Մանկապատանեկան գրքի հանրապետական շաբաթի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանի Լճաշեն համայնքում գործող Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան դպրոցում:
ՀԳՄ ներկայացուցչական պատվիրակության կազմում էին Միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Միության մարզային բաժանմունքի ղեկավար Տիգրան Նիկողոսյանը, մանկագիրներ, «Ծիծեռնակ» հանդեսի գլխավոր խմբագիր Անուշ Վարդանյանը, Սաթենիկ Ղազարյանը, ինչպես նաև հարևան Կոտայքի մարզի պատվիրակությունը՝ մարզային բաժանմունքի ղեկավար Հակոբ Հարություն, Ջեմֆիրա Մկրտչյան, Սուրեն Դավթյան կազմով: Մանկապատանեկան գրքի ու գրականության շաբաթի բացման առիթով դպրոցում էին նաև Գեղարքունիքի մարզպետարանի կրթության բաժնի պետ Համբարձում Սաֆարյանը, Սևանի քաղաքապետարանի պատասխանատու աշխատողներ, հյուրեր Գավառից և մարզային գրադարանից: Դպրոցում ջանացել էին օրն անմոռաց տոնի վերածել, և հանդիսությունն իսկապես հրաշալի շատ պահեր պարգևեց ներկաներին: Այս դպրոցն, ի դեպ, արդեն 115 տարեկան է, և հասկանալի է, թե քանի՜-քանի սերունդների է օգնել՝ ապրելու հայտնության բերկրանքը, շարունակել սիրո և բարության մեծ դասը: Դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանի ղեկավարությամբ, հավուր պատշաճի դիմավորման արարողությունից սկսած, ձգտել էին հաշվի առնել բոլոր մանրուքները, հատուկ այդ օրվան համապատասխան կրծքանշաններ էին պատրաստել, ամենայն հայոց բանաստեղծի ստեղծագործությունների մոտիվներով՝ աշակերտների ուժերով բեմադրություններ Թումանյանի անվան դասարանում, նաև երգի կատարմամբ Կոմիտասի անվան դասասենյակի մոտ: Գլխավոր հանդիպումը և ճաշակով կազմակերպված ցերեկույթն սկսվեց հայ առավել նշանավոր մանկագիրների և ժամանակակից գրողների գործերի արտասանությամբ, ապա սկսվեց երկխոսություն գրողների հետ£ Ինչպես տեղեկացրեց Էդվարդ Միլիտոնյանը, Մանկապատանեկան գրքի հանրապետական շաբաթը սկսվում է մարզերից մեկում (վերջին երեք տարիներին` Գեղարքունիքի մարզում), շարունակվում տարբեր համայնքներում գործող դպրոցներում և գրադարաններում գրողների հետ հանդիպումներով, ամփոփվում Երևանում՝ Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանում£
Ինչպես տեղեկացրեց Համբարձում Սաֆարյանը, շաբաթի բացման օրը, մարզպետարանի որոշմամբ, մարզի բոլոր դպրոցներում հայտարարվել էր Մանկապատանեկան գրականության օր, կազմակերպվեցին և անցկացվեցին նպատակային բաց դասեր: Ելույթ ունեցավ նաև ՀՊՄՀ դասախոս Լիլիթ Տեր-Գրիգորյանը. նրա հայրիկի անունն է կրում հնամյա այս կրթօջախը:
Գրողներն էլ, խոսելով մարդու ձևավորման գործում գրքի ու գրականության կարևորության մասին, կարդացին նաև իրենց ստեղծագործություններից: Բացառիկ ներդաշնակ հանդիպման ավարտին դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը ցանկություն հայտնեց հաճախակի դարձնել գրողների այցերը դպրոց, առավել ակտիվացնել կապը մանկավարժների, ծնողների ու աշակերտների հետ: