ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է արձակագիր, հրապարակախոս
ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ
ծննդյան 75-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
«ԳՐՈՂԻ ՑԱՎԸ ԿՅԱՆՔԻ ՑԱՎՆ Է…»
Բաց նամակ արձակագիր Սամվել Կարապետյանին` ծննդյան 75-ամյակի առթիվ
Թանկագի՛ն Սամվել.
Իմ անձնական օրացույցում հունվարի 20-ը յուրահատուկ խորհուրդ ունի. քո` «հարյուր տարվա» ազգանվանակից ընկերոջս, վերջին տասնամյակների մեր արձակի մայրուղում իր ինքնատիպ կածանը բացած երևելի գրողի ծննդյան օրն է, այս անգամ 75-րդը` նշանակալից ու հոբելյանական: Այդ առթիվ ինչպե՞ս կարող էի առաջիններից մեկը հայրենի եզերքից չշնորհավորել քեզ և բարի լույսի ջերմ մաղթանքներ չհղել օվկիանոսից այն կողմ այս պահին դեռ նիրհող «ավետյաց երկրի» մեր հոբելյարին: Քո կյանքի օրացույցի ավելի քան կես դարն անցել է տարբեր հորիզոնականներում` երևանյան Նոր Արեշից մինչև Մոսկվայում և սիբիրյան սառնաշունչ տայգայի կալանավայրում զինվորական ծառայություն, մինչև… Ատլանտյանից անդին` հեռավոր Ամերիկա…
Այո՛, բոլորիս կյանքում շրջադարձային 90-ականների փոթորկալի մակընթացությունը քեզ օտար ափ տարավ` շահած «գրին քարտով» ընտանեկան հոգսերը «ավետյաց երկրում» հոգալու տեսլականով, բայց ժամանակավոր կեցությունը, հայրենայցի ընդմիջումներով, այդպես էլ, առ այսօր, վերջնական վերադարձով չի պսակվել, և այս նամակը նաև կարոտի հերթական կանչ է` քո ստեղծագործական ճանապարհի հոբելյանական անդրադարձի էսքիզներով: Ու արդեն քանի տարի հոգիդ հայրենի եզերքում է, գրիչդ` այնտեղ, սիրտդ այստեղ է, երկունքի սրտակեղեք ցավը` այնտեղ: Եվ այդ երկու իրարամերժ-միմյանց ներհյուսված զգացումների հորդումից օտարության մեջ անցկացրած քառորդ դարում ծնվել-արարվել է «փոքր» ու «մեծ» արձակի մի ամբողջ պատկերաշար, որով կարող ես այսօր վստահաբար «հոբելյանական հաշվետվության» տեսքով ներկայանալ քո ընթերցողին:
Նախորդ հոբելյաններդ քո բացակա ներկայությամբ նշեցինք Գրողների տանը, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում, 65- ամյակդ էլ ինքս նշանավորեցի քո գրական դիմանկարը ներկայացնող «Հավերժական թթենու կանչը» գրքով, որտեղ մեջբերել էի նաև գնահատանքի խոսքեր` ժամանակակից հայ արձակում քո երևելի ներկայության ընդգծումներով: Չեմ վարանում այս նամակում կրկին հիշատակել նրանցից մի քանիսի անունները` Սերո Խանզադյան, Պերճ Զեյթունցյան, Լևոն Անանյան, Երվանդ Մանարյան, Գրիգոր Ջանիկյան, Հակոբ Ղազանչյան, «Հայ կեանք» թերթի խմբագիր Հրանտ Սիմոնյան… Եվ հիմա, ինքս էլ, փորձելով հաղթահարել 70-80-ականների տարբեր պարբերականներում մեր համատեղ աշխատանքում կոփված և մինչև այսօր հարատևած տասնամյակների ազնիվ ընկերության բնաբուխ զգացումների տարերքը, ապավինե-
լով գրականագետի իմ խղճին` հոբելյանիդ առիթով ուզում եմ վերստին հաստատագրել նույն ճշմարտությունը` շուրջ կեսդարյա ստեղծագործական ճանապարհին, սիրելի՛ Սամվել, դու արարել ես գրական մնայուն արժեքներ` տպավորված ընթերցողական սերունդների հիշողության մեջ: Վկա` հայրենի եզերքում ծնված այն առաջին «Անկարգ հրեշտակը», «Տագնապալի ամառը», «Հավերժական թթենին» պատմվածքների ու վիպակների ժողովածուները, ապա դարավերջի ու նոր դարասկզբի տարիներին այնտեղ` Ամերիկայում արարված, բայց Երևանում լույս աշխարհ եկած տարաժանր գրքերը` «Վիլյամ Սարոյան կամ մարդասիրության Պրոմեթևսը» վավերապատում, «Որտե՞ղ էիր, Մարդ Աստծո» հարցազրուցաշար, «Կանաչ լուսաբաց» նույնանուն վիպակ և վեպ, «Հայկական Ամերիկա» պատումաշար, «Քաջ Նազար» երգիծապոեմ, «Պարոն Դոլարը» ինտերմեդիա, «Ամառանոց», «Ավետյաց երկիր», «Pacific մայրուղու ծիածանը», «Մեղավոր հայելի» վեպեր… Ահա այսպիսի ստեղծագործական «բերք»` տարաբնույթ, ինքնատիպ անդրադարձներով, առանձին դեպքերում` մեր արձակում քիչ շոշափված թեմաների հետաքրքիր երևակումներով: Եվ այս ամբողջ ստեղծագործական ճանապարհի գլխավոր զարկերակ-թեման «ավետյաց երկրի» մասին հորինված առասպելի, ավելի ճիշտ` քո իսկ բնորոշած «Հայկական Ամերիկայի» տեսլականի իրական, ճշմարիտ գունապատկերումն է, ինչը «բաց երակներով» և ներհուն ասելիքով դրսևորվել է քո վիպաշարում, պատմվածքներում ու մանրապատումներում: Դրանք հայրենաբաղձության անլքելի ու հոգեպարար զգացումների ծնունդ են, օտար ափերում «ոսկե ձկնիկ» փնտրող, բայց ավելի հաճախ մուրացկան-«հոմլեզի» դերում հայտնվող հայ մարդու ցավագին դեգերումների ու փլուզված երազանքների և, ի վերջո, նորեն հայրենի եզերքի սիրով ու կարոտով տառապելու-սփոփվելու ցնցող պատկերներ են:
Դու, սիրելի՛ Սամվել, քո «ամերիկյան հայապատումներով, ըստ էության, փորձում ես փակել հայրենալքության ճամփաները և շեշտադրել ներհուն ասելիքը` որքան էլ ամպոտ լինի հայրենի երկինքը և որքան էլ շատ լինեն հարազատ եզերքի հոգսերը` կարոտակեզ փարվիր մայր հող ու ջրին, Հայաստան կոչվող թանկ ու նվիրական սրբավայրին, Երևան ու Արարատ կոչվող վեհագույն խորհրդանիշերին: Սա է քո գրականության «կրեդոն», և օտար ափերում «կորցրած» տարիները դու փոխհատուցել ես գրական արժեքներով, ինչը սփոփանք է քո պարագայում: Վերստին շնորհավորելով հոբելյանիդ առթիվ` նամակն ավարտում եմ ինքնագնահատանքի քո տողերով. «Ես գրել եմ այն, ինչը տեսել եմ, զգացել և խորապես վերապրել ու այդ ճանապարհին հայտնաբերել եմ մարդուն… Գրողի ցավը կյանքի ցավն է, և ես երբեք չեմ կարողացել դրանից հեռանալ…»: Սիրո, ցավի, կարոտի ճանապարհները հայրենիքում սպասում են քեզ: Գրչընկերներդ և ընթերցողները` նույնպես:
Այս հավատով էլ ստորագրում եմ`
Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ես էլ մեկը Սամվել Կարապետյանի գրականության ընթերցողներից շնորհավորում եմ իր ծննդյան տարեդարձը մաղթելով քաջառողջ կյանք ստեղծագործական նորանոր նվաճումներով, Ամեն։