Ժամանակակից հայ գրականության բաց ընթերցումներ

 

Դեռևս անցած տարվանից ՀԳՄ արձակի և հրապարակախոսության բաժանմունքը` հայ ժամանակակից գրականությունն առավել ճանաչելի դարձնելու համար, նպատակադրվել էր մայրաքաղաքի և մարզերի դպրոցների հետ հանդիպումների մի նոր ձևաչափ կիրառել` նախապես դպրոցներ ուղարկել գրողների ստեղծագործությունները և աշակերտների հետ ուսուցչի կատարած որոշ նախապատրաստությունից հետո միայն իրականացնել այցելությունը:

Այս նախաձեռնությանը առաջինն արձագանքեցին Զոլաքարի թիվ 2 դպրոցի հայ գրականության ուսուցչուհի Մերի Մախսուդյանը, Նոր Գեղիի ուսուցչուհի Տաթև Ասատրյանը և Երևանի թիվ 155 դպրոցի դասվար Թամարա Միրզոյանը:

Գրողները, այս անգամ նաև «Քո արվեստը դպրոցում» ծրագրի սահմաններում հիշյալ դպրոցներ այցելելուց հետո, ոգևորիչ տպավորությունների ազդեցությամբ ՀԳՄ հրավերով հյուրընկալեցին երեք դպրոցների աշակերտներին: Նրանք իրենց ելույթներով մի անգամ էլ ապացուցեցին, որ ընթերցասիրությունը անհուսալի վիճակում չէ, միայն ջանքեր են հարկավոր` գրքի հանդեպ սերը երեխայի մեջ մանկուց արմատավորելու համար:

Հանդիպման ժամանակ աշակերտների հետ ջերմ զրույց ունեցավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ողջույնի խոսք ասացին նախաձեռնության հեղինակ, արձակագիր Ալիս Հովհաննիսյանը, գրականագետներ Արմեն Ավանեսյանը և Լիլիթ Անտոնյանը: Միջոցառմանը հնչեցին և քննարկվեցին Էդվարդ Միլիտոնյանի, Ալիս Հովհաննիսյանի, Նանեի, Պերճուհի Ավետյանի, Խաչիկ Մանուկյանի, Գոհար Գալստյանի, Գրիգի, Հերմինե Նավասարդյանի, Նշան Աբասյանի, Լևոն Շահնուրի, Սաթենիկ Մկրտչյանի  ստեղծագործությունները: Աշակերտները հնարավորություն ունեցան գրողներից ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Ամփոփիչ խոսքով հանդես եկավ ՀՀ կրթության և գիտության նախարարության գլխավոր մասնագետ Արտավազդ Գևորգյանը: Նա գնահատեց և խրախուսեց թե՛ ուսուցիչների և թե՛ աշակերտների կատարած աշխատանքը, հույս հայտնեց, որ այս նախաձեռնությունը շարունակական կլինի:

Ուսուցչուհիների վկայությամբ` մեծ էր երեխաների ստացած տպավորությունը գրողների հետ անմիջական շփումից, իսկ ՀԳՄ հարկի տակ լինելը` կրկնակի անմոռանալի հիշողություն ողջ կյանքի համար:

Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։