Հարցազրույց փիլիսոփայական գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր Հրաչիկ Միրզոյանի հետ
Կարինե Աշուղյան Արդեն երկար տարիներ խորամուխ եք եղել Գրիգոր Նարեկացու անմահ ստեղծագործությունների բազմաշերտ հետազոտությունների մեջ: Հրապարակի վրա են նրան նվիրված Ձեր հոդվածներն ու գրքերը: Վկայելով դրանց կարևորությունը, իր վերջին աշխատության մեջ (Գրիգոր Նարեկացին և նարեկյան դպրոցը, գիրք Բ, 2016) հրաշալի հայագետ և բանաստեղծ Հրաչյա Թամրազյանը գրում է. «Նարեկացիագետ Հ. Միրզոյանը Գրիգոր Նարեկացու բառաշխարհին նվիրված իր ուշագրավ ուսումնասիրության մեջ հատուկ անդրադարձել է Նարեկացու ստեղծագործության այս շերտին` նրա նորակազմություններին:… Հ. Միրզոյանը դուրս է գրել Հայկազյան բառարանից նրա բոլոր նորակազմությունները, որոնց թիվը հասնում է հազարների»: Նարեկացիով վկայված շատ բառեր ցայսօր կիրառվում են իրենց նախնական իմաստով, կան բառեր, որ ննջում են բառարաններում, և բառեր էլ, որ ժամանակի ընթացքում այլ իմաստ են ձեռք բերել: Միտքս եկան, օրինակ, օդաչու և լուսանկար բառերը:
Հրաչիկ Միրզոյան Նախ թույլ տվեք երախտիքի խոսք ասել երջանկահիշատակ Հրաչյա Թամրազյանի մասին: Անշուշտ, շատերն են ճանաչում նրան որպես հոյակապ բանաստեղծի ու թարգմանչի, հիանալի գիտնականի ու Մարդու և, իհարկե, իբրև Մատենադարանի արդյունարար տնօրենի: Վստահ եմ, ապագայում դեռ շատ է խոսվելու և գրվելու նրա մարդկային նշված ու չնշված առաքինությունների մասին, բայց ես ցանկանում եմ ներկայացնել գիտնականի բնավորության մեկ հատկանիշը, որը, իմ խորին համոզմամբ, չափազանց հազվադեպ է պատահում: Սովորաբար գիտնականները (և ոչ միայն) խանդով են նայում մասնագիտական իրենց հետաքրքրությունների նեղ դաշտը մտնողներին և փորձում են կասեցնել նրանց ընթացքը: Մինչդեռ Թամրազյանը զերծ էր նման նեղմտությունից: Ճիշտ է, բախտ եմ ունեցել լինելու նրա դասախոսը, բայց երբ սկսեցի զբաղվել նարեկացիագիտությամբ, նա վաղուց արդեն ճանաչված նարեկացիագետ էր, ըստ էության` վերջին վաստակաշատն այդ ասպարեզում: Բնականաբար, ինձ հետաքրքրում էր նրա կարծիքը, իսկ նա, ինչպես հատուկ էր իրեն, չէր շտապում կարծիք հայտնել: Վերջապես 2004 թ. խախտեց լռությունը և «Գրիգոր Նարեկացին և նորպլատոնականությունը» մեծարժեք մենագրության մեջ (տե՛ս էջ 76-77) դրվատալից խոսք ասաց իմ հոդվածներից մեկի մասին: Դա արդեն բավական էր, որ վստահությամբ շարունակեի ընթացքս: Անցավ հինգ տարի, և 2009 թ. «Մատենագիրք հայոց» մատենաշարի 10-րդ հատորում մատուցեց երկրորդ անակնկալը` չափազանց բարձր գնահատելով իմ մեկ այլ հոդված (տե՛ս էջ 604): Ինչ վերաբերում է հետմահու լույս տեսած գրքում իմ աշխատանքի մասին ասվածին, ապա մնում է պարզապես մտածել, թե որքա՜ն լայնախոհ ու արդարամիտ կարող է լինել գիտնականը, որ կարողանա մահվան մահճում էլ այդպես արտահայտվել մեկ ուրիշի մասին… Հ. Թամրազյանն ինձ համար մշտալույս գիտնական է: Քանի որ առիթ եմ ունեցել 2010 թ. տպագրված «Նարեկացիագիտական հետազոտություններ» գրքում «առանձնահատուկ շնորհակալություն հայտնելու» նրան, ուստի ինձ մնում է կրկնել հանրահայտ օրհնանքը` «Յիշատակն արդարոց աւրհնութեամբ եղիցի»:
Ինչ վերաբերում է Նարեկացիով վկայված բառերի արդի վիճակին, ապա սպառիչ պատասխան տալու համար, անշուշտ, պահանջվում է երկարատև մանրակրկիտ աշխատանք, որը ես մասամբ արդեն ձեռնարկել եմ, և Ստ. Մալխասյանցի ու Էդ. Աղայանի բառարանների ստուգումից պարզվել է, որ նարեկացիական բառերի մոտ կեսը այսօր ևս գործածական է: Կկարողանա՞մ ավարտի հասցնել այդ աշխատանքը, դժվարանում եմ խոստանալ… Ի դեպ, բացի միայն Նարեկացիով վկայված բառերից, ես դուրս եմ գրել նաև Նարեկացիով և հետագա մատենագիրներով, ինչպես նաև Նարեկացիով, հետագա մատենագիրներով և անստույգ ժողովածուներով վկայված բառեր, որոնց թիվն անցնում է 500-ից: Եթե ասվածին հավելենք նաև այն, որ Նարեկացու տաղերից ժամանակին ոչ բոլորի նորաստեղծ բառերն են մուծվել Հայկազյան բառարան, ու մինչև այժմ չեն առանձնացվել դրանք, ապա կարող ենք ասել, որ նարեկացիական նորաստեղծ բառերի թիվը կարող է անցնել նույնիսկ 2500-ից, որը աներևակայելի մեծ թիվ է: Դրանց մոտ կեսը լայնորեն գործածվում է, շատերը, իրոք, «ննջում են բառարաններում», կան նաև բառեր, որոնք ժամանակի հոլովույթում փոխվել ու փոփոխվել են, անգամ իսկ ձեռք բերել հակադիր իմաստ: Օրինակ, Նարեկացիով վկայված «անձնավաճառ» բառը, որ գործածվել է միայն Մատյանի ԽԸ (48) բանի` «Արհամարհելի ասպարեզ, անձնավաճառ գիր» տողում (տ.143), Ստ. Մալխասյանցի բառարանում բացատրված է. «Անձնավաճառ, ած. Ինքն իրան վաճառող: Անձնավաճառ կանայք»: Նույն բառարանում բացատրված է նաև. «մարմնավաճառ» բառը. «Մարմնավաճառ, ած. 1. Իւր մարմինը վաճառող, անառակ (կին): *2. Մարմնավաճառ կանայք: Միս ծախող, մսավաճառ»: Էդ. Աղայանի բառարանում համապատասխանաբար կարդում ենք. «Անձնավաճառ, ած. գ., «Ինքն իրեն վաճառող», «Մարմնավաճառ», Իր մարմինը վաճառող կին, անառակ (կին)»: Այստեղ են ասում. «Խե՜ղճ կանայք»: Կարծես տղամարդկանց շարքերում չկան ոչ մարմնաև ոչ էլ առավել ևս` անձնավաճառներ: Տեսնո՞ւմ եք` տղամարդիկ ինչպիսի՜ ասպետական վերաբերմունքի են արժանացրել կանանց` այդ «արվեստների» ու «արհեստների» ամբողջ մենաշնորհը վերագրելով միայն նրանց: Մինչդեռ, ինչպես տեսանք, նարեկացիական օրինակում անձնավաճառությունը վերաբերում էր հենց տղամարդկանց, քանզի գիրը այն ժամանակ հիմնականում տղամարդկանց մենաշնորհն էր:
Նարեկացուց առաջ շրջանառության մեջ է եղել օդաթռիչ բառը, որը ինքը նույնպես օգտագործել է, բայց հետո գերադասել է օդաչու բառը` ավելի ուժեղացնելու համար թռիչքի արագությունն ու խոսքի գործելիք տպավորությունը, ըստ այդմ Մատյանի ՂԲ (92) գլխում դիմելով Աստվածորդուն, ասում է` «կրկնաձիր նշանաւս այսու նետս արձակեցեր հեռաձիգս, ձայնաւորականս, աւդաչուս և յարմարաթռիչս»: Ուշագրավ է նաև «լուսանկար» բառը, որը Բառգրքում վկայված է միայն Անանիա և Գրիգոր Նարեկացիներով. բայց թե ո՞վ է ստեղծել այն, ստուգապես դժվար է որոշել, թեև չի բացառվում, որ հենց աշակերտ Գրիգորն է ստեղծել այն, քանզի բառս գործածված է վաղ շրջանում նրա գրած «Համառաւտիւք բան խրատու» երկում: Այս կապակցությամբ փորձեցի իմ գրքից ի մի բերել «լույս» արմատով Նարեկացիով վկայված բառերը. պատկերը պարզապես շլացուցիչ է` 23 բառ, իսկ եթե նկատի ունենանք, որ այդ Բառգրքում կա «լույս» արմատով կազմված ընդամենը 177 բառ, ապա, թվում է, իսկապես մեկնաբանությունն ավելորդ է: Հավելեմ նաև, որ «լույս» արմատով Բառգրքում առկա մյուս բառերից 23-ում ևս վկայված է տվյալ բառի նարեկացիական գործածության օրինակ: Նշանակում է` «լույս» արմատով կազմված յուրաքանչյուր չորրորդ բառի համար Նարեկացու անունը վկայված է միայնակ կամ այլոց հետ միասին:
Կ. Ա. Պարոն Միրզոյան, մեր բոլոր մեծերն անդրադարձել են Նարեկացուն, արժևորել են, բայց կան նաև մերժողական տեսակետներ: Օրինակ` Շահան Շահնուրն է, մեղմ ասած, տարօրինակ գնահատական տվել: Իր «Աւագ ուրբաթ» (Փարիզ, «Յառաջ», 1935) խոհագրության մեջ` հուսաբեկ տրամադրությամբ, այսպես է հիշատակում Նարեկացուն. «Delire verbal է բռնուած գիջացած այն միտքը, որ Նարեկացի կը կոչուի, երբեք չէ կրցած թափանցել Սուրբ Գիրքի հիմնական կէտերուն: Մարդկայինը չկայ իր գործին մէջ, այլ կան անթիւ չնչազարդեր: Եւ մենք կուրացած ենք, եւ մենք շլացած ենք ոճի ու լեզուի այդ չնչազարդերէն»: Տպավորություն է ստեղծվում, թե չի կարդացել Նարեկացուն, որքան էլ արտառոց հնչի:
Հ. Մ. Միանգամայն ճիշտ եք` մեր գրեթե բոլոր մեծերն այս կամ այն ձևով անդրադարձել են Նարեկացուն և ընդհանուր առմամբ բարձր գնահատել հատկապես նրա տաղերն ու «Մատեան ողբերգութեան» գլուխգործոցը: Եղել են նաև հակասական ու իրարամերժ կարծիքներ արտահայտողներ: Ճիշտ է, որ Շահնուրը դրսևորել է հախուռն ժխտողական վերաբերմունք, բայց ճիշտ է նաև այն, որ նույնիսկ Չարենցը ոչ միշտ է դրական արտահայտվել նրա մասին: Նույնը կարող ենք ասել նաև Մ. Մեծարենցի, Կ. Զարյանի և գուցե ևս ուրիշների մասին (մանրամասն տե՛ս Ա. Ավագյանի «Պատկերազարդ պատմություն Շահան Շահնուրի» հիանալի մենագրության մեջ, Եր., 2004, էջ110-112): Նշանակում է, որ այդքան էլ դյուրին չէ հանճարին հասկանալը, քանզի այս դեպքում կարող են վրիպել նաև հանճարները: Շահնուրի խիստ բացասական կարծիքը հասկանալու համար նախ պետք է ուշադիր կարդալ «Ավագ ուրբաթում» հենց իր մասին ասվածը. չէ՞ որ նա անկեղծորեն խոստովանում է, որ ցանկացել է գտնել իրեն հուզող հարցերի «լուծումի մը հույսը»: Չկարողանալով գտնել քիչ թե շատ հուսադրող պատասխան, իրեն նմանեցնում է անտառում մոլորված մանչուկի, որը «որ նախ մեղմաձայն «մայրի՜կ» կպոռա, և հետո ձայնը կբարձրացնե կոկորդը պատռելու աստիճան, որովհետև ամեն րոպե կանդրադառնա, որ իրապես և վերջնապես կորսված է անտառին մեջ, ահա այդ մանչուկին նման ես աղաղակեցի: Հետո սկսա վազվզել ամեն ուղղությամբ, ինկա ցախերու, մացառներու մեջ, զարնվեցա ծառերու, արյունեցա: Արյունես կուրցած` եղա անգութ. ախ հո՜ւյս մը, հո՜ւյս մը…»: Բայց կա նաև ոչ պակաս կարևոր այլ հանգամանք. ի՞նչ մակարդակի վրա էր նարեկացիագիտությունը կամ ինչպես էր ուսումնասիրված հենց Մատյանը: Չցանկանալով իմ կարծիքը պարտադրել ընթերցողին` հարկ եմ համարում վկայակոչել Մատյանի` արևելահայ աշխարհաբար թարգմանիչ Վ. Գևորգյանի` շուրջ քառասուն տարի առաջ արտահայտած տեսակետը: Բարձր գնահատելով Գ. Ավետիքյանի, Թ. Գուշակյանի և Գ. Խաչատուրյանի (Տրապիզոնի) վաստակը Մատյանի բնագրի վերծանության ու աշխարհաբար թարգմանության գործում, այնուամենայնիվ ասում է, որ նրանք «լինելով բարձրաստիճան հոգևորականներ, Նարեկացու ստեղծագործությանը նայել են սոսկ այդ հայացքով, «Ողբերգության մատյանը» դիտել միայն որպես աղոթագիրք, և անգամ վերանվանել այն «Նարեկ աղօթից», «Աղօթամատեան» և այլն: Բնագրի «Լուծմունքի» հեղինակ Գ. Ավետիքյանն, օրինակ (որի տեքստաբանական աշխատանքներն անգնահատելի ավանդ են նարեկացիագիտության մեջ), պոեմում գրեթե չկա մի արտահայտություն, որին անվերապահորեն վերագրած, պատվաստած չլինի կրոնական իմաստ, կապած չլինի այն դավանաբանական որևէ հասկացության հետ կամ դիտած չլինի որպես հոգևոր այս կամ այն դոգմայի խորհրդանիշ: Թեև թարգմանիչների հնարավորություններն այս առումով, ինչ խոսք, շատ ավելի սահմանափակ են, բայց և սրանք էլ, այնուամենայնիվ, ձեռքից բաց չեն թողել խմբագրելու որևէ հնարավորություն ու առիթ» (Գ.Նարեկացի, Մատյան ողբերգության: Տաղեր, թարգմանություն Վ. Գևորգյանի, Եր., 1979, էջ 602-603): Եթե ասվածին հավելեմ այն, որ երբեմն թարգմանիչները առանձին հատվածներ թարգմանել են տրամագծորեն հակառակ իմաստով (տե՛ս Հր. Միրզոյան, Նարեկացու Մատյանի մեկ հատվածի աշխարհաբար թարգմանության քննության փորձ, «Գրական թերթ», 4 նոյեմբերի 2015 թ., էջ 6-7), ապա, կարծում եմ, որ, ցավոք, դեռ շա՜տ հեռու ենք Մատյանը ճիշտ հասկանալուց ու գնահատելուց: Մատյանի 46-րդ գլխում, խոսքն ուղղելով ընթերցողին, բանաստեղծն ասում է. «Քեւ խորհրդածի»: Ես էլ, հետևելով այդ խորհրդին, կցանկանայի հարցնել Ձեզ և ցանկացած ստեղծագործող ընթերցողի. ի՞նչ կզգայիք, եթե տեսնեիք, որ Ձեր երկարամյա տառապանքների ծնունդ ստեղծագործության վերնագիրը ինչ-որ մեկի կողմից այդաստիճան փոխվել է… Բարեբախտաբար Շահնուրը հետագայում թե՛ տեսականորեն և թե՛ գործնականում վերանայել է իր տեսակետը, քանզի «Սիրտ կա, որ կճաճանչե» ինքնակենսագրական հուշագրության մեջ ասում է. «Տեսություններն ու մտածումները վերջն է, որ կուգան, լավագույն է ըսել` հասուն տարիքին միայն անոնք արժեք մը կներկայացնեն» (Երկեր երկու գրքով, գիրք երկրորդ, Եր., 1985, էջ 123), իսկ մահվան թվականին (1974) ֆրանսահայ բանաստեղծ Հարութ Կոստանդյանի բանաստեղծական արվեստի վերլուծությանը նվիրված «Բայց երազն էր գերհզոր» գործում գրում է. «Իր լեզվի մեջ ներկա է մեր աստվածախույզ գրաբարը, որը շարականի և խունկի բույր մը կուտա քերթուածներուն: «Գիրք ողբերգութեան»-ը անծանոթ չէ հեղինակին: Այսպիսով ստեղծված է գրավիչ լեզու մը, իսկապես ինքնատիպ» (նույն տեղում, էջ 102):
Իմ խորին համոզմամբ, մեր մեծերից Նարեկացու Մատյանն ամենից ճիշտ հասկացել ու մեկնաբանել է Պ. Սևակը («ոչ այնքան ընթերցվել է, որքան համբուրվել, դրվել ոչ այնքան դարակի կամ գրակալի, որքան հիվանդի ճակատի վրա կամ բարձի տակ, ոչ այնքան հասկացվել, որքան զգացվել, ոչ այնքան գնահատվել, որքան պաշտվել»): Թե ինչպե՞ս, ի՞նչ փաստերի հիման վրա` ցայսօր մնում է անհայտ, զարմանալիորեն ճշգրիտ է որոշել նաև բանաստեղծի ծննդյան թվականը, քանզի 1965 թ. գրել է. «Նրա ծննդից անցել է 1000 և 20 տարի, այդ ընթացքում նրան երկնած ժողովուրդը ծնել է գեթ 20 մեծ բանաստեղծ, բայց առ այսօր վերստին նույն ինքն է բոլոր այդ մեծերի մեջ մեծագույնը:
Կ. Ա. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում հայտարարեց Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոս շնորհելու մասին: Իր կենդանությունից 1000 տարի անց արժանանալով նման բարձր գնահատանքի, կարծո՞ւմ եք, որ այս ընթացքը կտանի դեպի Նարեկացու ավելի խորքային ուսումնասիրություններ:
Հ. Մ. Անշուշտ, մշակութային շա՜տ մեծ իրադարձություն էր Ֆրանցիսկոս պապի կողմից Նարեկացուն Տիեզերական վարդապետ հռչակելու փաստը: Դա անհամեմատ մեծացնում է Նարեկացու հանդեպ հետաքրքրությունը, և չի բացառվում, որ առաջիկա տարիներին կիրականացվեն Մատյանի նորանոր լեզուներով թարգմանություններ, վերահրատարակություններ, կգրվեն գրքեր ու հոդվածներ, բայց դժվարանում եմ ասել, թե ինչ հունով կընթանան դրանք` հին ավանդույթի նորովի վերարտադրությա՞ն, թե՞ նարեկացիագիտության նորագույն նվաճումների յուրացման ու զարգացման: Համենայնդեպս, հաշվի առնելով վերջին տարիներին Նարեկացու հանդեպ մեզանում հետաքրքրության առերևույթ աշխուժացման իրողությունը, վստահ չեմ, որ իսկապես կիրականացվեն խորքային ուսումնասիրություններ: Վստահ չեմ, որովհետև, հավանաբար ինքներդ ևս նկատել եք, որ նարեկացիագիտությունը դարձել է յուրատեսակ մոդա, մինչդեռ Նարեկացին կարոտ է ռացիոնալ, խորքային, բովանդակային ուսումնասիրության, որպեսզի, ինչպես Սևակը կասեր, ոչ միայն զգանք ու պաշտենք, այլև հասկանանք ու գնահատենք ըստ էության: Պարզապես զարմանալ կարելի է, որ գրում են գրքեր ու հոդվածներ, նկարահանում ֆիլմեր, կազմակերպում ռադիո և հեռուստատեսային հաղորդումներ, «բուժում» տարաբնույթ հիվանդություններ` առանց դույզն-ինչ ծանոթանալու «աստվածախույզ» գրաբարով Նարեկացու անզուգական խոսքին, այլ բավարարվելով աշխարհաբար թարգմանություններով: Լինում են նաև ավելի վտանգավոր իրողություններ. շլացուցիչ տպավորություն գործելու համար ընտրվում է Մատյանի այս կամ այն հրատարակության բնագիր, առանց լրջմիտ քննության հայտարարվում դա լավագույններից լավագույնը և օգտագործելով հովանավորների ու բարերարների անգիտությունը, իրականացնում շքեղ տպագրություն, որով մարդկանց գիտակցության մեջ արմատավորվում են սխալ, եթե չասեմ` անտրամաբանական ու հակասական պատկերացումներ: Վստահ եմ, որ թե՛ Ձեզ և թե՛ ընթերցողներից շատերին հայտնի է, որ 1985 թ. Պ. Խաչատրյանի և Ա. Ղազինյանի աշխատասիրությամբ Երևանում իրականացված Նարեկացու գլուխգործոցի հրատարակությունը դարակազմիկ իրադարձություն էր, քանզի երկու հոյակապ բանասերներ, ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ, համատեղ աշխատել էին ավելի քան 15 տարի` օգտագործելով 61 ձեռագիր, ինչպես նաև «այն հրատարակությունները, որոնք իրականացվել են ձեռագրերի հիման վրա և ունեն սկզբնաղբյուրի նշանակություն»: Իսկ դա նշանակում է` բնագրագիտական ոլորտում քիչ թե շատ գիտելիքներ ունեցող և ընթերցողին հարգող ցանկացած մասնագետ Մատյանի նոր հրատարակություն իրականացնելիս իրավունք չունի անտեսելու կամ շրջանցելու այդ տպագրությունը: Բայց ահա 2015 թ. Աշոտ Պետրոսյանն իրագործել է 760 էջանոց շքեղ հրատարակություն` գրաբար բնագրի և արդի հայերեն փոխադրության հանդիպադրությամբ` գրաբարի համար հիմք ընդունելով Կ. Պոլսի 1774 թ. տպագրությունը, որը իբր «լոյս է ընծայուել հէնց Սբ Գրիգորի ինքնագիր գրչագրերից»: Թե որքան անհիմն է այս հավաստիացումը, բավական է ասել, որ հենց գրաբար բնագիրը աղաղակում է դրա դեմ: Օրինակ, Բան ՀԵ (75) վերջում կարդում ենք. «Այս իմ հաւատ յերրորդութիւնն, եւ այս ի մայրն իմ լուսափառ` խոստովանեալ դաւանութիւն» (էջ 406), որը արդի հայերենի է փոխադրված հետևյալ ձևով. «Այս է իմ հաւատը Երրորդութեան եւ այս` ի Մայրն իմ լուսափառ` խոստովանեալ դաւանութիւն» (էջ 407): Դժվար չէ համոզվել, որ բերված հատվածում «այս» բառի կրկնակի գործածությունը պատիվ չի բերում ոչ միայն անգերազանցելի հայերենագետ և լեզվաշինարար Նարեկացուն, այլև անպատվաբեր կարող է համարվել միջին գրագիտության յուրաքանչյուր հայի համար: Ավելին, Մատյանի ՂԳ (93) Բանի գրաբար բնագրի վերջում կարդում ենք. «Այս իմ ձեռնարկութիւն ի սրբութեան, եւ այս արձանագրութիւն ի սրբութեանցն սրբութիւն» (էջ 528), որը արդի հայերենի է փոխադրվել այսպես. «Այս սրբության մի ձեռնարկութիւն է, եւ արձանագրութիւն ի սրբութեանցն Սրբութիւն» (էջ 529): Ըստ երևույթին հրատարակիչ-փոխադրիչն զգալով, որ գրաբարի կոպիտ սխալի նույնությամբ փոխադրումը արդի հայերենի կարող է ավելի անտրամաբանական հնչել, ուստի փոխադրել է այլ կերպ. «Այս սրբութեան մի ձեռնարկութիւն է, եւ արձանագրութիւն ի սրբութեանցն Սրբութիւն» (529): Ինչպես տեսնում ենք, նախ` «իմ» բառը փոխադրվել է «մի»-ի, իսկ ապա` դեն նետվել երկրորդ «այս»-ը: Մինչդեռ բավական է համեմատվեր վերը նշված հրատարակության հետ, իսկույն պարզ կդառնար, որ պետք է լինեն ոչ թե «Այս…, եւ այս…», այլ` «Այն…, եւ այս», և ամեն ինչ կլիներ ճիշտ ու տրամաբանական, իսկ թե ինչու, ապա ներկա դեպքում հարկ չեմ համարում բացատրելու: Ոչ պակաս, գուցեև ավելի, զարմանալի է այն փաստը, որ գրաբար բնագրում օ տառը գերազանցապես գրված է աւ, բայց ընդամենը մի քանի անգամ (օրինակ, էջ 4, 14, 22,24,78,86,270,300 և 480)` նաև օ, և նման բնագիրը համարվում է հեղինակային ինքնագիր: Չէ՞ որ հայերենագիտության մեջ ընդունված գրեթե աքսիոմատիկ ճշմարտություն է, որ այս տառաձևը «հայոց այբուբեն է մուծվել XII դարի վերջին XIII դարի սկզբին Արիստակես Հռետորի կողմից» (ՀՍՀ, հ. 12, էջ 507): Այստեղից հետևում է, որ այդ ինքնագիր հորջորջվածները կարող են ընդօրինակված լինել ամենաշուտը 12-րդ դարավերջին կամ 13-րդ դարասկզբին, երբ նոր միայն սկսվում էր գործածվել օ տառը: Ահա այս և բազում զարմանալիներով հանդերձ` խնդրո առարկա տպագրությունն իրականացվել է ոչ ավել, ոչ պակաս «օրհնութեամբ Երուսաղէմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկեանի» և «ի յիշատակ Դիլանեան, Մատիկեան, Մնացականեան, Վարդանեան, Մարուքեան ընտանեաց ննջեցելոց. եւ վաղամեռիկ պատանեակ Արման Յարութիւնեանի. արդեամբ վերոնշեալ ընտանեաց բարեպաշտ հաւատացեալների. ի փառս Աստուծոյ. եւ ի պատիւ հրեշտակային Սուրբ Վարդապետի»:
Եթե այսուհետև ևս այսպես պետք է շարունակենք պատվել «հրեշտակային սուրբ» վարդապետին, ապա «տիեզերական վարդապետ» հռչակելուց հետո անգամ դժվար է հուսալ «ավելի խորքային ուսումնասիրություններ»:
Զրուցեց բանաստեղծ, փիլ. գիտ. թեկնածու Կարինե ԱՇՈՒՂՅԱՆԸ