Մշակիր քո հողը* / Համո ՍԱՀՅԱՆ

Համո-Սահյան---1Ժամանակը չի կարելի ետ շրջել. այն սրընթաց շարժվում է` փոխելով մարդկանց կենսաձևը, կենցաղը և, մասամբ, նրանց հոգեբանությունը: Մենք ինքներս էլ, համաժողովրդական մեր կամքը ձուլելով կուսակցության կամքին, արագացնում ենք ժամանակը, ձգտում ենք առանց կանգ առնելու, միշտ առաջ, հա առաջ ընթանալ:
Ամեն մի ժամանակ իր հիմնախնդիրներն է առաջադրում, և այն, ինչ քսան տարի առաջ այնպես անհանգստացնում էր մեզ, այսօր կարող է այնքան էլ նշանակալից չթվալ, իսկ ներկայիս հոգսերը ամենևին էլ պարտադիր չէ հաջորդ սերնդին փոխանցել:
Մեր կյանքի ժամանակակից պայմանները, նրա` զգալիորեն բարձր մակարդակը երբեմն այնպիսի մարդիկ են ծնում, ովքեր սեփական հաճույքը գերադասում են առավել կարևոր և ուշադրության արժանի շատ հարցերից: Հասկանալի է, որ անհոգ կյանքով ապրելու, բոլոր հասանելի ու անհասանելի բարիքներից օգտվելու ձգտումը երիտասարդության միայն որոշ մասի մեջ է նկատվում: Դա, սակայն, բնավ էլ չի նշանակում, թե նման հոգեբանության մասին պետք է լուռ մնալ, պապանձվել:
Ժամանակի ընթացքն անդառնալի է, և մի սերունդը նման չէ մյուսին, և ճիշտ չէ կարծել, թե նրանցից մեկը լավն է, իսկ մյուսը` վատը: Կյանքի ցանկացած ոլորտներում մեր ձեռքբերումները, մեր հաղթանակները միանգամայն որոշակի մարդկանց են վերագրվում, հաճախ` հենց երիտասարդներին:
Անցած ամռանը Սիսիանի շրջանում ես չորս երիտասարդի հետ ծանոթացա, ովքեր, բուհն ավարտելուց հետո, հայրենի գյուղ էին վերադարձել և հիմա անասնաբույծներ են: Հիշենք, որ մինչև վերջերս գյուղական երիտասարդությունը ուղղակի և անուղղակի ճանապարհներով լքում էր գյուղը, պատրաստ կրելու ամեն տեսակի դժվարություններ` միայն թե ապրի քաղաքում: Հիմա հակառակ միտումն է` գիտակցված վերադարձը դեպի արմատները, դեպի այն ավանդույթները, որոնց հիմքերը մեր ապուպապերն են դրել: Դա օրինաչափ է: Եթե մարդն անգամ երբեք հատուկ նպատակով պատմություն չի ուսումնասիրում, միևնույն է, նրա մեջ անպայման ապրում են, այսպես ասած, պատմական ծննդաբանության «գեները», քանի որ անտոհմ, անցեղ մարդիկ չկան:
Մարդ լինելու համար, ամենից առաջ, հարկավոր է ճանաչել-զգալ իր արմատները, գիտենալ` ո՞վ ես դու, որտեղի՞ց ես գալիս: Վերջին հաշվով`յուրաքանչյուր ժողովուրդ իր գոյությունը պահպանում է ավանդույթների շնորհիվ: Իսկ դրանք առավել ամուր են գյուղում:
Միամիտ կլիներ, սակայն, ժամանակակից գյուղը դիտարկել միայն որպես ժողովրդական սովորույթների և ավանդույթների ինչ-որ պահեստարան: Գյուղը նորանում է, փոփոխվում, հակվում դեպի տեխնիկական հեղափոխության բարիքները: Գյուղի և քաղաքի միջև եղած խզումը տարեցտարի կրճատվում է: Եվ, ահա, ոչ միայն քաղաքաբնակ մարդու, այլև գյուղում ապրողի բառարանից (նաև` կյանքից) անհետանում, իրենց իմաստն են կորցնում, բազմաթիվ բառեր ու երևույթներ:
Ոչ միայն իմ որդու, այլև գեղջուկ տղեկի համար «հացն» այսօր նշանակում է` 20 կոպեկ-խանութ-վաճառող: Նրանց համար այս բառի տակ ուրիշ ոչինչ թաքնված չէ: Մինչդեռ ինձ համար հացը երկու հարյուր այլ բառերի հետ է կապված: Հացը հիշողությանս մեջ արթնացնում է ալրամաղը, որով ալյուր էին մաղում, տաշտը, որի մեջ խմոր էին հունցում, թոնիրը, որտեղ հաց էին թխում, և էլի` բազմաթիվ առարկաներ ու գործողություններ, որոնք նախորդում էին տանը տաք, անուշաբույր հացի հայտնությանը:
Ժողովուրդը դարերի խորքից է բերել ընտանիքի, տան, ցեղի նկատմամբ հավատարմության ավանդույթը:
Լավ կլինի, եթե երեխան վաղ հասակում ըմբոշխնի-ընկալի այս ճշմարտությունները: Իմ համոզմամբ, ամենակարևորն այն է, որ կյանքի առաջին իսկ քայլերից նա լավ օրինակ տեսնի: Թեկուզև` մեն-մենակ, բայց` կենդանի օրինակ: Հնուց անտի` ընտանիքների մեծ մասում օրինակը հայրն էր:
Իմ հորը ես համարել եմ աշխարհում ամենաուժեղ, ամենախելոք, ամենաազնիվ մարդը: Մեկ-երկու անգամ է նա եղել քաղաքում, այնտեղ ռուսերեն երկու-երեք բառ սովորել, մինչդեռ ինձ թվացել է, թե նրանից լավ ոչ ոք ռուսերեն չգիտի, անգամ` Պուշկինը: Չգիտեմ` իմ մանկական մոլորությունները կյանքում ինձ օգնե՞լ են, թե՞ խանգարել: Կարծում եմ, այնուամենայնիվ, օգնել են:
Նույնիսկ այն ժամանակ, երբ մեծացա և բազմաթիվ մեծ մարդկանց ճանաչեցի, միևնույն է, հայրս ինձ համար շարունակեց մնալ ջինջ ու անհասանելի:
Երեխաները կյանքը սովորում են մեծահասակների օրինակով: Ուստի նրանց դաստիարակել է պետք ոչ թե խոսքերով ու քարոզներով, այլ` գործով: Ի՞նչ օգուտ, եթե որդուդ հետ խոսես աշխատանքի անհրաժեշտության և օգտակարության մասին, եթե դու ինքդ քո մասնագիտության հանդեպ անտարբեր ես, ինչ-որ տեղ նաև` ոչ պարտաճանաչ: Հիշում եմ, երբ երեկոները տուն էին վերադառնում իմ հորեղբայրները (նրանք աշխատում էին Բաքվի նավթահորերում), ողջ ընտանիքը հավաքվում էր` լսելու նրանց պատմությունները: Իսկ դրանք միայն աշխատանքի մասին էին: Մենք բոլորս գիտեինք, թե գործերն ինչ վիճակում են այս կամ այն տեղամասում, որ գործը գլուխ չի եկել, որտեղ է այն դանդաղ ընթանում: Իսկ եթե արդեն նավթի շատրվան էր խփում` ողջ բակն էր ուրախանում:
Հետզհետե ավելի հազվադեպ եմ նկատում, որ մարդիկ իրենց աշխատանքի մասին խոսեն այդպես ոգևորված, այդչափ շահագրգիռ հետաքրքրությամբ: Երեխաները մի կարգին չգիտեն էլ, թե իրենց ծնողները որտեղ են աշխատում, ինչով են զբաղված:
Հնուց ի վեր ժողովրդի մեջ վարպետ բառով են մեծարել նրանց, ում ձեռքին արհեստը վերածվել է արվեստի: Վարպետներին ճանաչել են անուն առ անուն, նրանց համընդհանուր հարգանքի ու պատվի արժանացրել:
Կյանքն առաջ է գնում, լավ ավանդույթները, սակայն, չեն անհետանում: Դրանք միշտ վերափոխվում են, ներառում ժամանակի շունչը: Ճիշտ է, մարդկանց որոշ մասին գիտակցության մեջ մնում է հիշողությունը` իրենց դարը վաղուց ապրած ավանդույթների մասին, բայց ավանդույթների մասին հիշողությունը բոլորովին էլ չի զարդարում, չի վեհացնում մեզ և մեր այսօրվա կյանքը: Եվ այստեղ մենք` և՛ մանկավարժները, և՛ գրողները, պետք է աշխատենք, փոխադարձաբար օգնենք միմյանց` ստեղծելու ժողովրդական նոր, վառ տոնախմբություններ, որոնք համապատասխան են գարնան մեր բերկրալից զգացմանը, աշխատավորի ազնիվ զգացմանը, որն ըստ արժանվույն ավարտել է իր աշխատանքը, ստեղծենք տարբեր, բայց արևավառ տոներ, որոնք մարմնավորեն մեր ժողովրդի ոգին, մեր խոհերն ու ձգտումները:
Տարին մի քանի ամիս ես իմ հայրենի Սիսիանի շրջանում եմ անցկացնում, և ամեն անգամ սիրտս բերկրանքով է լցվում, երբ տեսնում եմ, թե ինչպես գարնանը, հայրերի հետ միասին, հանդիսավոր ու տոնական, խորհրդային տնտեսության դաշտեր են ելնում նաև որդիները, թե ինչպես են նրանք տնտեսվարի պես, սրտացավորեն, հոգատարությամբ ու հմտությամբ մշակում հողը` լավ բերք ստանալու համար:
Հողն, առանց մարդու բարի ու ամուր ձեռքերի, ապրել չի կարող: Մարդն էլ առանց հայրենի հողի, չի կարող ապրել:
Աշխատավոր մարդը Հայրենի հողի վրա վստահ է նայում ապագային:

* «Մշակիր քո հողը» հոդվածը տպագրվել է միութենական «Ուսուցչական թերթ»-ի 1984 թվականի ապրիլի 19-ի համարում:
Թարգմանեց  Նիկոլայ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։