ԳԻՇԵՐԱՅԻՆ ՎԱՐԴԻ ԱՆՈՒՆԸ / Վան ԱՐՅԱՆ

Վան ԱՐՅԱՆ
Գրող, մշակութաբան

Փողոցում ճեմող գեղեցկուհիներից մեկին, միայն մեկին կմեխվի ու կսևեռվի քո հայացքը: Կմտածես, թե նա քոնն է այլևս, մինչդեռ շանթահարված ու գետնված ես ինքդ… Այսքան հզոր է, թերևս, նաև ճշմարիտ բանաստեղծության, պոեզիայի ուժը: Մի օր նա կհանդիպի քեզ, կհառնի քո դեմ անսպասելի ու հանկարծակի… Նա կգա մի գրքի, մի շարքի, մի բանաստեղծության, նույնիսկ մի կամ մի քանի բառի տեսքով, օրինակ՝ վարդի կամ գիշերային վարդի կերպարանքով…
Այնպես որ, անգամ բանաստեղծական մի բառի ու անգամ մի տողի մասին կարելի է տեքստ գրել:
«Պարտեզում վարդ էր բացվել…»: Իհարկե, սա նույնպես պոեզիա է, բայց այլ հարթության և այլ չափումների մեջ:
Եվ Մերուժան Տեր-Գուլանյանը դեպի պարտեզ չէ առաջնորդում քեզ, այլ՝ դեպի կիսախավարում մերկ կնոջ մարմնին բացված ծաղիկը… Իսկ դրանից այն կողմ արդեն սահմանն է անհունի…
Գիշերվա վարդը գաղտնիքն է կյանքի, և նրա անունը ոչ ոք չգիտի… Իհարկե, իմացողներ կան, բայց նրանք ծպտուն չեն հանում:
Նույնիսկ իտալացի Ումբերտո Էկոն, մի քանի հարյուր էջ տվայտելուց հետո, չբարձրաձայնեց Վարդի անունը:
Իսկ անգլիացի նյարդերի կծիկ Ջո Կոկերը իր աչքերին երևացող ծեր մարդու մասին երգում է. «…Ե՞ս եմ, հա՞յրս է, թե՞ որդիս…»:
Ոչ մի տեսություն ու ոչ մի իզմ. ես իմ տեքստը գրում եմ բացառապես այն ամենի շնորհիվ, ինչ ունեմ իմ մեջ ամբարած, և այն ամենի օգնությամբ, ինչ «ստացել եմ» Մերուժան Տեր-Գուլանյանի «Գիշերային վարդ» շարքի նույնանուն բանաստեղծությունից, ինչու չէ, նաև ամբողջ շարքից:
Իսկ բանաստեղծությունը ընկալելու համար անհրաժեշտ է, որ քո ներսում եղած «պնակիտի» վրա, որպես պոեզիա բառի հոմանիշ, սեպագրված լինի հույզ ու կիրք, ներդաշնակություն ու հանդուրժողականություն և, ամենակարևորը, սեր… Ի վերջո, պոեզիան սեր է:
Թող ամեն մեկն ինքնուրույն գտնի վարդի անունն ու չարտաբերի այն, այլ՝ ծնկաչոք ու ակնապիշ ըմբոշխնի բացվող վարդի հմայքը:
Ահավասիկ այդ բանաստեղծությունը.

Մերուժան Տեր-Գուլանյան
ԳԻՇԵՐԱՅԻՆ ՎԱՐԴ
Գիշերվա վարդը՝ գաղտնիքը կյանքի,
Բացվում է համառ՝ աշխարհից թաքուն,-
Վարդի երազը լույսը չգիտի,
Չի տեսնում նրա կարոտը անտուն:

Բացված ծաղիկը կիսախավարում
Մեզ հասցնում է սահմանն անհունի,-
Ուր դու քո հայրն ես և որդին ջահել՝
Վարդի գաղտնիքն է… որ անուն չունի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։