Մի՞թե մարդու կենսագրությունն ավարտվում է նրա մահով:
Լևոն Անանյան
Արդեն հիշատակող ես, սիրելի՛ Լևոն: Գիրը Հող է: Հողը Գրով, իսկ Գիրը Հողով են պահում-պաշտպանում: Դու էդ Հողի և Գրի տերը եղար: Մտքիս հետևից ընկած` շատերի հետ եմ խոսում: Խոսում եմ սահմանի բերանին զոհված զինվորի հարազատի հետ: Հուսահատվածի ու հայրենի շեմից հեռացողի հետ: Ճանապարհների հետ եմ խոսում, հնձված անտառի: Օրը ցերեկով, աչքերս բաց, տեսնում եմ շատերին: Արդարության, հացի, գործի կարոտ, հուսահատ ժողովուրդ: Դու սպասում էիր քո գրքին: Գիրքդ` տիկին Աղավնու կամոք, հասավ նաև ինձ: Գրքիդ հետ եմ խոսում: Գիրքդ հենց դու ես, որ կաս, հին ու նոր Լևոնների անխառն ձուլվածք: Ի՞նչ է ասում Սարգիս Կիրակոսյանը. «…շնորհիւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսարանի տպարանի անձնուէր անձնակազմի բացառիկ ճիգին` սեղանիս վրայ է… խիզախ հրապարակագիրին, ներհուն մտաւորականին, տաղանդաւոր փորձագիրին, բայց ամէն բանէ առաջ և վերջ ամբողջական հայուն և վաւերական մարդուն` Լևոն Անանէանի տագնապով, տառապանքով, ցաւով, ինքնայրումով, բայց միաժամանակ հայկեան հաւատքով ու ցեղին անկատար տենչերով երկնուած «Ժամանակ և ոգի» կտակին տպագրութեան պատրաստ թղթածրարը»:
Եվ ո՜նց շնորհակալ չլինենք Վեհափառ Արամ Կաթողիկոսին` հրաշալի գիրքդ արժանավայել տպագրելու համար: Գիրքը բաղկացած է «Ոգու սովը բախում է մեր դուռը», «Ցեղասպանության կազմախոսությունը», «Հավաքական ուժի պատգամը», «Գիրս մնա հիշատակող», «Արմատ և սաղարթ», «Վկայություններ հեղինակի մասին» բաժիններից: Ամեն մի գործ հիշեցնում է տարիների և նվիրումի հասակներ: Գիտեմ, տարիներ շարունակ դու քո ներսում լիքը բառեր ես գուրգուրել: Բառերը սերմի նման պահել ես լավ օրերի համար: Քո սերը հայրենի Կողբի հանդ ու չոլերն են, անտառը, բարբառը, Զիկատար սարը, Կոզման, Խլագոմ, Սալերք հեքիաթային գունաշխարհն է: Հայաստանի եզերքները չափչփող Անանյանը հիմա էլ գործուղվում է Շամշադին: «Նկարիչ բարեկամս մի քանի գիծ խզմզեց թղթի կտորի վրա և ասաց. «Դու չես զգա Շամշադինը, եթե այս ծաղիկը չտեսնես»: Սարին նայես, թե ձորին, քո դեմ պատմությունն է: Դու այդ պատմության ժառանգորդն ես: «Թաթարները գրավում են Տավշո աշխարհը: Բռնակալ Շամս էդ Դինն ամուսնանում է տեղի իշխանադստեր հետ: Օտար ասպատակը պայազատ է կարգվում այս հողի վրա»: Հեղինակը խոստովանում է. «Ինձ կրծում է չարությունը. ի՜նչ բարիք է գործել այդ ապիկար զավթիչը, որ ժողովրդի նախատինքի մատյանում բանադրվելու փոխարեն` հավերժացել է… Տեղանուններն էլ պատմություն են: Մի՞թե հայոց պատմությունը սոսկ նվաճողների վարքագրություն է: Եվ եթե ելակետը պատմական մոտեցումն է` մի՞թե Ուտյաց-Գարդմանա-Փառիսոս աշխարհը չի տվել նահատակներ ու հերոսներ, կամ թե ինչո՞վ բարեհունչ և արդարացի չէ Տավուշ անունը»: Պատմության մեջ, ժամանակի մեջ որոնելու, քեզ ճանաչելու պատիվն ունես: Եթե Չորաթանում հանդիպել ես համալսարանական ընկերուհուդ` Դեզդեմոնա-Դեզիկ Քալանթարյանին, որն աշխատում է շրջանային թերթում, ապա փորձիր գտնել նաև հակինթ ծաղիկը, փորձիր գտնել այն, ինչ այս հողում թաքցրել ու արևերես է հանել ժամանակը: Եվ ժպտում ես: Կարող ես գտնել այն, ինչ որոնում ես: «Երևում է հակինթը` մուգ կապույտ ու նրբամեջք, նրբագեղ խոպոպները զեփյուռի փափուկ ափին տված»:
«Հաւատքի, սիրոյ և նուիրումի յիշատակարան մըն է Լ. Անանյանի մտքին ու հոգիին ոսկեթելերով բանուած այս հատորը: Գրուած` արիւնով, իմացական ու հոգեկան քաղցր ճենճերումով, մտաւորականի անշահախնդիր խիզախութեամբ և նրբաճաշակ գրագէտի պատասխանատու գիտակցութեամբ»,- իր առաջաբան-խոսքում գրում է ճանաչված բանաստեղծ, գրականագետ Սարգիս Կիրակոսյանը` Լևոն Անանյանին և նրա գիրը քաջ իմացող, անվանի «Ազդակ»-ականը: Բացում ես շուրջ 460 մեծադիր էջանոց գիրքը և… սա գիրք չէ, սա արժանավոր մտավորականի, եզակի գրական առաջնորդի հուշարձանն է: Լևոնը բռնել է ժամանակի քննությունը: Եվ կարող ես ասել` սա ավետարան է… ըստ Լևոն Անանյանի: Նա ժամից ժամ էր քամում, օրից օր էր քամում և ստեղծում իր` լևոնական խիտ, բեղուն, բառաքամ ժամանակը: Գրողների տան դուռը Լևոն Անանյանն ավելի լայն բացեց ոչ միայն հայաստանյան-արցախյան գրողների, ոչ միայն սփյուռքահայ գրողների, այլ նաև օտարերկրացի գրողների առջև: Գրողի կուսակցությունը լավ գրելն է: ՀԳՄ նախագահ դառնալով` նա մնաց նույն Լևոնը: Միշտ շարժման մեջ, միշտ որոնման մեջ: Զգաց, որ ինքը կարող է կանգնել ամեն մի տուժածի, անտերի ու նաև Գրիգոր Գուրզադյանի նման հսկայի կողքին. «…անկախ Հայաստանում փառքի դափնիները չեն, որ պսակում են նրա ազնվական ճակատը, այլ՝ մտահոգության խոր կնճիռները: Արդեն չորս տարի է չգործած հանցանքի համար գիտնականին դատարան են կանչում, մեղադրյալի աթոռին նստեցնում, վճիռներ կայացնում, վերաքննում ու բեկանում, քանի որ նա համարձակվում է իսկական փորձանք դարձած մասնավորեցումից փրկել Գառնիի տիեզերական ինստիտուտը և «Գալակտիկա» փակ բաժնետիրական ընկերությունը»: Ինչ էր մտածում աշխարհահռչակ գիտնականը. «Ինչո՞ւ փոշիացնել տքնանքով ստեղծված հարստությունը: Այսօր մեր երկիրը աղքատ է, միջոցներ չունի, բայց մի գեղեցիկ օր ոտքի կկանգնի ու վերստին կդառնա կոսմիկական սարքաշինության կենտրոն»: Նա եզակի գիտնական էր, որի գինը էդպես էլ չիմացանք: Հրաշալի գրողին ու նկարչին դեռ նոր ենք ճանաչելու: Ամեն դար չէ, որ կարող է Գրիգոր Գուրզադյան ծնել:
Հրանտ Մաթևոսյանը ճիշտ էր նկատել` ով էլ ընտրվի նախագահ, դժվար է լինելու: Լևոնը կարողացավ վերուվար արդար պայքարով դժվարը հեշտ դարձնել: Կողբի հողի, բնության ծնունդ Լևոն Անանյանը չէր կարող սրտում, աչքերի մեջ հայ ու Հայաստան չունենալ: Բայց ինչո՞ւ պիտի փոքրանա Հայաստանը: Հայ մարդը ինչո՞ւ պիտի հեռանա իր տուն-տեղից: Երազած անկախություն ենք ասում, բայց էս ի՞նչ է կատարվում: Լևոն Անանյանը լինելով ազնիվ, ըմբոստ մտավորական` տեսնում էր ամեն ապականություն, ասում էր, գրում, հուզվում, թշնամու դեմ կռվե՞լն է հեշտ, թե՞ սրանց: «Ժամանակ և ոգի» գիրքը հենց ասածիս վկայությունն է: Կարդա և մտորիր ամեն մի գրվածքի շուրջ: Ավելի շուտ կարդա «Հաշտ ապրել սեփական պատմության հետ (հարցազրույց թուրքական «Միլիեթ» թերթի թղթակցի հետ»), «Նամակ թուրք գրողին» հրապարակումները և փորձիր ճանաչել Լևոն Անանյանին:
…Համաշխարհային ժամանակակից պոեզիայի մատենաշար: XXI-րդ դար: 2007 թվական: Լույս է տեսել վրացական ժամանակակից պոեզիայի, քիչ է ասել գեղեցիկ հատորյակը` Հայաստանում վրացական պոեզիայի փառատոնի առթիվ: Երևանում է Վրաստանի գրողների պատվիրակությունը: Իսկ ինչո՞ւ փառատոնը չանցկացնել Զանգեզուրում: Երկիր ունենք, թող տեսնեն: Մի օր Գորիս, մի օր Կապան: Պատվիրակությանը էնպես անկեղծ, սրտաբաց են ընդունում Գորիսի մանկավարժական համալսարանում, որ, ասես, յոթ տարի սպասել են: Երբ հաջորդ առավոտյան եղանք Բակունցի տուն-թանգարանում, պետք էր նայել վրաց բարեկամների աչքերին: Տունն էսպես են պահում: Նայիր այգու ծառերին: Բակունցի շունչն է ամենուր: Բակունցի տնից շարժվեցինք դեպի Տաթև: Ես թարգմանիչ չեմ, բայց կարող եմ ոչ թե տողացի, այլ հենց աչքի տեսածի և ունկի լսածի ասել, թե ինչպես էին Մաղվալա Գոնաշվիլին, Բելա Քեբուրիան, Մարինա Ցխվեդիաշվիլին, Մզիա Խեթագուրին երգում Տաթևի վանքում: Մեր Անահիտ Բոստանջյանը, հրաշալի թարգմանիչն ու բանաստեղծը իր ձայնն է միացնում վրաց բանաստեղծուհիների ձայնին: Տաճարի վեհությունը ավելի է սքանչացնում աղջիկներին: Բայց, ինչ արած, պիտի շարժվենք. Կապանում մեզ են սպասում: Կապանի ժողովուրդ`պատերազմ տեսած քաղաք:
Լևոն Անանյան. «Արմատ և սաղարթ»: Ես գալիս եմ դեպի քեզ, ինչպես ուխտավայր են գնում, ինչպես հիշողության զրնգուն գնացքներով գնում են դեպի սեփական մանկություն… Գալիս եմ ոտաբոբիկ, անձրևաշիթի խշշոցը ծակ տրեխներիս կաշեթել հանգույցներում, գլխաբաց, չձևավորված դիմագծերով, խակ, ինչպես հուլիսի մասուրը: Գալիս եմ իմ սերնդի, մեր հայրերի ու պապերի դժվար անցյալը փնտրելու քո խոհուն ու ներամփոփ ձորերում, քո բարձր ու հպարտ լեռներում, քո անանձնական երկնքում: …Եվ ամեն անգամ քեզ հիշելիս, մտածում եմ. այդ ե՞րբ է եղել, որ իմ ժողովուրդը 35 տարի կռիվ ու կոտորած չի տեսել: Աստված թող շատ չհամարի: Թող աճես այսպես, օրորոցներդ բազմանան, և զավակներդ վազվզեն անապական սարերում` կարմիր քերքեշը այտերին…
Օգնությունը հավերժական չէ, և կարեկցանքը կփոխվի արհամարհանքի, եթե տեր ու նեցուկ չկանգնենք ինքներս մեզ, հոգ չտանենք մեր հացի, մեր զենքի, մեր ոգու և մշակույթի մասին:
Մի՞թե փտախտը այնպես արագ հոշոտեց պետական իշխանության մարմինը, որ նրա շոշափուկներից փրկության ելք չկա:
Անցել է դասական մտավորականության ժամանակը, դռները կրնկի վրա բաց են շուկայական մտավորականների առջև:
Մոխրացնող խորշակ է մոլեգնում մեր հոգևոր հայրենիքում:
Լեզվի կորուստը ազգի կորուստ է:
Հայոց պատմությունը ունի մի անբարետես երես, որի անունը ազգային անմիաբանության ախտանիշ է:
Եվ ապառաժի պես պինդ տղամարդիկ, որ մերկ ձեռքերով թշնամու կռնակը կտրեցին` անառիկ պահելով հայրենի սահմանը, տուն դառնալով, անգործ ու աննպատակ տանը նստելով, պիտի ամաչեն նայել իրենց երեխաների աչքերին:
Եվ նրբագեղ բնության մաս կազմող կանայք, որ փշեջրի ու փթրուկի ալքիմիայով անմահ են պահում օջախների ծուխը…
Եվ միս-մենակ Սոնա տատի հուսահատ մրմունջը. «Տեր Աստված, ետ վերցրու իմ բաժին անկախությունը և տուր ինձ կուշտ փորով քնելու մարդկային պարզ երջանկությունը»:
Այս մեղր ու լեղի անկախությունը:
Հոգնեցի: Փակում եմ աչքերս և տեսնում եմ էն պատանուն, որ նայում է Զիկատարին ու փորձում է սուլել, բայց չի սուլում, որ անտառի մեղեդին չխաթարի: