ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՊՐԵՄԻԵՐԱ

Հոկտեմբերի 18-ին Արամ Խաչատրյանի անվան համերգային մեծ դահլիճի ճեմասրահում տեղի ունեցավ Սոնա Վանի նոր` «Հայրս ասում էր» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը, որում ամփոփված են բանաստեղծուհու վերջին տարիների ստեղծագործությունները: Սոնա Վանն իր խոսքում նշեց, որ իր «ձևավորման գործում մեծ ազդեցություն է ունեցել հայրը», խոստովանեց, որ բանաստեղծական խոսքում ինքը հաճախ է օգտագործում «հայրս ասում էր» արտահայտությունը, ով զգուշացնում էր ուշադիր լինել բառի նկատմամբ, քանի որ այն դառնում է հոգու, հավատի, ճակատագրի մի մասը: Եղան շնորհավորական խոսքեր, ծաղիկներ, հնչեցին բանաստեղծություններ նոր գրքից` Սիլվա Յուզբաշյանի կատարմամբ:
Շնորհանդեսին հաջորդած համերգում, մասնակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, մենակատարներ Արծվիկ Դեմուրչյանի և Նարինե Անանիկյանի, «Հովեր» կամերային երգչախմբի, կայացավ Վաչե Շարաֆյանի` Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» պոեմի մոտիվներով գրված «Ռեքվիեմ անապատի համար» երաժշտական ստեղծագործության պրեմիերան: Սերբ ճանաչված դիրիժոր Պրեմիլ Պետրովիչի ղեկավարությամբ, ինչպես երաժշտությունը, այնպես և կատարողների վարպետությունը արժանացան ներկաների ջերմ ընդունելությանը, ինչի ապացույցը երկարատև ծափահարություններն էին: Սոնա Վանի պոեմը նվիրված է Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և արդեն իսկ թարգմանվել է աշխարհի 23 լեզուներով, արժանացել միջազգային ամենահեղինակավոր մի շարք մրցանակների: Նույն օրը հայտնի դարձավ, որ «Ռեքվիեմի» թարգմանությունների ցանկին ավելացել են շվեդերեն և քրդերեն տարբերակները: Ինչպես իր եզրափակիչ խոսքում նշեց Սոնա Վանը, Շարաֆյանին հաջողվել է երաժշտությամբ արտահայտել այն ամենն, ինչն ինքը բառերի միջոցով ցանկացել է աշխարհին հաղորդել Հայոց ցեղասպանության, Հայոց դատի մասին, և հույս հայտնեց, որ «Ռեքվիեմը» կհնչի նաև միջազգային այլ բեմահարթակներից:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։