Նոր աշխարհակարգում նորություններն այնքան շատ են, որ սովորական մարդ-անհատի` առանց այն էլ արդեն ոչ այնքան առողջ գլխի համար գլուխ հանելու բանը չեն: Ոչ սովորականի համար էլ հեշտ բան չէ այդ լաբիրինթոսում ի վերջո գտնել տրամաբանական կորիզը` այն սարսափելի կարգուկանոնային համակարգը, որը ինչ-որ անտես դիտակետերից հսկում և ղեկավարում է ողջ աշխարհը, և այն տանում ըստ իր ծրագրի և իր ուզած ուղղությամբ: Մոռացա նշել` հրեշավոր ծրագրի, այնքան հրեշավոր, որ եթե անցյալ դարի վերջին մեզ հասած տեղեկություններով նրանք իրենց մեծ ախորժակի արդյունքում 7 միլիարդ մարդկությունից որպես հլու-հնազանդ ստրուկներ որոշել էին 1 միլիարդը թողնել, այսօր արդեն այդ թիվը կրճատվել է մինչև կես միլիարդի: Իսկ գուցե, մինչ ես գրում եմ այս տողերը, այդ թիվը ավելի է կրճատվել: Իր չափերով և լկտիությամբ մինչ այժմ չլսված-չտեսնված, զարհուրելիներից զարհուրելի պատերազմը երթում է ողջ մոլորակով: Այն իր որակով էլ է խիստ արտասովոր՝ 7 միլիարդի դիմաց փոքրաթիվ անհատների մի խումբ, և սակայն կշեռքի նժարն այդ խմբի կողմում է: Որովհետև նրանք լրջորեն ձևավորել են իրենց ճակատը, իսկ դիմացինները տեղյակ էլ չեն, որ պետք է կռվի մեջ մտնել… Ավելին, հենց իրենք են հակառակորդին զինվորագրվածները և հենց իրենք են վարում իրենց դեմ սաստկացող պատերազմը:
Նման դեպքում ելքը պարզից էլ պարզ է:
Սակայն, իրավիճակի գիտակցումը միայն բավական կլիներ այդ մի խումբ ոճրագործներին քարշ տալ մարդկության մեծ դատին և վերջ դնել մոլորակով մեկ թափ առած ավերին, սահմանների անարդար վերաձևմանը, քրիստոնյա երկրների մահմեդականացմանը, սովին, գործազրկությանը, սպանդին, հոգևոր բարոյալքմանն ու անկումին, տագնապին ու հուսահատությանը… Մի խոսքով, այսօրվա` մեր արդեն մարդկային գոյատևության հետ անհարիր իրականությանը, ու նորն արարել:
Բայց…. Մարդ արարածի զարգացումը, ցավոք, չի ընթացել ինչպես պետքն է. նա սովորել է միայն նյութի հետ հրաշքներ գործել, իսկ իր հոգուց տարածվող գարշահոտից տիեզերքն է արդեն շնչահեղձվում: Եվ այս ենք՝ սեփական շահի գերիներ, որի արդյունքում ընդհանուրը, մեծը, ավելի ճիշտ՝ սեփական քթից այն կողմ չտեսնելը բերում է նաև փոքրի կորստին:
Իսկ դավադիր խումբն այդ ամենը շատ լավ գիտի և իր մարտավարությունն էլ ձևավորել է հենց դրա հիմքի՝ մարդու հոգեբանության բազում թույլ կողմերի օգտագործման վրա: Աշխարհով մեկ սփռված «ուղեղարդուկման» ինստիտուտների մասին արդեն շատ է խոսվել: Ինստիտուտներ, որոնցում հետազոտվում, ուսումնասիրվում են մարդկային գիտակցությունը փոխելու և նրան կառավարելի խամաճիկ դարձնելու հնարավորությունները: Ուղեղների լվացման բազում կառույցներում վաղուց են հասկացել, որ մարդկանց մեծամասնությանը բնորոշ է պատրաստի մտքեր ընդունելը: Դա նրանց լիուլի մատուցվում է, բայց անպայման հիմքում ունենալով ի չարս գործելու սկզբունքը: Եվ մարդկությունը ոչ միայն վարակվում է լաբորատորիաներում ստացված նոր հարուցիչների մահասփյուռ հիվանդություններով, այլև ուղեղարդուկման ինստիտուտ-լաբորատորիաներում մշակված միտք-վիրուսներով, որոնք նրան իրական միկրոբներից և վիրուսներից ոչ պակաս ագրեսիվությամբ են տանում դեպի ոչնչացում: Նրանց «պատրաստի արտադրանքն» արդեն վաղուց է «արդարացրել և արդարացնում է իրեն»:
Այդ ամենի արդյունքում, չցանկանալով անգամ, մարդը ի վերջո փոխում է իր որակը և ձեռք բերում նրանց կամեցածը՝ ընկածը, ստորը, գարշելին: Չկամենա էլ՝ իր զավակներին դաստիարակում են ապականության ողջ ծրագրով…
Իհարկե, նորմալ մարդկանց չի կարող դուր գալ շեղված կրքերի այս մոլեգնումը՝ համասեռամոլներ, տրանս…ներ, էլ չգիտես ինչեր բուծող և բազմացնող: Բայց իրենք այսօր խույս տան` վաղը իրենց երեխան կընկնի այդ հնոցը: Ու կարծես շատ բնական ձևով՝ հեռուստաեթերից դուրս թափվող անառակ ֆիլմերի ազդեցությամբ քիչ առ քիչ դաստիարակվելով, մանկապարտեզային հեքիաթներով անգամ, որտեղ հերոսներից շատերն արդեն սեռական նոր կողմնորոշում ունեն՝ թագուհին սիրահարվում է արքայադստերը, արքայազնը՝ մի այլ արքայազնի…
«Զանգվածների սովորությունների և կարծիքների մտածված ուղղորդումը ժողովրդավարական հասարակության կարևոր տարրն է: Ովքեր գործում են մարդկանց գիտակցության վրա անտեսանելի ազդեցության այդ լծակով (այսինքն` հեռուստատեսությամբ, գովազդով և, որպես արդյունք` հասարակական կարծիքով), կազմում են անտեսանելի կառավարություն, որը և հանդիսանում է աշխարհին պարտադրված ղեկավարող ուժը»: Այսպես է սկսվում Զիգմունդ Ֆրեյդի զարմիկ Էդվարդ Բերնեյզի «Պրոպագանդա» գիրքը միասնական համաշխարհային կառավարության մասին:
Իսկ աշխարհի նոր կարգի հայտնի դեմքերից մեկը` Բիլդերբերգյան ակումբի անդամ, ռեկոնստրուկցիայի և զարգացման Եվրոպական բանկի ղեկավար, ֆրանսիական հրեա Ժակ Ատտալին գրել է. «Օրենքի ռիթմը կլինի անցողիկությունը, պատրանքային աշխարհի ստեղծումը, ցանկությունների բարձրագույն աղբյուրը կլինի նարցիսիզմը՝ ինքնաբավարարումը, ինքնահրճվանքը: Նորմալ լինելու ձգտումը (այսինքն` տիպային, ինչպես բոլորը), կդառնա սոցիալական հարմարվողականության շարժիչը»:
Լավ օգտագործվում է նրանց այն եզրահանգումը, որ մարդկանց անվերջ սթրեսի մեջ պահելը՝ պատերազմներ, սոցիալական ցնցումներ, «աղետներ» և այլն, ի վերջո կջլատի նրանց և կմղի ինքնամոռաց զվարճանքների տրվելուն: Եվ չեն զլանում նաև այդ զվարճանքը լիուլի մատուցել. hիմա գումարները շռայլորեն տրամադրվում են տարբեր մրցույթների, փառատոների, հումորային սերիալների, մեծահասակների կողմից մանկական էյֆորիայով ընթացող խաղային դատարկ և բթացնող հեռուստանախագծերի: Հեռուստատեսության ու համացանցի ներկայությունը մեր կյանքում արդեն կարելի է համարել թմրանյութերից ոչ պակաս վտանգավոր մի կախվածություն, երբ կյանքը լրիվ փոխարինվում է նրանց մատուցած անիրականով, էլ չասած, որ այսօր չկա ոչ մի դրական որակ կրող հաղորդում, իսկ համացանցից քչերն են որակ ակնկալում և փնտրում:
Դուք միայն աչք փակեք իրականության հանդեպ, քանի դեռ ձեր հերթը չի հասել նրա կրունկի վերջին հարվածը ճաշակելուն: Ըստ Դանիել Էստուլինի` այսօր մատուցվող որակները, որոնք արագ ընդունվում են և կյանք դառնում, մշակութային դատարկության նոր տեսակներ են:
«Գործելակերպը պարզ է. ազդել հասարակության գործելակերպի վրա, մինչև մի օր արթնանանք ու տեսնենք, որ Մեկ աշխարհի կառավարությունն իրականություն է»: Գերի Կահ. «Աշխարհի գրավման ճանապարհին» գրքից:
Մարդիկ հակված են մտածել, որ, միևնույն է, դատապարտված են, գուցե այդպես էին տրամադրված նաև մեր հայրենակիցնե՞րը մեկ դար առաջ Մասիսներից այն կողմ: Դա կործանման ամենակարևոր պայմանն է՝ հուսահատությունից աչք փակելը: Մինչդեռ սթափ մոտեցումը ցանկացած խնդրի, ցանկացած իրավիճակում էլ կարող է ելքի ու փրկության հնար գտնելու պայման դառնալ: Եվ մենք մեր բոլոր հաղթանակները դրա արդյունքում ենք ստացել…
Եվրոպայի այսօրվա ճանապարհը ինչ-որ տեղ մեր անցածի կրկնությունն է` նախ օտարին-թուրքին հողը զիջելը ու նրան հնազանդ ստրուկ դառնալը, ապա կոտորածով նրա կողմից հարցի վերջնական լուծումը` մեր երկրի մեծ մասի կորստով ավարտված: Այն ժամանակ էլ և՛ կազմակերպիչներն էին նույնը, և՛ նրանց կողմից որպես գործիք օգտագործվողները (մահմեդականները): Եվ հենց մենք էլ պարտավոր էինք զգուշացնող ահազանգ հնչեցնել եվրոպացիների թմրած լսողությանն ի լուր:
Վստահ եմ, եվրոպացիներից շատերը ինչեր կտային մի երկու տասնամյակ ետ գնալու համար, երբ կազմակերպված հակազդեցության դեպքում կարող էին այսօրվա գրեթե անշրջելի շատ վիճակներից ազատ լինել: Իսկ բթացած փափուկ կյանքի շոյանքներից, հաճույքների թող որ գարշելի, բայց նոր գրգիռներ մատուցող և կարևորը՝ թույլատրված և տարփողվող որակներ ճաշակելուց, չհասկացան էլ, թե ինչպես աստիճանաբար կորցրին հողը ոտքերի տակ՝ ստանալով մահմեդականացող և իրենցից օտարվող երկրներ:
Փառք Աստծու, որ մենք այդ «մի երկու տասնամյակ առաջ» վիճակում ենք դեռ: Այո՛, բթացրել են, հուսահատեցրել, այո՛, ինչ-որ չափով անգամ մեր բարոյական ամրության վրա էլ ճաքեր են բացել, բայց դեռ պատերազմով ձեռք բերված միատարրությունը, որը մեր ամենամեծ հարստությունն է և գոյատևության ամենակարևոր պայմանը, կա՛: Չնայած որոշ անհանգստացնող անցուդարձին:
Դեռ սարսափելի շատ օրինագծեր, որոնք շատ երկրների իրականությունը արդեն ներկել են իրենց գույներով, մեզ մոտ ընդամենը քննարկման փուլերում են, ինչպես ասենք այդ` «ընտանեկան բռնության դեմ» օրինագիծը…
Եվ հարկ էր, որ առաջնորդվեինք դար առաջ ապրածի եզրահանգումներով` ոչ միայն հուսահատությանը չտրվելու կարևոր պայմանը, այլ նաև օտարի հետ հարաբերվելու վտանգները հաշվի առնելով, երբ` յոթն ի՞նչ է` յոթն անգամ յոթ պետք է չափենք նրանց հետ որևէ քայլ գցելուց առաջ:
Բայց չէ` մենք օր առաջ շտապում ենք նետվել այդ կործանվող Եվրոպայի գիրկը, ինչ է, թե նրա «փափուկ կյանքը» չենք վայելել:
Իսկ այդ «փափուկ կյանքը» Նոր կարգի` աշխարհով մեկ սփռված կառույցներից մեկի` Եվրամիության խայծն է ընդամենը: Եվրամիության, որն արդեն իր գոյության ընթացքով բազմիցս փաստել է իր ով լինելը, իհարկե, աչք ունեցողների համար: «Մեր նպատակն է Եվրոպան միավորել… այնտեղ, որտեղ ձախողվեցին քաղաքագետները, հույսով եմ, որ մենք պետք է հաջողենք». Ջիովաննի Ագնելլի: «Ակումբը աշխարհը բաժանել է տասը քաղաքական-տնտեսական շրջանների, որոնք կոչվում են «թագավորություններ»,- 1973 թ. Բիլդերբերգյան ակումբի կողմից հրատարակված մի տեղեկագրից: Եվ, խնդրեմ՝ դրա հետևանքները այսօր Եվրոպայում, և՝ դեմոկրատիայի, մարդասիրական օգնությունների ու ձեռքմեկնումների դիմակի տակ, նրանց ներխուժումը այլ երկրներ… Դրանք չափազանց դաժան են այս աստիճան անտեսվելու համար:
Կառույցներից մեկն էլ՝ աշխարհի ողջ ֆինանսներն իր մեջ կորզած և կորզող Համաշխարհային բանկը, նույնպես վաղուց հայտնի է իր մոտակա և հեռահար նպատակներով, մինչդեռ հրճվանքից ուշաթափվում ենք մեր երկրի և ապագայի դիմաց շպրտվող վարկերի տեսքից` չցանկանալով մտածել անգամ մեր վաղվա գլխներիս գալիքի մասին: Որովհետև միշտ` դժվար պահերին ձեռք բերած հայի վերջին խելքը շատ շուտ էլ կորցնում ենք` երևի ավելի ճիշտ համարելով նյութական շահի վրա կենտրոնանալը: Ցավոք, մենք հիմնականում այդպիսին ենք եղել ու… ենք… նյութի գերի և եղածից դասեր չքաղող: Եվ հենց դա էլ մեզ ահա հասցրել է նույն ճանապարհը բռնելու վտանգավոր վճռին:
Մեզ համար նյութը, սեփական շահը` մեծ թե փոքր, ամենակարևորն է դարձել: Իշխանավորն իր տեղում և իր չափով է նյութ կուտակում, սովորական անհատը՝ իր չափով… թեկուզ դա լինի ընտրությունների ժամանակ ազգի և ուրեմն՝ սեփական ճակատագրի դիմաց տրվող 5-10 հազարը: Եվ յուրաքանչյուրը՝ իշխանավոր թե ժողովրդից մեկը, ի՛ր տեղում, մտածում է, թե այդ մեկ մարդաբաժինը ճակատագրի ամբողջության մեջ փոքր մաս է կազմում: Իսկ հետո՝ դրա արդյունքի դաժան պատառները «ճաշակելիս» անգամ, որևէ մեկը իր բաժին մեղքը չի մտաբերում ու գիտակցում, որ մյուս անգամ…
Փառք Աստծու, որ գեթ սահմանների վրա՝ դիրքերում, մեզ դեռ ազնիվ մղումներն են առաջնորդում: Սակայն միայն այդտեղ: Երկիրը շուկա դարձնողներն անգամ երևի չէին կարող երազել, որ այդքան արագ և այդքան լիովին շուկայի մաս կդառնանք՝ առուծախի հոգեբանությամբ ամեն բան վաճառքի հանող…
Բայց. «մարդկային էությունն ընդունակ է փոփոխության», ինչպես ասում են այդ էությունը ողջ մոլորակով մեկ ծրագրավորած կերպով փոխողները, ուրեմն` հերիք է դարավոր սխալները, և դեռ նոր ձեռք բերվածներն էլ դրանց գումարած, մեզ հետ դարերով քարշ տանք: Փոխվենք, բայց ոչ օտարի նվագի տակ: Փոխվենք և ծանրութեթև անելու պահին նյութը չգերադասենք ավելի կարևորից: