Երթուղային վարժանք / Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

– Ապե՛, էրկու հատ ստացի:
– Ախպե՛րս, մի հատ ստացի, էլի: Ես ուշ եմ իջնում, մորս արև, իմ տեղը մի՛ ստացի:
– Վա՜յ արա, էլ ո՞ւր ստանամ, արդեն երդվել ես:
– Հա՛-հա՛, ախպե՛րս, մենակ քո տեղը ստացի, իջի:
– Դե լա՛վ, ապե՛, մի հատ ստացի, մեր ախպերն իրա տեղը կստանա. երդվեց ու ինձ մանթո թողեց:
– Էղավ: Ստեղ պահե՞մ, թե՞ դիքի վրա:
– Դիքի վրա, ցավդ տանեմ, բայց մինչև իջնելս մի հարց, էլի. էս երգերը ո՞ւրդուց ես ճարել:
– Էսի, ախպե՛ր, հատուկ իմ համար են գրել, ծանոթ մարդ կա, ինչ ուզեմ, գրում-տալիս ա` Թաթուլ, Արմենչիկ, Սպիտակցի Հայկո…
– Հա՜, բա չենք կարա՞ մենք էլ ունենանք:
– Եսիմ, ախպե՛րս, ծանոթ մարդ պտի գտնես, համոզես` գրի:
– Երիտասա՛րդ, բավական է շեղեք վարորդին, թույլ տվեք մարդն իր ղեկի վրա կենտրոնանա: Բոլորիս կյանքը նրա ձեռքերում է, դուք էլ անվերջ խոսեցնում եք անկարևոր թեմաներով:
– Հոպա՛ր ջան, ի՜նչ մի ջղայնացար: Դու ջահել վախտերդ շոֆերների հետ թեմաներ չես ունեցե՞լ: Մարդ ենք, բան ենք հարցնում, մեր ախպերն էլ էնքան կա վռոդի, որ հա՛մ խոսա, հա՛մ քշի:
– Իջի՜, ախպե՛րս, հասար:
– Մերսի, ցավդ տանեմ:
– Ժողովո՛ւրդ, վե՛րջ տվեք, քսանհինգ հոգով տասներկու տեղանոց մեքենայով երթևեկում եք ու դեռ ո՞ւժ ունեք վիճելու:
– Ես ուզում եմ շուտ տեղ հասնել, բայց վարորդն զբաղված է երաժշտական գոհարների լուսաբանումով:
– Մեքենան գերբեռնված է, դա էլ է դանդաղեցնում երթևեկությունը: Ու դեռ էլի ուղևոր է վերցնում վարորդը: Մեզ ձկան պահածոյի պես խցկել է իրար վրա ու հեչ պետքը չէ:
– Վա՜խ, ուսս: Կոտրված ուսիս հարվածեցիք:
– Կներես, քո՛ւր ջան, ես ի՞նչ մեղք ունեմ, տես` ոնց ա քշում:
– Վարո՛րդ, չե՞ք կարող կարգին վարել, քիչ մնաց երկրորդ անգամ կոտրեմ ուսս:
– Ի՜, էլի ինձ կպա՞ք: Ես իմ գործն եմ անում, ավտոս էլ կարգին եմ քշում: Ձեռ չի տալի, մի՛ նստեք: Հենա մայթին մի հատ կաստիլներով պապի ա կանգնած, հիմի ի՞նչ անեմ, չվեկալե՞մ: Դուրներդ կգա՞, որ ձեզնից մեկը կաստիլներով ըլնի ու իրան մարշուտնի չթողեն:
– Դե իհարկե, դուր չի գա: Բայց որտե՞ղ պիտի նստեցնեք նրան:
– Էդ արդեն մարշուտնու միջի ջահելներին հարցրեք: Իմը քշելն ա ու մարդ վեկալելը: Բարձրացի, պապի՛, բարձրացի, քշենք-տեղ հասնենք:
– Ապրե՛ս, տղա՛ ջան: Օգնեք բարձրանամ:
– Ո՞նց օգնենք, պապի՛ ջան: Կաստիլներդ տուր պահեմ, դու բարձրացի:
– Ա՛յ անդաստիարակ, ծաղրո՞ւմ ես մարդու հաշմանդամությունը: Փոխանակ վեր կենաս, տեղդ զիջես: Չես տեսնո՞ւմ` մարդը ոտք չունի:
– Հա՜, լավ, ա՛յ մորքուր, ի՞նչ ես վրա տվել: Հորս պատմած անեկդոտը հիշեցի. սովետի վախտ մեկը տրամվայով գնում ա, ջահելները տեղ չեն տալի, սկսում ա քթի տակ փնթփնթալ. «Ոտքս կորցրի պատերազմի դաշտում, ոտքս կորցրի պատերազմի դաշտում…»: Ջահելներից մեկը չի դիմանում. «Հոպա՛ր, ի՞նչ ես մուննաթ գալի, կարող ա՞ ոտդ գտել, քեզ չենք տվել»:
– Լսո՞ւմ եք, այս ի՞նչ սերունդ է մեծանում: Դրա համար էլ երկիրը ձեռքներիցս գնում է: Ի՞նչ պիտի լինի մեր ազգի ապագան: Չորս կողմը թշնամի է, ներսում էլ իրար ենք ուտում, ու տգիտությունն անչափելի է:
– Այդ անեկդոտում մի տխուր փաստ էլ կա` մեզանից խլված տրամվայի հիշատակումը: Քանդեցին մեր շեն երկիրը, ինչ հնարավոր էր` վաճառեցին-կերան:
– Դրա համար էլ էս երկրին մի հատ Ստալին ա պետք, որ սաղին տեղը դնի:
– Դուք դա լո՞ւրջ եք ասում:
– Լրի՛վ լուրջ:
– Իսկ վերջին անգամ ե՞րբ եք հոգեբույժի կամ գոնե հոգեբանի մոտ եղել: Խնդիրներ չե՞ն հայտնաբերել:
– Ի՜, ա՛յ կնիկ, խելառը դու ես:
– Ներեցե՛ք: Հարցս այլ կերպ ձևակերպեմ` պատմության դասերը լա՞վ եք յուրացրել:
– Պատմության դասը յուրացնել կլինի՞: Ամեն օր նոր պատմություն ա գրվում: Ո՞նց ետևից հասնենք: Էրեկ Կարապետն էր երկրի տերը, էսօր` Հայրապետը, վաղն ու վաղը չէ մյուս օրը` եսիմ ով: Դրա համար էլ Ստալին ա պետք, որ պատմությունը պատմության նման լինի, դասն էլ հասցնենք սովորել:
– Դե՜, Ստալինին հեռուներում փնտրել պետք չէ, մեր կողքին էլ կան այդպիսիք: Ընտրեք-վերջացրեք:
– Ինձ ո՞վ ա լսում, որ ընտրեմ: Կապները կտրած լցվում են փողոց ու մերժում սրան-նրան: Մեկը լինի` էդ մերժողին մերժի:
– Եվ լավ է, որ ձեզ նմաններին չեն լսում: Թե չէ, երկիրն ու ժողովրդին կտեղափոխեիք Ալթայի երկրամաս: Եթե չեք մոռացել, դա էր ձեր պաշտելի Ստալինի նպատակը:
– Ժողովո՛ւրդ, թարգեք, հա՞, ձեններդ գցել եք գլուխներդ, չեք թողում երգ լսեմ:
– Ներողությո՛ւն, կարելի՞ է թեմայից դուրս մի բան ասել:
– Ասա՛:
– Կանգառում կանգնեք, իջնեմ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։