ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՁԱԿԱԳԻՐ ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆԻ ՀԵՏ

Լևոն-ԽեչոյանՏարիներ առաջ Լևոն Խեչոյանը Արցախ էր եկել` զենքը ձեռքին մարտնչելու հանուն Արցախի անկախության: Արցախյան ազատագրական պայքարին նա զինվորագրվեց կամավորական «Սասուն» ջոկատում և կռվեց մինչև պատերազմի վերջը: Ինչպես նրա մտերիմներն են վկայում, գրողի լավագույն տողերը ծնվել են հենց պատերազմի ժամանակ:
Ժամանակակից հայ արձակի ականավոր ներկայացուցիչը կրկին Արցախում էր` այս անգամ հանդիպելու իր ընթերցողների հետ: Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում արձակագիր Լևոն Խեչոյանի հետ հանդիպմանը ներկա էին ԼՂՀ Գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, գրական ընտանիքի անդամներ, մտավորականներ, համալսարանականներ, գրողի հավատարիմ ընթերցողները: Ողջույնի խոսք ասաց ԼՂՀ ԳՄ նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանը, ով արժևորելով արձակագրի գրական գործունեությունը, կարևորեց նրա արձակի առանձնահատկությունները: «Լևոն Խեչոյանը «Խնկի ծառերից» մինչև «Փուշը, հայր, փուշը», յուրաքանչյուր գործի մեջ բերում է նոր կերպար: Մեր պատմավիպասանության մեջ գեղարվեստական մտածողության դաշտում հեղաշրջում էր նրա «Արշակ արքա և Դրաստամատ ներքինի» պատմավեպը: Նրա գործերում կա նոր մտածողություն, մատուցման նոր ձև, նոր գրիչ, և այդ գրչի մեջ շարժվում է պատմության արյունը: Եթե այլ գրողներ, ում մենք սիրում ենք, իմպուլսը, պուլսը տեղադրում են պարբերության, տողի մեջ, ապա Լ. Խեչոյանը պուլսավորում է բառը, իմպուլսներ է տեղադրում բառի մեջ: Հենց այս իմպուլսիվ ներկայությունն է, որ Լ. Խեչոյանին մեր գրական դաշտում տարբերակում է, և գալիս է նոր մտածողություն, որ առանձնահատուկ է միայն իրեն` Լ. Խեչոյանին: Նրա «Խնկի ծառերում» կամ «Արշակ արքա և Դրաստամատ ներքինի» վեպում այդ իմպուլսները, բառից բառ տեղաշարժվելով, ստեղծում են դինամիկա, գեղարվեստական մտքի անընդհատ աճող, զարգացող դինամիկա, որը չի թողնում ընթերցողին պոկվել էջից»,- ասաց Վ. Հակոբյանը:
Արձակագիր, լրագրող Կիմ Գաբրիելյանը, ով «Լևոն Խեչոյանի ստեղծագործության գեղարվեստական առանձնահատկությունները» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, խոսեց Լևոն Խեչոյան մարդու և գրողի մասին: Նա գրողին համաշխարհային գրականության մեջ համեմատեց Հեմինգուեյի հետ` այն տարբերությամբ, որ Հեմինգուեյը առաջին համաշխարհային պատերազմ էր մեկնել որպես ազատամարտիկ լրագրող, իսկ Խեչոյանը գրականությունը մի կողմ էր դրել, պատերազմ մեկնել որպես զինվոր և գրականություն վերադարձել միայն պատերազմից հետո: «Լ. Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզը» մեր արձակի մեջ միանգամայն նոր երևույթ է: Նրա մուտքը գրական դաշտ եղավ շռնդալից: Պատերազմից անմիջապես հետո սկսեց տպագրել գրքերը: Մենք երջանիկ ենք, որ նրա ժամանակակիցներն ենք: Խեչոյան արձակագիրը նորություն մտցրեց նաև հեքիաթի ժանրում: Նրա հեքիաթները բոլորովին այլ հոգեբանություն և փիլիսոփայություն ունեն»,-իր խոսքում նշեց Կիմ Գաբրիելյանը:
Արցախի հանրային ռադիոյի խմբագիր Նվարդ Ալեքսանյանը վերհիշեց, թե ինչպես էին սրտի թրթիռով սպասում Արցախյան շարժման տարիներին դժվարությամբ Արցախ հասնող «Գարուն» ամսագրի հերթական համարին, որտեղ հատվածաբար տպագրվում էր հեղինակի «Խնկի ծառեր» վիպակը: «Այս աշխարհում ոչ մի բան նոր չէ, բայց ամեն գրող բերում է իր ասելիքը: Եվ բառի այդ դինամիկան ատոմի տրոհում է. բառը` որպես ատոմ, յուրաքանչյուր արվեստագետ յուրովի է տրոհում, գույնը` որպես ատոմ, տրոհում է նկարիչը, քանդակագործը` իր հերթին: Եվ Լ. Խեչոյանը, որ իր բաժին տրոհումն է անում, ամեն անգամ նորովի տրոհումով բերած էներգիան դարձնում է հիացմունքի առարկա: Գրել մարդկային ցավի մասին` նշանակում է սիրել մարդուն, և եթե Լ. Խեչոյանի ստեղծագործություններում որոշակի միստիցիզմի շեշտադրումներ կան, դա հենց «սիրիր քո մերձավորին» պատվիրանն է»,- նշեց Նվարդ Ալեքսանյանը:
Ելույթներից հետո ծավալվեց անկեղծ երկխոսություն գրողի և ընթերցողների միջև` հայ գրականության ներկայի և ապագայի խնդիրների մասին:
Հնում վանական միաբանություններում վանականներից ամեն մեկը կանգնում էր հսկումի: Վանականը գիշերով մենակ գնում էր եկեղեցի և ամբողջ գիշեր ծնկաչոք աղոթում էր, որ չարը, թշնամին հայրենիքին չմոտենա, չվնասի երկիրը. դա կոչվում էր հսկում: Լևոն Խեչոյանը գրողին և արվեստագետին համեմատեց այդ վանականի հետ, իսկ նրա գործունեությունը համարեց հսկում: «Գրողը, որ գիրք է գրում, երաժիշտը, որ սիմֆոնիա է ստեղծում, նկարիչը, որ նկարում է, դա հենց հսկումն է, ծնկաչոք աղոթում է ապրողներիս համար, որպեսզի չարը չմոտենա: Եվ այդ գիրքը, նկարը, սիմֆոնիան հենց այդ աղոթքն է: Գրողը առաքյալ է, որ իր գործով փորձում է ժողովրդին բացատրել մարդու և Աստծո սերը»,-ասաց Լ. Խեչոյանը: Նա պատասխանեց նաև ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին նրա արմատներին, հայ գրականության գալիք օրվան և այլն: Արմատներով էրզրումցի արձակագիրը ցավով խոսեց կորուսյալ հայրենիքի մասին, որը հայ ժողովրդի մխացող ցավն է, որովհետև մենք կորցրինք հայրենիք, կորցրինք մեծ մշակույթ: Իսկ գրականության գալիք օրը արձակագիր Լևոն Խեչոյանը պայծառ գույներով է տեսնում. «Ժամանակակից գրական դաշտում ունենք լավ գրականություն: Կան երիտասարդ գրողներ: Մենք` ավագներս, պետք է համբերատար լինենք, օգնենք, որ երիտասարդներն ասպարեզ գան, թույլ կողմերը նշենք, ցույց տանք ճիշտ ճանապարհը: Կա գրականություն, կա լավ սերունդ»:

Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։