Հակոբ Սիրունի. Հայ մշակույթի մեծ երախտավորը

Հակոբ ՍիրունիԱյս տարի ապրիլին լրացավ ականավոր պատմաբան և հայագետ, ակադեմիկոս Հակոբ Ճոլոլյան Սիրունու ծննդյան 125-ամյակը (1890-1973): Հոկտեմբերի 15-ին Ռումինական Ակադեմիայում անցկացվեց միջազգային գիտաժողով, որին մասնակցում էին հետազոտողներ Ռումինիայից, Հայաստանից, Ֆրանսիայից և Թուրքիայից (Ռումինական Ակադեմիան դեռևս 2012 թ. Հակոբ Սիրունուն շնորհել էր Ակադեմիայի հետմահու անդամի կոչում` նրա ողջ գործունեության և ռումինական ու հայկական մշակույթին ու պատմությանը մատուցած ծառայությունների համար):
Գիտաժողովին բացման խոսքերով հանդես եկան ակադեմիկոս Դան Բերինդեյը, Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև Եպս. Հակոբյանը, Հրվ.-Արլ. Եվրոպայի ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Շերբան Տանաշոկան և Կլուժի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Լուչիան Նաստասե-Կովաչը:
Հակոբ Սիրունու կյանքի ու գործունեության տարբեր շրջանների, հայագիտության և արևելագիտության զարգացման մեջ նրա մեծ վաստակի, հայ մշակույթի ուսումնասիրման ու տարածման գործում նրա ներդրման մասին գիտական զեկուցումներով հանդես եկան Փարիզ VIII համալսարանի պրոֆ. Ռեյմոն (Հարություն Գևորգյանը, Ստամբուլի Բիլգի համալսարանի պրոֆ. Այհան Աքթարը, ակադ. Անդրեյ Պիպիդին, դոկտ. Անդրեյ Տիմոտինը, ռումինահայ գրող-հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը, ԵՊՀ Հայ արվեստի պատմության ամբիոնի վարիչ դոկտ. Լևոն Չուքասզյանը, ՀՀ ԳԱԱ) Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Կարինե Ավետյանը և Պիտեշտի Հայոց եկեղեցու հոգևոր հովիվ Հեթում քհն Թարվերդյանը: Ճոլոլյան եղբայրների և նրանց ծառայությունների մասին հետաքրքիր զեկուցումով հանդես եկավ Հակոբ Սիրունու եղբորորդին` փարիզաբնակ գործիչ Պատրիս Ճոլոլյանը:
Գիտաժողովին զուգահեռ Ռումինական Ակադեմիայի սրահներում բացվել էր Հակոբ Սիրունու մասին լուսանկարների, գրքերի և արխիվային փաստաթղթերի ցուցահանդես: Ռումինահայ Ararat հանդեսը տպագրել էր Սիրունուն նվիրված հավելված:
Ինչպես բացման խոսքի մեջ նշեց դեսպան Գասպարյանը, որը Սիրունուն նվիրված հոբելյանական միջոցառումների նախաձեռնողներից էր. «Հակոբ Սիրունու գործն ավելի ընդարձակ է, քան նրա ապրած երկրները: Նա իր կյանքի առաջին 32 տարին անցկացրել է Կ.Պոլսի հայկական միջավայրում, երիտասարդ հասակից դառնալով առաջընթացի և փոփոխությունների մարտիկ: Նիկոլաե Յորգայի հորդորով հաստատվելով Ռումինիայում` կյանքի մնացած մասն ապրել է այնտեղ, տասը տարի անցկացնելով Սիբիրյան գուլագներում, որից մի կարճ շրջան` Խորհրդային Հայաստանում: Այս բացառիկ ճակատագիրը նրան թույլ է տվել կուտակել ընդարձակ գիտելիքներ, մշակութային և հոգևոր արժեքների վիթխարի պաշար, որ նա նյութականացրել է իր բազմալեզու և բազմաբովանդակ ուսումնասիրություններում»:
Սիրունին թողել է տպագիր և անտիպ վիթխարի ժառանգություն: Միայն Ռումինիայի Ազգային արխիվի Հակոբ Սիրունի ֆոնդում պահպանվում են 1765 միավոր (այդ մասին արժեքավոր ցանկ է հրապարակված «Հակոբ Ճոլոլյան Սիրունի. Հայ գիտնականի գործը Ռումինիայում» գրքում: Սիրունու արխիվների մի մասը պահպանվում են Ռումինիայի Հայոց եկեղեցու գրադարանում և պահոցներում, Հայաստանի Ազգային արխիվներում, Երևանի Ե. Չարենցի անվ. Գրականության և արվեստի թանգարանում, Սիրունու ազգականների մոտ և այլ մասնավոր հավաքածուներում: Նրա արխիվներից արժեքավոր հինգ արկղ անհետացել է Ռումինիայում, իր աքսորի տարիներին (այս մասին մանրամասներ են հրապարակված ռումինահայ գրող և լրագրող Վարդան Առաքելյանի «Սիրունի. Մի հալածյալի ոդիսականը» գրքում:
Սակայն, ինչպես գիտաժողովին նշեց Նիկոլաե Յորգայի թոռը` պրոֆ. Անդրեյ Պիպիդին, որը ժամանակին հաճախում էր Սիրունու երեկոներին, գիտակրթական այս անդադրում աշխատանքին զուգահեռ նա կազմակերպական հսկայական գործունեություն է ծավալել հասարակական ոլորտում. տարածել է հայկական մշակույթն ու քաղաքակրթությունը առաջին հերթին իր հայրենակիցների մեջ, որոնք ճակատագրի բերումով հայտնվելով ռումինական միջավայրում, զրկված էին իրենց պատմությունը և մշակույթը ուսումնասիրելուց: Սիրունին Ռումինիայում հիմնադրել և ղեկավարել է ՀՄԸՄ մարզական շարժումը, «Կոմիտաս» երաժշտական միությունը, «Ռումինահայ կեդրոնական մատենադարանը», «Հայ մշակույթի տունը»: 1930 թ. Սիրունին Բուխարեստում կազմակերպում է Հայ Արվեստի ցուցահանդեսը, որին այցելել է արքայական ընտանիքը: Նրա ջանքերով ռումինական կառավարությունը 1930 թ. Հայ առաքելական եկեղեցուն շնորհեց իրավական ստատուս (Ռումինիայում Հայոց Եպիսկոպոսաց աթոռը հաստատվել էր 1401 թ. Ալեքսանդրու Բարիի իշխանական հրովարտակով): Սիրունին մեծ ուշադրություն էր դարձնում երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանը, հիմնել էր Ռումինիայի հայ ուսանողների միությունը, Վլենի դե Մունտեի ամառնային ճամբարը, որի պատվավոր հյուրերից էր լինում Նիկոլաե Յորգան: Դժվար է նշել այդ ժամանակ հայապահպանության մեջ Սիրունու չափ ներդրում ունեցող մեկ այլ անձնավորություն:
Դեռևս Կ.Պոլսում, պատանի հասակից Սիրունին հարում է դաշնակցությանը: Հետագայում Ռումինիայում, թեև մնալով այդ գաղափարախոսության շրջանակներում, նա տարաձայնություններ ունեցավ ՀՅԴ հետ, հատկապես Խորհրդային Հայաստանի հանդեպ բռնած դիրքի հարցում: Այնուամենայնիվ, դա Սիրունուն չփրկեց հալածանքներից: Կարմիր բանակի Ռումինիա մտնելուց հետո, 1944 թ. դեկտեմբերի 28-ին Հ.Յ. Դաշնակցությանը հարելու և «Արազ» թերթի մեջ տպագրած մի քանի հոդվածների համար Սիրունին, ռումինահայ մի խումբ մտավորականների հետ, ձերբակալվեց և ուղարկվեց Խ. Միություն, ուր նա տասը տարի անցկացրեց կալանքի տակ, անպտուղ մաշելով կյանքը և գրեթե կորցնելով տեսողությունը (այդ ընթացքում Սիրունին մի որոշ ժամանակ փոխադրվեց Երևան և տնային կալանքի պայմաններում աշխատակցեց Խ. Հայաստանի գիտական հաստատություններին):
1955 թ. աքսորից վերադարձից հետո, զրկվելով նախկին դիրքերից, Սիրունին թարգմանական և հետազոտական աշխատանքներ է տանում Բուխարեստի պատմության թանգարանում, պետական արխիվի վարչությունում, զինվորական կենտրոնական թանգարանում, որոշ բաներ էլ Ռումինական Ակադեմիայի համար: Սիրունին Ռումինիայի հեղինակավոր արևելագետներից մեկն էր, երկար տարիներ գրաբար, աշխարհաբար և թուրքերեն էր դասավանդում Ռումինիայի Հրվ.-Արևելյան Եվրոպայի հետազոտությունների և Բալկանյան ինստիտուտներում, արխիվային բարձրագույն վարժարանում: Կյանքի վերջին տարիներին հիմնադրեց Ռումինիայի Արևելագետների ընկերությունը, որի պատվավոր նախագահն էր, ղեկավարեց նրա հայագիտական բաժանմունքը, դարձավ ընկերության Studia et Acta Orientalia պարբերականի խմբագիրներից:
Մահվանից գրեթե 40 տարի անց, Ռումինական Ակադեմիայի կողմից նրան հետմահոււ անդամի կոչում շնորհելը յուրատեսական գնահատական է մեծ գիտնականի վաստակին: Նիկոլաե Յորգան Սիրունուն համարում էր «էրուդիտ, գերազանց արևելագետ»: Մասնագետների գնահատմամբ, Հակոբ Սիրունին, Հովսեփ Օրբելու և Արշակ Չոպանյանի շարքում, այն մեծերից է, որ միաժամանակ գիտական խոշոր ծառայություններ է մատուցել հայագիտությանը, ինչպես նաև համաշխարհային գիտությանը: Ուստի այսօր էլ նրա գիտական ժառանգության ուսումնասիրումը պահպանում է իր արդիականությունը:
Սեփ. լրտ.
Բուխարեստ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։