Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի դահլիճում սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կառավարման միջազգային ինստիտուտի տնօրեն, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ազգային ակադեմիայի և մի շարք օտարերկրյա պետությունների, ռուսական և արտասահմանյան բուհերի պատվավոր դոկտոր Ռոբերտ Ենգիբարյանի «Օ՛ Մարի» գրքի շնորհանդեսը: Ըստ հեղինակի, մարդու ճակատագիրը կանխորոշում են մի շարք գործոններ (ծննդյան ժամանակ, վայր, ազգություն, քաղաքացիություն և այլն), սակայն այդ ամենը կարելի է փոփոխել՝ փոխելով բնակության երկիրն ու սոցիալական վիճակը: Հեղինակի եզրահանգմամբ ժողովուրդների բարօրությունն անհամաչափ է բաշխված ոչ միայն ըստ ժամանակաշրջանի, այլև աշխարհագրական հայտանիշի: Բացման խոսքով հանդես եկավ բան. գիտ. դոկտոր Մարգարիտ Խաչատրյանը, ով հանգամանալից ներկայացրեց գրքի գեղարվեստական արժեքները: Շնորհավորանքի և գնահատանքի խոսքեր հնչեցրեց Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի առաջին պրոռեկտոր ուսումնական գծով Գագիկ Սարգսյանը: Գրքից հատվածների ընթերցմամբ հանդես եկան ասմունքող Գայանե Սամվելյանը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Հումանիտար ինստիտուտի «Հոգեբանություն» բաժնի մի խումբ ուսանողներ: Ծավալվեց հետաքրքիր քննարկում հեղինակի և ընթերցողների միջև: Շնորհանդեսը եզրափակեց գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հ.Կարապետյանը, որը շնորհակալական և գնահատանքի խոսքեր ուղղեց Ռոբերտ Ենգիբարյանին և խոսելով գրքի արժեքի և նրա դերի կարևորության մասին, հավաստիացրեց, որ գրադարանի ֆոնդերի համալրումը արժեքավոր գրականությամբ երաշխիք է գրադարանի մշակութային, գիտական, կրթական քաղաքականության լիարժեք իրականացմանը:
Ռուզաննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ավ.Իսահակյանի անվ. գրադարանի փոխտնօրեն գիտական գծով