Հայաստանի գրողների միության վարչությունը խոր վշտով հայտնում է, որ կյանքի 69-րդ տարում կյանքից հեռացավ բանաստեղծ, հրապարակախոս
ՌՈՄԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆԸ
և ցավակցում է ընտանիքի անդամներին, հարազատներին, ընթերցողներին
Դու թողեցիր կարոտի մի նեղ լուսանցք
Ո՞ւր ես գնում, իմ ընկեր Ռ, Ռոմո, Ռոմիկ Սարդարյան: Մեր հին «գվարդիայի» վերջնաօղակ, որի շղթան կամաց-կամաց փակվում է… Դու, որ կրում էիր Բոհեմը քո մեջ և քեզնից դուրս առանց շպարի, ձևի, դերակատարության, դու, որ միշտ ծափահարողը եղար, հիմա ճամփա ես ընկել դեպի Ապրողների երկիրը և ո՞վ իմանա` թե այնտեղ քեզ չեն սպասում Չիլոն, Արմենը, Վարուժը…
Դու, որ խաղում էիր բառերի հետ ձեռքիդ տերողորմյայի պես, շոշափում էիր տողը և գիտեիր, որ այն կշռույթ ունի և քո զարդանախշերն էիր թողնում նրանց վրա, չչարացար աշխարհի դեմ: Քո բաժինը համարեցիր ընդունելի, միայն երբեմն-երբեմն օդում հնչեցրեցիր հենց այնպես պոետավարի.
– Ես Ռ-ն եմ…
Դու, որ փորձում էիր հաճախ արտիստիկ լինել և կրում էիր քո դասական շարֆիկները, բազմաձև գլխարկները, դեռ հրաժեշտ չէիր տվել հին աշխարհին և դժվարանում էիր տեղավորվել նորի մեջ: Մյուս ոտքիդ համար տեղ չէր մնում, և դու չկորցրեցիր կյանքին նայողի քո ժպիտը, չկրեցիր երբևէ փողկապ, չընդունեցիր կեցվածքի այս նոր ոճը:
Սիրում էիր ջահելներին: Նրանց բերած փոքրիկ ճնճղապաշարները համարում էիր Մեծ, հավատում էիր Բառի հեղաշրջմանը, նրանք դեռ քեզ կկարոտեն: Դու կամրջել գիտեիր անցյալը ապագային, իսկ ներկան քոնն էր, իմ լուսավոր պոետ, իմ կռվի ընկեր:
Դու, որ մի բաժակ գարեջրի մեջ փորձում էիր խեղդել ներսիդ փոթորիկը, իսկ դատարկ բաժակը նայում էր քեզ չթարթվող բիբի նման, մշտապես փնտրում էիր ճիշտը, իրականը, արդարը, չփշրվողը, քոնը, հիմա թողել ես քեզ կարոտելու մի նեղ լուսանցք:
Գիտե՞ս, Ռ, բառերի իմ այս նահանջը ցավեցնում է… Ես չեմ գտնում խճճված թելերի ծայրը, որ կարողանամ զրուցել քեզ հետ առանց ճիգի:
Ոչինչ, դեռ կհասցնեմ…
ՀՌԻՓՍԻՄԵ