Հոբելյանը՝ հայրենի եզերքում

«Երանի նրանց, ովքեր իրենց ապրած կյանքով ու գործով ձուլվում են ծննդավայրի պատմությանը, ովքեր, տարիների հեռվից հետադարձ հայացք գցելով անցյալին, վստահ ու հանգիստ են նայում աշխարհին ու մարդկանց». այս խոսքերը, գրողի գեղարվեստական ու հրապարակախոսական գրքերից քաղված այլ մտորումների հետ հանդիսության ժամանակ հնչեցրին իրենք՝ աշակերտներն ու ուսուցիչները՝ գրողի հետ հանդիպման ընթացքում: Հանդիպման վայրը Գեղարքունիքի մարզի հայրենի Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցն էր, որտեղ գրողը ոչ թե հյուր էր, այլ՝ տասնամյակների նվիրյալ բարեկամ: Բայց այս հերթական հանդիպումն արդեն սովորական չէր, այլ՝ հոբելյանական: Այն նվիրված էր իրենց հայրենակցի՝ գրող, հրապարակախոս, «Հայաստան» պարբերականի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանի ծննդյան 60-ամյակին: Հայրենի գյուղը մեծարում էր իր հարազատ զավակին: Դպրոցի տնօրեն Կարինե Շահբազյանը ջերմ խոսքերով ընդգծեց հոբելյարի անսահման նվիրումը ծննդավայրին ու նրա մարդկանց, որ տարիների ընթացքում արտահայտվել է կոնկրետ գործերով՝ հաճախակի գրական դասեր դպրոցում, գրադարանի համալրում ժամանակակից գրողների գրքերով, աշակերտների ու մանկավարժների ընդունելության կազմակերպում ՀՀ Ազգային ժողովում, մշտական աջակցություն գյուղի ու նրա մշակութային և կրթական օջախների ձեռնարկումներին…
Հընթացս, հանդիպման ժամանակ երեխաները հպարտության զգացումով «թերթեցին» գրողի կյանքի ու ստեղծագործական գործունեության նշանակալից էջերը՝ հիշատակելով նրա հեղինակած «Հայրեր և որդիներ», «Կանաչ առու», «Ինձ տուր քո ցավը», «Քեզ հետ և առանց քեզ», «Մեր կյանքի ժամանակը», «Յոթ զրույց ամենակարևորի մասին», «Մարիամ իշխանուհի» և այլ գրքերի որոշակի դերը իրենց համակողմանի դաստիարակության գործում:
Տիգրան Նիկողոսյան գրողի, խմբագրի, հասարակական գործչի մասին գնահատանքի խոսք ասացին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Մկրտիչ Մինասյանը, Արտակ Դավթյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, բան. գիտ. դոկտոր Լյուդվիգ Կարապետյանը, Երևանի ագրարային համալսարանի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մերուժան Գալստյանը, «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը և ուրիշներ: ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Վահան Եղիազարյանը հոբելյարին հանձնեց նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալը և պատվոգիր: Ստեղծագործական գործունեության ընթացքում գրողն արժանացել է Հայաստանի վաստակավոր լրագրողի կոչման, մի շարք մրցանակների և այլ պարգևների:
– Պարգևներից ամենաբարձրն ու ամենաթանկը իմ հայրենի եզերքի մարդկանց, իմ ընթերցողների սերն է, ինչը դրսևորվեց նաև այս հանդիպման ժամանակ,¬ շնորհակալական խոսքում ասաց հոբելյարը:
Այնուհետև հանդիպման մասնակիցները եղան դպրոցի մաթեմատիկայի կաբինետում, որ կրում է գրողի հոր՝ երիտասարդ տարիքում կյանքից հեռացած մաթեմատիկայի երևելի ուսուցիչ Վոլոդյա Նիկողոսյանի անունը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։