Սեպտեմբերի 18-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ հանդիպում գրող, գիտնական, ՌԴ գրողների միության քարտուղար Ալբերտ Օհանյանի հետ:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացնելով ՌԴ ԳՄ քարտուղար, բազմաթիվ գրականագիտական, գրաքննադատական, հրապարակախոսական հոդվածների հեղինակ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալբերտ Օհանյանին, նշեց, որ նա մշակույթի ասպարեզում ունեցած իր գործունեության համար արժանացել է Վրաստանի և Ռուսաստանի տարբեր պարգևների: Եվ ՀԳՄ-ի հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև հայ գրականության զարգացման և տարածման գործում ունեցած ներդրման համար նրան հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալը:
Ա. Օհանյանը, շնորհակալություն հայտնելով սիրալիր ընդունելության համար, խոստովանեց, որ վերջին անգամ ՀԳՄ դահլիճում ելույթ է ունեցել 1985 թ.-ին, և իր հերթին ՌԳՄ-ի կողմից ՌԴ-ի և ՀՀ-ի միջև գրական կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրման համար մեդալներով պարգևատրեց բանաստեղծների և գրականագետների:
ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը շնորհավորելով Ա. Օհանյանին՝ 75-ամյակի կապակցությամբ, գնահատեց մշտապես Ռուսաստանում հայ մշակույթի և հայ գրականության շահերը պաշտպանելու նրա աշխատանքը: Այնուհետև ներկայացրեց Ա. Օհանյանի «Խորամանկ Արշակի արկածները» երգիծական պատմվածքների ժողովածուն: Ըստ նրա` հերոսի կերպարի մեջ մերկացնելով մարդուն հատուկ բոլոր հոռի ու բացասական կողմերը` հեղինակը նպատակ ունի այդ կերպարին արմատախիլ անել մեր հասարակությունից:
Գնահատանքի խոսքերով ելույթ ունեցան Աելիտա Դոլուխանյանը, Լևոն Բլբուլյանը, Վան Արյանը, Արամ Գրիգորյանը, Էդուարդ Խաչիկյանը: