***
Հոկտեմբերի 18-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանի անվան գրական մրցանակաբաշխությունը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, տեղեկացնելով, որ մրցանակաբաշխությունն անցկացվում է երկրորդ անգամ, նշեց, որ այն հայտարարվել էր փետրվարին և պիտի ամփոփվեր մայիսին, սակայն գործերի սակավության պատճառով որոշվել էր հետաձգել: Հանձնաժողովի անդամները՝ Լիլիթ Հովսեփյանը, Կարինե Խոդիկյանը, Սուսաննա Հարությունյանը, Նորայր Ադալյանն ու Ալեքսանդր Թոփչյանը, երկարատև ամիսների ընթացքում ներկայացված գործերն ուսումնասիրելուց հետո գնահատել են ըստ արժանվույն՝ առաջարկելով խրախուսական մրցանակ:
Կարինե Խոդիկյանը նշեց, որ մրցանակաբաշխության ժամկետի երկարաձգման պատճառն այն էր, որ ժյուրիի անդամները ցանկանում էին Ռուբեն Հովսեփյանի մրցանակին արժանի գործ ունենալ:
Սուսաննա Հարությունյանը ցավով փաստեց, որ թեև պատմվածքը հայ գրականության առաջատար ճյուղերից է, սակայն այսօր չի գրվում այն պատմվածքը, ինչը կգոհացնի ոչ միայն հանձնաժողովին, այլև բծախնդիր ընթերցողին: «Երբ ուզում ես որևէ մրցույթ անցկացնել կամ ամսագիր կազմել, ցավոք, չես գտնում այն գործը, որ հաճույքով կկարդայիր, մրցանակ կտայիր կամ կտեղադրեիր ամսագրում»,- ասաց նա և հավելեց. «Այսօր ավելի շատ գրող կա, քան գրականություն. սա, թերևս, ահազանգ է, և պետք է հաշվի նստենք այդ երևույթի հետ: Այսօրվա որոշումը այդ երևույթի դեմ պայքարելու կամ նշաձողն ավելի բարձրացնելու համար է»:
Լիլիթ Հովսեփյանը տեղեկացրեց, որ «Նորքի» առաջիկա համարում կտպագրվեն ներկայացված բոլոր գործերը՝ ընթերցողի կարծիքը ևս իմանալու համար:
Արմեն Ավանեսյանի հավաստմամբ՝ մրցանակաբաշխությունները կարևոր են և ծառայում են ոչ միայն տվյալ գրողի հիշատակին, այլև որոշակիորեն աջակցում են գրականության զարգացմանը: Ներկայացնելով ընդհանուր գրական դաշտի վիճակը՝ նա դժգոհություն հայտնեց տեքստերում պատասխանատվության բացակայության, փնթիության առումով: «Այսօր գործ ունենք մի շարք հեղինակների կողմից ժանրի չգիտակցման կամ չիմացության հետ: Ամեն շարադրանք չէ, որ պատմվածք է»,- ընդգծեց Ա. Ավանեսյանը՝ հավելելով. «Ուրախ եմ, որ մրցանակաբաշխությունը դիտարկում է արժեքի, չափանիշի խնդիրը»:
Ռուբեն Հովսեփյանի անվան մրցանակաբաշխության խրախուսական մրցանակի արժանացել են Նարինե Կռոյանը և Սամվել Կոսյանը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ