Որտեղ է սկսվում և ավարտվում Արտեմ Հարությունյանի պոեզիան

Արտեմ Հարությունյան
Սեպտեմբերի 30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Արտեմ Հարությունյանի ծննդյան 70-ամյակին նվիրված գրական հանդիսություն:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը բացման խոսքում անցում կատարեց դեպի 60-ական թվականները, երբ ասպարեզ մտավ բանաստեղծական նոր սերունդ` նոր խոսքով, նոր ոճով, հետաքրքիր շունչ ներարկելով հայ պոեզիային: «Այդ անունները հանիրավի քննադատվեցին մուտքի ժամանակ, բայց հետո քիչ-քիչ գրականությունը ընդունեց, քանի որ գրականությունն ինքն էլ մի մարմին է»,- ասաց նա: Այդ սերնդի անունների մեջ ՀԳՄ նախագահը առանձնացրեց Ա. Հարությունյանի անունը, ում բանաստեղծությունները տարբեր լեզուներով թարգմանվել և հրատարակվել են, հեղինակը նաև ներկայացվել է Նոբելյան մրցանակի: «Առաջին գրքից մինչև վերջին գիրքը մեծ ճանապարհ կա անցած»,- ասաց Էդ. Միլիտոնյանը և Ա. Հարությունյանին պարգևատրեց ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով:
Բանաստեղծ, ՀԳՄ գործադիր տնօրեն Ղուկաս Սիրունյանը, ով վարում էր գրական հանդիսությունը, բնութագրեց Արտեմ Հարությունյանին իբրև խանդավառ, իր անսանձ երևակայությանը տրված, գրավոր և բանավոր կյանքը իրար խառնած անհատականության, ում համար բացառվում է տարիքին հատուկ հոգնությունը, ձանձրույթը: «Ինքը իր բանաստեղծության մեջ ապրող մարդ, հետաքրքիր, տարօրինակ ֆենոմեն»,- ընդգծեց նա:
Ըստ թարգմանիչ, գրաքննադատ, արձակագիր Ալեքսանդր Թոփչյանի՝ հայ գրականության մեջ բացառիկ եղան 20-րդ դարասկիզբը` համաշխարհային պատերազմից առաջ, ապա՝ հետխորհրդային շրջանը և Սփյուռքը իր հզոր անհատներով, այնուհետև՝ 60-ական թվականները, երբ մեր մշակույթը միանգամից մտավ մշակութային համաշխարհային կոնտեքստ: Այդ սերնդի մեջ էր նաև Ա. Հարությունյանը. «Առաջին բանը, որ Արտեմի տողերը կարդալուց նրան մեղադրեցին, դա արևմտյան չմարսված ազդեցությունն էր»,- ասաց բանախոսը: Ապա անդրադառնալով նրա պոեզիային՝ նշեց. «Արտեմը դուրս է եկել մի ճանապարհ, շարունակում է քայլել` գնալով դեպի անհայտը»: Նրա հավաստմամբ` բանաստեղծը անգամ մի բանաստեղծության սահմաններում սկսում և չի ավարտում, մի թեմա է բացում և կիսատ թողած անցնում մյուսին, ինչն էլ խոսում է նրա ոգու մասին, որ ոչ մի տեղ հանգրվան չի գտնում:
Բանաստեղծ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Դավիթ Հովհաննեսը և Արտեմ Հարությունյանը 60 տարի ճանաչում են իրար` ապրելով նույն շենքում, սովորելով նույն դպրոցի նույն դասարանում, միասին ավարտելով Համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Հետաքրքիր հուշեր պատմելով իրենց ուսանողական կյանքից` Դավիթ Հովհաննեսը գնահատեց Ա. Հարությունյանի ընթերցասիրությունը դեռևս պատանի հասակից: Ապա, անդրադառնալով 60-ականների սերնդին և նրանց դեմ հալածանքներին, ասաց. «Դեսանտ` իջած հայ ավանդական պոեզիայի դաշտում, դեսանտայինների խմբապետ` Ա. Թոփչյան – ահա այսպես էին բնութագրում Ա. Հարությունյանին, ինձ և էլի մի քանի գրողների»: Դավիթ Հովհաննեսի համոզմամբ` պոեզիան այն է, ինչ պոեզիա չէ, և այդպիսին է Արտեմի պոեզիան: Նրա հավաստմամբ` Ա. Հարությունյանը «հակաթուրքական» մի երակ է գտել ու շահագործում է այն, սակայն, իր կարծիքով, «ժամանակն է նաև շուրջը նայել, արտաքին թշնամուց մի քիչ դիստանցիա պահել և նայել ներքին թշնամուն, մեր միջի թուրքին»:
Ըստ գրականագետ Սուրեն Աբրահամյանի` Ա. Հարությունյանի գրի ակունքը լիրիկականության կորստից է, նա ունի ժխտական նախասկիզբ: «Իր անհատականությամբ, իր էությամբ այնպիսին է, որ փորձում է հասնել ժամանակի էպիկական ամբողջությանը` ստեղծելով չընդհատվող պոեզիա»,- բնութագրեց նա:
Ելույթ ունեցան նաև կոմպոզիտոր Յուրի Հարությունյանը, Ա. Հարությունյանի պոեզիայից կարդացին ասմունքողներ Ամիրան Գալստյանը, Գայանե Սամվելյանը, Աիդա Ասատուրյանը: Երաժշտական կատարմամբ հանդես եկավ երգչուհի Մարիա Քոչարյանը, դաշնակահար` Համասփյուռ Մանուկյան:
Արտեմ Հարությունյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, ներկայացրեց իր հեղինակած մի շարք գրքեր, որոնք տասնամյակների արդյունք են: Ապա կարդաց իր բանաստեղծություններից:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։