ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է գրականագետ, հրապարակախոս
ԼՅՈՒԴՎԻԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ
ծննդյան 75-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
«Մանկագրական մոլորակի» տարեգիրը
«Մենք բոլորս գալիս ենք մանկությունից՝ ինչպես մի մոլորակից». «Փոքրիկ իշխանի» հեղինակի՝ ֆրանսիացի գրող Անտուան Սենթ¬Էքզյուպերիի թևավոր խոսքն է, որ խորհրդանշում է բոլորիս ակունք¬արմատները: Իսկ նա` գրականագետ, բանասիրության դոկտոր, հրապարակախոս Լյուդվիգ Կարապետյանը, ոչ միայն «եկել» է մանկության մոլորակից, այլև ի սկզբանե եղել ու մինչ այսօր մնում է այդ մոլորակի մշտական բնակիչը: Միայն թե այդ մոլորակի անունը «մանկագրություն» է, քանզի նրա ստեղծագործական կյանքի հիմնական հատվածը, տասնամյակներ շարունակ, նվիրվել է մանուկներին ու պատանիներին հասցեագրված գրականության պատմության ու տեսության ուսումնասիրությանը: Այդ ճանապարհին ծնվել են «Դասը վարում է գրողը» (4 պրակով, որի համար արժանացել է ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մրցանակի), «Ոսկեդարից» մինչև… 21¬րդ» (2 հատորով), «Մենք գալիս ենք մանկությունից», «Հանդիպումներ մանկության մոլորակում» և այլ գրքեր: Ավելին՝ առաջին անգամ առանձին գրքերով 2013¬ին հրապարակել է արևմտահայ և սփյուռքահայ մանկապատանեկան գրականության ուրվագծային պատմությունը՝ հավելվածում ներկայացնելով նաև այդ գրականության նշանավոր ներկայացուցիչների ստեղծագործություններից: Ահա այսպես՝ Կարապետյանը ամբողջական մի համապատկերում ներկայացրել է հայ մանկապատանեկան գրականության պատմությունը, և նրան իրավացիորեն համարում են «մանկագրական մոլորակի» տարեգիր: Լյուդվիգ Կարապետյանը նաև ճանաչված հրապարակախոս է, գեղարվեստավավերագրական գրքերի, տարաժանր լրագրական¬հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների հեղինակ: Այս ամենին նա համադրել է խմբագրական-լրագրական (եղել է «Դպրություն» թերթի, «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում» հանդեսի գլխավոր խմբագիր, «Հայաստան» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ), դասախոսական¬մանկավարժական երկարամյա աշխատանքը Երևանի պետական, Հրաչյա Աճառյանի անվան համալսարանների լրագրության ֆակուլտետներում: Այժմ Լյուդվիգ Կարապետյանը Երևանի «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի պրոռեկտորն է, լրագրության, լեզվի և գրականության ամբիոնի վարիչը:
Շնորհավորելով անվանի գրականագետ¬հրապարակախոս Լյուդվիգ Կարապետյանին` ծննդյան 75¬ամյակի առթիվ՝ նրան մաղթում ենք ստեղծագործական նոր արարումներ ներկա և ապագա գործունեության ճանապարհին:
Կարլոս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԴԻՄԱՆԿԱՐԻ ԷՍՔԻԶՆԵՐ՝ ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ԽՈՍՔԵՐՈՎ
***
…Քո ճանապարհը բանաստեղծությունը չէ, ձեռք քաշիր, ամուր բռնիր ակնարկների «պոչից», հատկապես երեխաների աշխարհից, կստացվի:
Պարույր ՍԵՎԱԿԻ նամակից, 1962
***
…Լյուդվիգ Կարապետյանի գեղարվեստական շատ ակնարկներ մոտենում են պատմվածքի սահմանին ու լավ է, որ «ներս» չեն մտնում, որովհետև հենց «սահմանապահի» այդ դերում է նրա լրագրողական ու հրապարակախոսական շնորհքի ինքնատիպությունը:
…Իսկ մանկական գրականության խնդիրներով զբաղվող մեր քիչ, շատ քիչ գրող¬գրականագետների շարքում նա իր խոսքն ունի, որ գնալով, հուսով եմ, պիտի զորեղանա: Նրա գրաքննադատական մտածողությունը զգացմունքային¬պոետական երանգներ ունի, թվում է՝ ինչ¬որ տեղ մեր ոլորտի «սահմանների» խախտում, բայց մանկական գրականության քննադատի պարագայում թերևս գերադասելի առավելություն… Վկա «Վախթանգ Անանյանի կանաչ աշխարհը» շատ հետաքրքիր գիրքը, վկա մեր մանկական գրողներին նվիրված էսքիզ¬դիմանկարները…
Սուրեն ԱՂԱԲԱԲՅԱՆ, 1975
***
…Իմ շնորհալի ուսանողներից պիտի հիշատակեմ նաև քեզ, սիրելի Լյուդվիգ Կարապետյան, որ տապակվեցիր երկու մուսայի՝ մանկական գրականագիտության և ժուռնալիստիկայի մեջտեղում: Հիմա էլ երրորդ՝ «ուշացած» մուսային ապավինած եկել ես համալսարան և ինձ հետ դասախոսություն ես անում…
Հրանտ ԹԱՄՐԱԶՅԱՆ, 1997
***
Սիրելի Լյուդվիգս…
Էսքան մեծարել¬մեծացնել կլինի՞ ինձ ու իմ համեստ գրվածքները, որ արել ես քո գրքում… Տեղ¬տեղ ուղղակի նմանեցրել ես իմ որսորդական «փչոցներին»… Իսկ թե լուրջ¬լուրջ խոսենք, լավ ու խելոք գիրք ես գրել և ինձ շատ լավ էլ «թարգմանել» ես, որ իմանամ՝ ինչ եմ ուզեցել ասել էս կամ էն գրվածքով: Աստված ինձ զորություն տա, որ նոր բաներ գրեմ, քեզ էլ, որ դրանք քո ճարտար գրչով «թարգմանես» ու հասցնես ընթերցողին: Քո բանաստեղծական¬քննադատական ոճը հիշեցնում է մեր Սուրենին (Աղաբաբյան)… էդպես էլ առաջ գնա…
Վախթանգ ԱՆԱՆՅԱՆ, 1975
***
«Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում» ամսագրի առաջին համարները վկայում են, որ դու վերջապես գտնում ես քեզ, մայրենիին քո նվիրումն էլ խորքային է, ոչ կեցվածք: Խմբագրական ձեռքդ էլ կամաց¬կամաց ամրանում է, և ես ուրախ եմ, որ «Պիոներ կանչում» միասին ճանապարհ ենք անցել… Սպասելիքներս դեռ շատ են քեզնից…
…Չմոռանաս, մանկական գրականության «բախտը» նաև քո ձեռքում է, բայց շատ ես բարի, «չարացիր», ավելի խստապահանջ եղիր…
Վարդգես ՊԵՏՐՈՍՅԱՆ, 1984
***
Ծանոթացա Լյուդվիգ Կարապետյանի «Վախթանգ Անանյանի կանաչ աշխարհը» գրականագիտական ուսումնասիրությանը. ասպարեզ է մտնում մի շնորհալի ստեղծագործող-գրաքննադատ…
Սերգեյ ՍԱՐԻՆՅԱՆ, 1976
***
Լ. Կարապետյանի գեղարվեստական ակնարկների գրքերը ճանաչողական են: Դրանցում տարբեր սերունդներ ճանաչում են իրենց, վերապրում անցած¬գնացած մանկության հուշերը: Հեղինակը ակնարկներում որոնող է, ունի վառ երևակայություն, առօրյա փորձի մեջ կարողանում է նկատել բանաստեղծականը, հեքիաթայինը, արտասովորը… Նա հրատարակել է «Ողջույն, տիեզերական հյուր», «Կապույտ ծիածան», «Մեծամորի զավակները», «Քարե հուշամատյան», «Սխրանքի խարույկներ», «Ճանապարհորդություն «կարմիր հեքիաթների» երկրում», «Արևային զանգակներ», «Յոթ նոր երգ Հայաստանի մասին» և ուրիշ գրքեր, որոնք ներկայացնում են սերունդների կյանքի առանձին դրվագներ, մասնավորապես մանուկների առօրյան պատկերող գեղարվեստական տարեգրություն են:
…Բայց, այս ամենով հանդերձ, Լ. Կարապետյանը մեր մանկական գրականության ճանաչված գիտակ է, այն եզակի գրականագետ¬գրաքննադատներից, որ հետևողականորեն զբաղվում է հայ մանկագրության պատմության և տեսության, հայ մանկական գրողների ստեղծագործական ճանապարհի ուսումնասիրությամբ: Վկա՝ «Վախթանգ Անանյանի կանաչ աշխարհը» մենագրությունը, «Մանկապատանեկան գրականության դաստիարակչական արժեքը», «Արկածների բարի մոլորակ» և այլ աշխատություններ:
Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ
***
Դժվար է գերագնահատել այն մեծ ավանդը, որ Լյուդվիգ Կարապետյանը տասնամյակների լրագրական¬հրապարակախոսական, դասախոսական¬մանկավարժական բեղմնավոր գործունեությանը զուգահեռ, ներդրել է հայ մանկապատանեկան գրականության տեսության ու պատմության ուսումնասիրության ոլորտում՝ միշտ հավատարիմ մնալով «մանկության մոլորակին»: Արդյունքում՝ ծնվել են «Դասը վարում է գրողը», «Ոսկեդարից» մինչև… 21¬րդ», դասական ու ժամանակակից հայ մանկական գրողների, ավելին՝ արևմտահայ և սփյուռքահայ նշանավոր մանկագիրների դիմանկար¬էսքիզներով, նրանց ստեղծագործությունները հրաշալի վերլուծաբաններով ներկայացնող տասնյակից ավելի գրքեր: Զորություն մաղթենք նրա գրչին, ստեղծագործական նոր հաջողություններ՝ ի փառս մանկության միշտ կանաչ ու հեքիաթային մոլորակի, որի բարի տարեգիրն է նա:
Լիպարիտ ՍԱՐԳՍՅԱՆ
***
Լյուդվիգ Կարապետյանը մեր այն բացառիկ և նվիրյալ գրականագետներից է, որ հետևողականորեն և սիրով արդեն քանի՛ տարի նվիրվել է մանկապատանեկան գրականության խնդիրների ուսումնասիրմանը՝ հիրավի գրականագիտության մեջ զարգացնելով ոլորտը, գիտական արժևորումների շրջանակը… «Դասը վարում է գրողը» մատենաշարի արդեն հրատարակված պրակներում ամբողջական, գիտական որոշակի համակարգումներով ներկայացված է հայ մանկապատանեկան գրականության մի ամբողջ շրջափուլ, այդ գրականության պատմության մի յուրօրինակ ուրվագիծ՝ դիմանկարային ակնարկների տեսքով, ինչը հնարավորություն է տվել հեռանալ ակադեմիական վերլուծականությունից և հասնել պարզ ու մատչելի մատուցման՝ պահպանելով նյութի ներկայացման գիտական սկզբունքները… «Դասը վարում է գրողը» գիրքը իսկապես մեծարժեք ուսումնասիրություն է, որի կարիքը ընթերցողը շատ էր զգում:
Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ