ՍԵՎ ՏԱՊ = ՍԵՎ ՑՈՒՐՏ / Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հրանտ ԱլեքսանյանՍԵՎ ՏԱՊ = ՍԵՎ ՑՈՒՐՏ

Սև տապի և սև ցրտի միջև
քամին գծում է հավասարության նշան –
միշտ տեսանելի է, թե ինչպես են նրանք
կերպարանափոխվում մեկը մյուսին:-
Իսկ քամին սաստիկ վախենում է սևից,
և աստղն է սևից սփրթնում սաստիկ,
և լեռնապարը, թիթեռը, հոգին…
«Սև» բառի վրա սայթաքում է նորելուկ դարաշրջանը,
որ անփորձ է դեռ, և նրան թվում է`
անցնել կարող է խավարի ոլոր թունելներով:-

…Ես բնազդորեն սիրում եմ կայտառ ծիրանագույնը –
ծիրանագույն տապ, ծիրանագույն ցուրտ,
և նրանց միջև հավասարության նշան դնողը
ես եմ` աստվորս հեռագնա:-
Սևը ոչինչ է ծիրանագույնի մոտ,
քանզի նա այդպես էլ չսովորեց իր մութ
նոթերը ետ տանել պայծառ տիրույթներում
կամ` պարզապես վասն եղբայրության…

ՈԳԻ ԵՎ ԼԵԶՈՒ

Անհուշի խորքից ելնում է ոգին`
իբրև հայրենիք համասփյուռ
կամ` դաշտ մագնիսական –
անգամ չֆիքսվող հյուլեի համար.-
ոգու կառուցվածք-աշխատակարգի մասին թղթերը
«գերգաղտնի» նշումով թաքցված են Տիրոջ պահոցներում:

Լեզուն խշշացող ծառի նման
ելնում է մենության ներքնահարկերից`
որպես սրտացավ ընդդիմախոս,-
ես հակակշռում եմ միայնակի խռովքն անկիզելի` շշնջում է նա:

Բայց լեզուն խույս է տալիս մենությունից,
ինչպես մորից խորթ,
և խոնարհ հակվում ոգու ջլապինդ կերպարի վրա:-
Լեզուն ուզում է լինել սոսին նրա
և պատգամաբերը զմայլահամակ:

Իսկ ոգին իրեն սրբազան ճիգ է համարում և
ջանում իր լեզվի պատվաստանյութով
շարժել անհունի շուրթերը սև…

ԶՈՀԱԽԱՐՈՒՅԿՆԵՐԻ ՉԱՆՀԵՏԱՑՈՂ ԾՈՒԽԸ

Հեռուն տեսնելը եղավ անհնարին,
հորիզոնների գոտին նվաճած`
մշուշն է փակում տեսադաշտը.-
մեր աչքի լույսի ճամփան է հատվում,
լույսը, որ հավերժի խոռոչին է միտված:-

Մշուշն է հեռվում անհաղորդ փռվել
մեր հայացքի և հոգու դիմաց:
Մշո՞ւշ… այդ հեռվում ծանր գամվել է
զոհախարույկների ծուխը անթափանց…

Նրան խառնվել են անզիջում մեղքի ամպերն անգույն:

ԵՎ ԿՍՐԲԵՆՔ ՎԱՂՎԱ ԾՈՎ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ

Ապագայի էկրաններին անվերջ կցուցադրվեն
3D և 3+D աճող ձևաչափով բլոքբաստերներ`
ճղճիմ-անհիշելի դիպաշարերով,
կամ` ուղղակի առանց դիպաշարի…

Փնտրում եմ կետն այն, ուրկից
հնարավոր է շեշտակի նայել
ապագայի հոգնատանջ աչքերին ու անխոս
այնտեղ պահմտված տխրությունը չափել
տագնապի զգայուն զանգակներով,-
դուք լսո՞ւմ եք արդեն նրանց ղողանջը թախծաբորբոք…

Ինձ մի՛ շտապեցրու, անգին,
ես քո քնքշանքը դանդաղ քանդակում եմ կավե բառերով,
և դու կլինես ամենանրբագեղը գալիք հանդեսներում
և ամենաչքնաղը անպատմելի:-

Սպիտակ թաշկինակներ առնենք ու գնանք վաղվան ընդառաջ –
նրա աչքերի ծով արցունքները
մենք պիտի մաքրենք:

ՈՉՈՔՈՒԹՅՈՒՆ

Ժխորն ուժգնանում է,
ընդլայնվում ստվերների, հրահանգիչների ու
խամաճիկների թեժ բազմությունը`
որպես նախահարձակ պարապաց բանակ
և ոչոքություն ոչնչագույն,
որ սահմանում է կարգ ու պատիժ`
անաստվածորեն, անիմացաբար:-

Ոչոքության դրոշն են երկնքում ծածանում
չարձանագրվող ամպերը գորշ:

ԱՍԱ ՋՈՒՐ, ԱՍԱ ՀՈՂ, ԱՍԱ ՏՈՒՆ

Ասա ջուր, ջուր վճիտ, ալեծուփ ջուր…
մինչև հորինեմ աղբյուր ու ջրանցք,
գետ ու ծովակ,
ջրամբար, ջրանույշ, ջրաստված –
հուզաշխարհի ցամաք բևեռներում,
անապատներում տարածական,-

ժամանակը պեղում է երաշտ ու ծարավ`
խեղդելու սրբազան ոգին:

Ասա հող, կենսահող, հող պարարտ…
մինչև հորինեմ հողի սեր, հոգեհող,
հողեղեն երկիր անաղարտ`
կենսալից ծովերով երիզված,
քաղցրահամ ջրերով զարդարուն,-

ժամանակը քրքրում է սիրտը հողի
գործուղված հսկիչ չարքի պես:

Ասա տուն, տուն օրրան, տաքուկ տուն…
մինչև հորինեմ ասքը երջանկության –
դժբախտ-անհավատ ժամանակի դեմ:

ՀՄԱՅՈՒՆ ԶՐՈ /Օ/

Արեգակի և իր շեղված առանցքի շուրջ
պտտվող Երկիրն` ասես
առեղծվածի թելերը մի կծիկի մեջ
փաթաթող տատիկ,
որ կորացել է իր սև շալի մեջ,
գունդուկծիկ դարձել…

Աստծո և իր բյուր կորուստների շուրջ
անդադրում պտտվող համայնքը` ինչպես
վախճանատոնի թնդուն խճանկար`
ահի որմերին…

Ինքդ խոստովանիր, թե ինչի շուրջ ես
տենդահար պտտվում.-
գիտես` օր կգա,
և դու մարգարեի խաղաղությամբ կասես`
կյանքը անվի պես համառ պտտվում է,
և անվի մեջ զրոն/Օ/ է ընկողմանել:-

Հմայուն է զրոն`
ինչպես Ոչինչը խայթելու պատրաստ,
գալարաօղակ նախշուն վիշապօձ:

ԱՌԱՆՑ ԴԻՄԱՆԿԱՐԻ
ՀԵՌԱՑՈՂ ՕՐԸ

Փետրվարյան օրվա դիմանկարը
ծխաներկով պատկերող փետրավոր ամպին տես –

մոխրագույն պուտեր է դրոշմում
ծածանվող կտավին իր
և միակցում դրանք կորագծերով` սև ու արծաթերանգ:-
Պատկերն այդ` ասես սուր մաշկացանի ախտաբանություն`
տկար գեղեցիկը ապաքինելու ակնարկումով:

Ըստ փետրավորի`
փետրվարյան օրը հայացք չունի, սիրտ` առավելապես,
թե չէ ինչու է նա անհոգաբար փռվում
մեռյալների ու հավերժական թախծի ակունքների վրա`
անշոշափ վերմակի պես,
անկիրք հոմանուհու մելամաղձությամբ…

Օրն ինքը ապա խոցված հեռանում է փետրավոր ամպի
կերպավորմամբ՝ անձնագրի ու
հետնորդների համար մի ջինջ դիմանկար չթողնելով:

Ի ԽՈՒՅԶ ՄԻՖԱՐԱՐՆԵՐԻ

Ծիծեռնակը իջնում եռուն երկնքից,
իր միֆն է հյուսում հաղորդալարերի ձգվածքի վրա,
ձեղուններին ու տանիքների տակ,
պուրպուր հայացքների, խոկումների մեջ –

իր բեկ-բեկ չուերի,
լազուրի խորաթափանց ու չախտորոշվող ցավի,
մելամաղձոտ գարնան,
անհոգի նետերի, ճանկերի, ճիչերի,
մենամարտերի ու կույր անկումների,
իր սևհուր սիրո և ուրացման մասին,-

հյուսում է մի լեզվով,
որ միֆն այդ երբեք չվերծանվի,
պարզապես դրոշմվի չքվող ժամանակի մի
վառ ակնթարթում`
իբրև թողություն ու աղապատանք…

Եվ խլուրդն է ելնում ստորգետնյա խավարից
իր սեփական միֆով,
և մեգն է գալիս միֆով մառախլապատ,
և կրկնորդներն են աճապարում տաճար
ճառագուն միֆերով,
ստվերներն են շարժվում` ետևից
ցրելով միֆեր գաղտնակուր…

և դու կասկածում ես քո կերտած
միֆի եսության վրա,
և միառժամանակ փակվում ես հերքման
վանդակի մեջ:-

Իսկ հեռվից զայրագին բացականչում են`
– Ո՞ւր եք գալիս այդպես`
առանց միֆական խիղճ ու կերպարանքի…

ԿԱՐՄԻՐ ՔԱՄԻ

Անվան ու գույնի մոլեգնորեն ձգտող
գոյական ու տեսիլք –
պտտվում են մեր շուրջ համր ճիչով,
նրանք սոսկում են անգույն-անանուն
ճակատագրից –
մահից, ժխտումից, արհամարհանքից
առավել խիստ…
Նրանց մեջ է և տանջանքն անագորույն – անհայտությունից
ահաբեկված գալիս, խայթված օձի պես սողոսկում է
մարդամարմնի փակ բավության մեջ
և գալարվում է գլխապատառ վերևից ներքև ու հետընթաց,
նրա հյուսվածքների արնոտ սարդոստայնով,
և ոռնում է, թնդում, շաչում երկար,
սուրում-սուրում է խելակորույս մարդանյութի ողջ արձակությամբ –
արնակոլոլ, կարմիր քամու նման,
ալվան ցավի ու բոսոր դավի ռենտգեն-նկարով սարսռազդու…

Մի անվան ու մի գույնի համար
այսպես հեղվում է կամք ու արյուն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։