ՀԱՄԱՐԺԵՔ ԿՅԱՆՔ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Էլիբեկյան
«Ռոբերտ Էլիբեկյան» նոր գիրք-ալբոմը նվիրված է մեր ժամանակների մեծագույն հայ նկարիչներից մեկի ստեղծագործություններին: Ու քանի որ կենսագրությունը, որ նաև վարքագրություն է կոչվել, մեծավ մասամբ մի մարդու լավ կամ վատ ստեղծագործությունն է արարվելուց հետո, գրքում առանձնապես չեն առանձնացվել արվեստագետի կյանքի այս երկու կողմերը:
Պահել եմ ձեռքիս մեջ այս ծանրակշիռ «մատյանը» և ուրախություն եմ զգում, որ ժամանակ առ ժամանակ, երբ կյանքից անբավարար ու դժգոհ կբացեմ այն, աշխարհը շուրջս միանգամից կլիանա գույների, պատկերների, կյանք տեսած-ապրած փիլիսոփա-նկարչի թանկարժեք մտքերի հորձանքներով:
Թերթում եմ գրքի գեղանկարչության մասը՝ իմ սիրած գործերի վարպետ վերատպությունները, նորից զարմանքի մեջ եմ մնում: Գույները փոխվում են ժամանակի ու տարիքի հետ, բայց ոչ թե մռայլվելու, խունանալու, այլ ավելի ու ավելի վառ ու գունագեղ դառնալու ուղղությամբ:
Նկարչի՝ կանանց ֆիգուրներ պատկերող մեծ ու միջին չափի նկարներն ինձ համար մադրիգալներ են… Երաժիշտ չլինելով՝ առանց դժվարության այդ կանանց մեջ գտնում եմ այն մեկին, որի հետ համեմատվելուց չէր հրաժարվի ոչ մի կին: Եվ նրա՝ այդ կնոջ հետ, նրա պես ունկնդրում եմ մադրիգալի հատկապես հենց նրան նվիրված մեղեդին:
Մի հարցազրույցի ժամանակ վարպետն այսպես բավարարեց իմ հարցմունքն այն մասին, թե որտե՞ղ է տեսել իր նկարներում պատկերված այդքան շատ գեղեցիկ կանանց. «Նրանք ամենուրեք են: Բոլոր կանայք գեղեցիկ են: Միայն տեսնել է պետք»:
Ռ. Էլիբեկյանը մեր այն երջանիկ նկարիչներից է, ում ոճը անհնար է չճանաչել: Իսկ ոճը… ոճը գլխավորն է՝ արվեստագետին միակը, եզակին դարձնելու խնդրում:
Գրքում չէր կարող անդրադարձ չլինել Էլիբեկյանների նշանավոր գերդաստանի մյուս ներկայացուցիչներին, որոնցից ոչ մեկի կերպարային, բովանդակային, գունագծային լուծումներում փոխառություններ չկան: Փոխառությունը դրսևորվել է միայն արվեստի նույն տեսակին բարձրորեն ու անվերջ ծառայելու մեջ:
Ռ.Էլիբեկյանի նկարներում ներկայացող, երևացող, շենշող, իր տրամադրությունն ու հաճախ չգաղտնազերծվող կանայք լավատեսներ են, քանի որ իրենցով է սկիզբ առնում ու իրենցով է, որ չի վերջանում արվեստի խորհրդավոր գաղտնիքը:
Գրքի մի ամբողջ մաս, և գիրքն ամբողջությամբ նվիրված է Մարիին՝ նկարչի կնոջը: Հայտնի է, որ աշխարհի մեծագույն նկարիչների կյանքում մեծ դեր են ունեցել մի քանի կանայք, որոնց հայտնի է եղել այն զորավոր ուժը, որից արարումի այս և ոչ թե մի այլ տեսակի պատճառ, առիթ, դրսևորույթ է ստացել կինը, կինն առհասարակ: «Թող ասեն, թե կարծրացած միտք է, բայց ոչինչ, որ ես էլ հաստատեմ՝ կանայք շատ զգայուն են արվեստի արտահայտությունների հանդեպ: Դա ես Մարիի օրինակով գիտեմ: Կյանքի փորձով եմ նաև համոզվել: Կինը ներաշխարհը հարստացնելու, գեղեցիկ ներդաշնակության պահանջ ավելի շատ ունի, քան տղամարդը»: Թեև այնքան էլ ֆեմինիստ չեմ, բայց հաճելի է նման մտքերով տարվելը, մանավանդ, երբ խոսում է մի արվեստագետ, որին անվերապահորեն հավատում ես: Բայց լայնածավալ են վարպետի հորիզոնները: Նրա՝ մարդկության անցուդարձին հետևող հայացքը անվրեպ որսում ու կանգ է առնում աշխարհի զարկերակի վրա: «Մեր իրականությունը վտանգավոր այնքան խորը շերտեր է բացում, որ երբեմն տագնապում ես: Բայց նույն վայրկյանին էլ գիտակցում ես, որ այն, ինչ կատարվում է, նորություն չէ: Բոլոր դարաշրջաններում մարդկությունը դաժան իրադարձությունների ականատեսն ու մասնակիցն է դարձել: Եվ համոզված եմ, որ ամենաճշգրիտը մշակույթն է արտացոլել այն, ինչ կա, այն, ինչ պիտի լինի, որովհետև ապագան տեսնելու ներքին տեսողությամբ միայն արվեստագետն է օժտված»:
Գրքում Ռ Էլիբեկյանի արվեստի երկրպագուն կգտնի նաև նրա կիրառական աշխատանքների լուսանկարները, կինոյի և թատրոնի նկարչական ձևավորումները, որոնցում շարունակվում ու կանգ չի առնում երևակայության թռիչքի ընթացքը…
Արժանին պետք է հատուցել գիրքը կազմողին ու խմբագրողին՝ արվեստաբան Ռուզան Զաքարյանին, գեղարվեստական ձևավորման մտահղացման հեղինակներ Զավեն Խաչիկյանին և Հասմիկ Մովսեսյանին՝ անպարփակելին մի գրքում պարփակելու այսքան եռանդ գործադրելու, ճաշակ և նրբամտություն դրսևորելու համար: Եվ, իհարկե, գրքի հովանավորներին:

One thought on “ՀԱՄԱՐԺԵՔ ԿՅԱՆՔ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

  1. Հիրավի ծանրակշիռ եւ արժեքավոր գնահատական՝ լիովին համարժեք «մատյանի» ոգուն:
    Շնորհակալություն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.