, գոռոզ, ինքնավստահ էութիւնը, պարզութիւնը եւ խորքը, հողի պաշտամունքը, ասելիքը ներսից բխեցնելու ուժը։
Հրատարակիչ Վան Արեանն առանձնացրեց բանաստեղծի ինքնատիպութիւնը, առանց ջանքի գրելու կարողութիւնը։
Սագօ Արեանը ներկայացրեց այն դժուարութիւնները, որոնց հանդիպում էր Սփիւռքի գրողը՝ վկայաբերելով Շահնուրի, Շուշանեանի, Նիկողոս Սարաֆեանի, Վահէ Օշականի, Աբրահամ Ալիքեանի օրինակները։
Հրապարակախօս, Պետիկ Հերկելեանի ընկեր Րաֆֆի Դուդակլեանն էլ յիշեց իրենց շրջանակը, այն, թէ ինչպէս էին աւելի փոքր տարիքով պատանիները սպասում գրողի հետ հանդիպումներին։ Նա նշեց յատկապէս «Եուհու» գործը, որը ըստ էութեան ներկայացնում է Պէյրութի «ազգային ջոջերին»։
Մուսալեռ հայրենակցական միութեան նախագահ Պերճ Ղազարեանը միութեան յուշամեդալով ետմահու պարգեւատրեց գրողին՝ պարգեւը յանձնելով Մովսէս Հերկելեանին։
Պետիկ Հերկելեանի ստեղծագործութիւններից ներկայացրին Երեւանի Ֆրանսիական համալսարանի իրաւաբանական բաժանմունքի ուսանողուհի Մանէ Այնթապլեանն ու կանադահայ մտաւորական, գործարար Նարեկ Ղազարեանը։
Հանդիսութեան աւարտին շնորհակալական խօսք ասաց Հերակ Հերկելեանը։
Քնարիկ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ