ԹՌՉՈՒՆԸ
Երկինքը ծածկող թևերը
ծա՜նր-ծանր թափահարելով,
հուլորեն թևածում է թռչունը
թռիչքի և անկման սահմանագծով ոսկեփրփուր.
մի թևաբախում թերի, մի հապաղում մտամոլոր,
և թռիչքը անկում կդառնա՝ պահից զարկված:
Թռչնի մագիլներում՝ խոփերի պես փայլող,
իմ մարմնավոր հոգին է մերկ,
երկյուղած, անփութորեն շքեղ
և ակոս առ ակոս հերկված:
Տեսնես, երկինք կա՞
թռչունի թափառման եզերքներում,
թե՞ նա սևագիր մի տարածքում է թևում,
որը ո՛չ երկինք է դեռ արարչական,
ո՛չ էլ խոռոչ պատրանքների:
Տեսնես, հիմա՝ այս պահին կա՞ թռչունը,
թե՞ այս պահը հենց ինքն էլ չկա արդեն.
դատա՜րկ-դատարկ թռչում է
առանց ինձ,
առանց թռչնի,
առանց իրեն:
Տեսնես, թռչո՞ւնն է տանում իր բեռը
աշխարհներով աստանդական,
թե՞ ես եմ թռցնում նրան:
Տեսնես, ո՞ւր է կյանքի փրկագին սերը,
որ թռչունը գա նստի
նրա պարզած բազկին:
ԵՐԿՎՈՒԹՅՈՒՆ
Ապրում եմ ինքս ինձանից հեռու,
երկնքից կախված,
ստվերով ծեփուն ինքնալույս բնում
սրտիս թռչունի:
Ինքս իմ դիտորդն եմ թեթև,
հրեշտակաթև:
Ճոճվում է երկնային անապատի
ավազներին զնգուն
իմ կացարանի
ստվերը հատ-հատ:
Հեռվից տեսնում եմ աչքերով ճոճքի,
թե ուր եմ գնում ներքևում՝
հայացքս հառած
երկնի օճորքին:
Տեսնում եմ, թե
ինչեր եմ անում՝
անհայտորեն տկար,
փոխակերպումի ջանքերով պրկուն,
լույսերից գործած խուլ ոստայններում՝
սրտով թպրտուն,
սիրով անհատնում:
Իմ կացարանից ձեռքով եմ անում,
ճչում եմ,
կանչում,
սակայն չեմ լսում,
իմ իմացածը ինձ տեղ չի հասնում,
իմ զգացածը մնում է վերում:
Ես ինչպե՞ս անեմ,
որ ինքս ինձ հետ
մի հանկարծական կամուրջ
կապկապեմ.
լինի ծիածան,
հաղորդակ անուրջ,
թե՝ մազե կամուրջ:
ԱՐԵՎԻՑ ԲՌՆԿՈՒՆ ՄԻ ՀՈՎԻՏ ՏԵՍԱ
Եվ կա՞ ավելի մեծ երջանկություն,
քան տեսնել աշխարհը
էացումի պահին ահարկու և երանելի,
քան լսել աշխարհի ձայները,
քան շոշափել քարաքոսը փշփշոտ
արևոտ հովտի ափին,
քան համտեսել կերակուրը արարչական հողի,
քան զգալ բույրերը արևից արթնացող,
քան սրտով խայտալ, մտքերով սուզվել
և հոգով ձուլվել պայծառ
ներկայությանը գետնի վրա:
Այստեղ է նա, վերև մի՛ նայիր:
Զգալ, թե ինչպես է համբույրդ ելնում քեզնից,
հպվում արևից թափանցիկ կանաչներին,
պսպղացող ջրին, կարմիր ուլունքին
ճերմակ պարանոցի,
հպվում Արարիչի ժպիտին հովտում արևկող,
ստվերներին անձև, խորհրդավոր,
զգալ, որ դու ես փայլող կանաչը և նա է,
շնչող հողը դու ես և նա է,
տաք քարը դու ես և նա է,
կապույտը, կարմիրը, հովիտը, ուլունքը,
աշխարհը դու ես և նա է,
զգալ, թե ինչպես է Արարիչի ժպիտը
պարուրում քեզ քնքշորեն,
և ինչպես են սրտիդ զարկերը խփում
նրա ժպիտի պատերին անսահման,
ինչպես ճնճղուկի սիրտն է թպրտում
մատներիդ մեջ ամփոփված:
Եվ կա՞ ավելի մեծ երջանկություն,
քան տեսնել աշխարհը
էացումի պահին ահարկու և երանելի:
ԱՍՏԾՈ ՀՈՒՇԵՐԸ
Մտածում եմ ինձնից դուրս,
որտե՞ղ են ծվարում Աստծո հուշերը,
քայլում եմ քաղաքային այգով,
մի փոքրիկ հրեշտակ տեսա՝
խուճուճ լուսապսակով,
դեղին, հուրհրան,
ուզում էր ջուր խմել ցայտաղբյուրից,
սակայն չէր հասնում,
թևերը դեռ չէին աճել,
բարձրացրի, խմեց,
հանդարտ նայեց ինձ անհունից,
շարունակեցի քայլել,
մի զույգ համբուրվում էր սիրով,
և Աստծո հուշեր կային
նրանց շուրթերին,
որտեղ են ծվարում Աստծո հուշերը,
եթե ոչ իմ սրտում:
ԱՐԱՐԻՉԸ
Դու ծնեցիր ինձ ժամանակներից առաջ անհունի,
Երկար տքնանքով և մենահառաչ, առանց անունի,
Մե՜ն-մենության մեջ չէիր ճանաչում դեմքը քո լուսե,
Լոկ կամք ունեիր և արարելու տենչանքներ վսեմ:
Դու ինձ ծնեցիր, որ քեզ ճանաչես, ինձնով շառաչեն
Անհունների մեջ լույսերը պայծառ, հունդերը աճեն,
Դու ինձ ծնեցիր, որ ինձ ճանաչեմ, խոհով հուրհրան
Դեպի քեզ դառնամ, ու լույսը նրա շողա քո վրա:
Դու ինձ ծնեցիր, որ ես ճանաչեմ ցավը անհնար,
Սերը ճանաչեմ, չարը ու բարին, մահը կատարյալ,
Ինչքան ճանաչեմ, այնքան հառաչեմ,
խնդամ անհագուրդ,
Զի անսահման է դեպի քեզ գալու տենչս ահարկու:
Ու թե գործել եմ մեղքեր
անհամար՝ ճանաչման համար,
Ու սարսռել եմ դրանց սև շնչից, բայց չունեմ հնար,
Լավերը պահիր, վատերը մահիր, գալիս եմ դեպ քեզ,
Գալիս եմ դեպ ինձ. հոգիս խնդուն է ու սիրտս՝ անքեն:
Ես այսքան մանր, ես այսքան անվերջ,
այսքան անկատար,
Հյուլեաչափ իմ ճշմարտությամբ ես այսքան հպարտ,
Դու համբերատար, ինքդ քեզ բացող,
էության հանճար,
Ընդունում ես ինձ, ներառում քո մեջ,
ժպտում անվախճան:
ԱՐԱՐԻՉԸ
Փառք քեզ և շնորհակալություն ընծայական,
Արարիչ վսեմ, Արարիչ անհուն և հույժ ցնծական,
Որ այսքան տարի ժրաջանորեն մասնակից արիր
Ինձ արարմանը ու անվերջական քո ճանապարհին,
Որ մենք միասին կերտեցինք
տիեզերք մարդաստվածային,
Հոգիներ ցնծուն, կյանքեր հրճվագին և
մահեր անհայտ ու եղերային,
Դու հավերժական ու վերջն իմացող
մի անվերջանալի,
Ես դաշտին իջած շողշողուն մի ցող՝
արևիդ կանչով դեպի քեզ ելնող:
Շնորհակալություն, որ ինձ մասնակից արիր
Քո մեծ գործերին աստվածային:
ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Թեկուզև տեսնես անտես Արարչին,
Ուղիդ չի շեղվի, չի փոխվի ոչինչ,
Քո վհատ ճամփով կգնաս դարձյալ`
Նրան անհաղորդ կդառնաս անցյալ:
Կառնի բարևդ որպես օտարի,
Չի՛ նայի դեմքիդ իր բա՜րձր գահից,
Ճամփադ մենավոր, կամքդ ամայի.
Ավարտը, ավա՜ղ, կմնա մահին:
Սրտումդ պահած և՛ հեղձուկ, և՛ սեր,
Գլխիկոր կանցնես, կուզենաս տեսնել,
Կուզենաս ասել` որդիդ եմ, ների՛ր`
Աղոթք չի լինի համր շուրթերիդ:
Ունայն իր քամուն չի սանձի, ավա՜ղ,
Ու քամու շունչը հոգիդ կպատի,
Սերդ կմնա երկնքում շվար,
Եվ Արարիչը չի՜ էլ նկատի:
Եվ թափառական կդառնա սերդ,
Իրեն անճանաչ, խելագար մի երգ,
Տիեզերական անվերջ հողմերում
Կորոնի նա քեզ, կորոնի Աստծուն: