Վերքերս փաթաթեմ Հայաստանի հողով…. / Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ

Ռուզան Ասատրյան

Գրողները սովորաբար պատերազմ չեն գնում, որովհետև մարդ սպանելը նրանց գաղափարական հրամայականների մեջ չի մտնում: Եթե գրչի փոխարեն նա զենք է վերցնում, նշանակում է` մարդկության խիղճը մեռել է, նշանակում է` ազգը կորստյան վտանգի առաջ է: Իսկ մեր ազգը 1988 թ. սումգայիթյան եղեռնագործությունից հետո իսկապես կանգնած էր դարավերջի նոր ճակատագրական փորձությունների առաջ, չհավատալով այն ամենին, ինչ կոչվում էր պատմության անիվ: Անելանելիի ելքը այն ոգեկորով տղաների ձեռքում էր, որոնք այսօր պատ են կազմել Եռաբլուրում, և ողջ մնացած ու իրենց հարստությունը` միայն թշնամու դեմ տարած հաղթանակը համարող կամավորականները, որոնք դեմ են առել մեր իրականության պատին ու… մնացել շվարած… Տավուշի տարածաշրջանի առաջին ինքնապաշտպանական ջոկատների կազմակերպիչ ու հրամանատար, բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ ու ռեժիսոր Սամվել Բեգլարյանը, ով այսօր արդեն արցախյան պատերազմի վետերան է, նախկինի նման տագնապում է անավարտ պատերազմի տեղատարափ գնդակներից մաղի պես քրքրված Չինարի, Վազաշեն, Մովսես գյուղերի բնակչության անվտանգության համար: Սահմանները պահող այսօրվա տղաները դեռ չէին ծնվել, երբ Սամվելը զենքը ձեռքն առավ ու սարերն ելավ` թշնամու դեմ: Ու սիրտը շատ է ցավում, եթե նրանցից մեկը հանկարծ թշնամու դիպուկահարի զոհն է դառնում. «Ով էր, որ մարեց աչքը երկնքին, Արյունը տվեց այս երկրի վերքին…» կարծես ինքն իր հետ է խոսում նա ու ավելացնում` Վերքերս փաթաթեմ Հայաստանի հողով, որպեսզի ծիծաղի կարոտ զինվորի աչքերին գոնե ժպիտ երևա… Պատերազմի երրորդ տասնամյակն է, սահմանամերձ գյուղերում փոքրիկը վախով է մանկապարտեզ գնում, դպրոցների պատերն ու ապակիները գնդակների խոռոչներով են պատած, հնձվորը արտում կարող է մնալ, որովհետև թուրք ենիչերիները տեղի, անտեղի կրակում են: Կոնֆուցիուսը ասել է` այնտեղ, որտեղ մեզ կոտրում են, մենք ավելի ենք հզորանում այդ տեղում: Գյուղերի բնակիչներն արդեն 20 տարուց ավելի «իմունիտետ» ունեն արձակվող գնդակների նկատմամբ, իսկական հերոսներ են, և գրողը, նրանց երբեք չլքելով, ինչպես որ կան, վերցնում ու տեղադրում է իր պատմվածքների էջերում, ուրիշ էլ ով, եթե ոչ` երկիր պահող, ազգ պահող, այդ հողի վրա զավակ ծնող ազնիվ ու աշխատասեր մարդիկ: Հենց սա է հատկանշականը Սամվել Բեգլարյանի ստեղծագործություններում` իրական մարդն իր իրական կյանքով` իր մոլորություններով, անկեղծ ու անապական սիրով, գեղջկական միամտություններով ու աշխատանքի հանդեպ ունեցած պատասխանատվությամբ: Սամվել Բեգլարյանը սիրահարված է ոչ միայն իր երկրի հողին, նաև` նրա ավանդույթներին: Նրա կին հերոսուհիները, իր իսկ բառերով ասած, առեղծվածային են, հիպնոսականչ, հրավիրող ու անմատչելի: Տղամարդիկ սիրո հպատակներ են, ծեր կաղնու ծառի տակ նստած ծերերը` իրենց անավարտ երազների մասին հայտնի հորինողներ: Աստված, Տեր ողորմյայի թազբեհի վրա շառը քիչ քաշի – մեկ տողանոց այս մտքի փիլիսոփայությունը անցյալի ու ներկայի միախառնված ընթացքն է` ներկա բարքերի դեմ լուռ բողոք, արդարության աղերս: Վերջերս լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուն նա վերնագրել է «Կյանքը անտառ է մի հին»: Արձակի մեջ համբերատար ու զգուշավոր է նա, իսկ չափածոյի դեպքում կտրուկ ու անսեթևեթ: Բառը Բեգլարյանի մոտ ծիլեր է արձակում ու դառնում ձայն, տերևը` անտառի արցունք, հառաչանքը` տապալվող կաղնի, հոր հուշերը` օրհնանք ու հաց, տերևաձյունից ճկած ծառը` մրսած բառի պատկեր, աստղի արցունքը` լույս… Ընդերքում հրաբուխ կա և այն պիտի ժայթքի, որովհետև հանգած հրաբուխների պակաս չունենք: Ինձ թվում է` հեղինակը իր արձակին ավելի է վստահում, քան պոեզիային: Խոսելով ինքն իր հետ, խոստովանում է. «Թող պատմվածքներս հզոր, թևավոր լինեն, հո ճտերս անտեր չեմ թողնելու գնամ, սրտիցս են պոկվել»: Գրքերը յուրաքանչյուր գրողի համար իր զավակներն են, ինն ամսում կծնվեն նրանք թե երկու, միևնույն է, գրողը փայփայում է նրանց` մի օր հասարակության հոգևոր լուսատու տեսնելու հույսով, թե որքանով է այն իրականություն դառնում, դա այլ խնդիր է:
Սամվել Բեգլարյանի արձակը հետաքրքիր շողարձակումներ ունի: Այն պատմվածքները, որոնք անցան աչքիս շոյանքով, վարպետ գրչի ձեռագրեր էին: Անցյալն ու ներկան մեր հայրերի կենդանի հիշողության մեջ է, նրանցից հորդացող բարության մեջ: Նրանք գյուղաբույր են ու գյուղաշաղախ, սիրո հրաշապատումների անսպասելի ակնկալիքներով լի, որքան հասարակ, նույնքան անմատչելի ու գերող, և այդ մարդկանց մասին խոսող էջերը ավարտում ես մեկ շնչով` հերոսների ճակատագրերի ետևից արագ հասնելու համար: «Սոնան», «Հայ կին», «Ճերմակ վարդեր», «Իմ սիրո հաճարենի» և այլ պատմվածքներ իրենց կտրուկ ու անսպասելի վերջաբանով ինձ հիշեցրին բակունցյան գողտրիկ նովելները, որոնք շարունակվում են մտքումդ ու վերջ չունեն: Հեռավոր լեռների գրկում, զմրուխտ կանաչի ծեքծեքումների ու թշնամու գնդակների տակ մարդկանց ճակատագրերը նա խնամքով թաքցնում է իր սրտի «դավթարում», որպեսզի նրանք չկորչեն հին անտառի նոր ու գերխիտ խոտերի մեջ: Բեգլարյանի պատմվածքներից յուրաքանչյուրը առանձին վերլուծություն ու լուրջ խնամք է պահանջում:
Նրա գործերում չհամաձայնվելու շերտեր էլ կան, սակայն դա գրողի ոճն է, ասենք` գլխավոր հերոսներին մահվան տանելու ավարտը, ինչպես Թումանյանի մոտ: Նոր սերնդին մենք պետք է ազատագրենք զոհի հոգեբանությունից նրանց դեպի կյանք ու հերոսականություն տանելու նպատակով: ժամանակն է հայի աչքերից մաքրելու այդ հեզ տխրությունը: Ես ուզում եմ, որ Բեգլարյանի հոգու աչքերում, ինչպես ինքն է ասում` «արցունքները երբեք ծուխ չդառնան»…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։