…Չմահանաս, չմահանաս, չմահանաս… / Շանթ ՄԿՐՏՉՅԱՆ

Ռոմիկ

Համալսարանում սովորած տարիներիս առաջին գրքերի քննարկման օր էր: Մի անծանոթ տղամարդ ուզում էր տեսնել հեղինակին` Ռոմիկ Սարդարյանին: Չգտավ: Չէր եկել: Ասաց` ափսոս: Իսկույն հիշեցի նրա՝
Ես որտեղից գտնեմ
մանուշակներ կապույտ,
Որ ձյուներին այս պաղ
նրանց բույրը խառնեմ…
տողերը… Արդեն տեսել էի Բանաստեղծին: Այս հուշը խառնվեց ինձ պատած ցավին, իմ թանկ գրչեղբոր անդառնալի կորստյան հետ, «Մնացած կյանքի համար» օրերս լույս տեսած բացառիկ գրքին, թեև մտածում եմ դեռ, թե նա հիմա «խաբս» է տալիս, մտել է շուքերի աշխարհ` որոնելու Մահին, տեսնելու և մի լուր բերելու: Այդ խրոխտությունն ուներ, նամանավանդ՝ խենթությունը, երբ նշմարում էր իր ինտուիցիային հասու Գաղտնիքը, որը եզակիներին է տրվում…
Բոլոր ժամանակների պոետական նմուշների համը զգում էր մի ակնթարթում: Կյանքն ապրեց ցմրուր, ու իմաստնության իր երանգը տաք էր, թախծոտ և արնամերձ: Կյանքի վիթխարի գեղուտգեղ զանգվածից տրոհում էր սիրելի դեմքեր, հիշատակներ, մեծավայել ժեստով խոհական փակուղին բացում` անմահության ճամփի կամ մոմերի հեռավորությունը ցուցանելով:
Ամբողջ գիշերներ էին տևում մեր ջահելության զրույցները` մինչև գավաթները չորանային: Մի օր հինգ ընկերներով 50 գրամ օղիով գիշերակեսից հայտնվեցինք իր հյուսած հերթական ոստայնում. մի-մի կաթիլ, կենաց կենացի մի կերպ շրթունքներս թրջելով հասցրեց հելլենների աշխարհն ու ետ բերեց, հասցրեց սուֆիստներին ու ետ բերեց, հասցրեց մոդեռնիստներին ու ետ բերեց, մոտեցրեց Մեծն Չարենցին… և լույսը բացվեց: Ապշել էի:
Հընթացս միստերիաներ հորինող, գիշերները բերնեբերան լցնող նման զրուցակցի չեմ հանդիպել: Մեզնից ամեն մեկը Բոհեմից շեղվեց յուրովի, ինքը մնաց կենտրոնում` իր տեղում, ու հիմա իր տեղում պիտի «Մնացած կյանքի համար» հուշարձանը բարձրանա:
109-րդ էջում է: Ջահել-ջահել է գրել.
…Վերջին ժամիս
Վերջին սիրով ունկնդրում եմ
Վերջին, վերջին իմ մեղեդին.
– Չմահանաս, չմահանաս,
չմահանաս…
Այս անգամ նա չլսեց աշնան մշուշների ձայնը, լույսի ցոլքի, մանկան աղերսի ձայները… Իմ սիրելի բանաստեղծ-ընկերը փակվեց առեղծվածում ու լուր չի տալիս…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։