Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ / ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Պարոն նախագահ.
Խոսքս հայ գրականության և գրողների մասին է: Սեփական գրականությունից հանրության կտրվածությունը բերում է բարոյահոգեբանական անկման, որի հետևանքները աղետալի են ցանկացած երկրի համար: Հայաստանի իշխանությունների կողմից գրականության, ընդհանրապես, մշակույթի նկատմամբ ուշադրության նվազեցումը, պետական աջակցության կտրուկ կրճատումը ավելի է խորացնում հանրության և գրականության, արվեստի միջև անջրպետը:
30 տարի ես ուսումնասիրում եմ V դարի հայ պետական ականավոր գործիչ, Հայոց հյուսիս-արևելքի (Աղվանք) Վաչական Բ թագավորի կյանքն ու գործունեությունը, որի արդյունքում մեկ տարի առաջ ավարտել եմ «Վաչական Բարեպաշտ թագավոր» պատմավեպը: Գրականության ու արվեստի պետական աջակցության բացակայության պատճատով դիմում եմ ամենատարբեր կազմակերպությունների, գործարարների, սակայն արդյունքում անտարբերությունն է գրականության, ստեղծագործողների նկատմամբ: Իսկ մեր հանրությունը կարիք ունի նման ստեղծագործության, թեկուզ մատաղ սերնդի մոտ հայրենասիրական ոգու բարձրացման իմաստով: Բացի այդ, 1988-1994 թթ. գոյապայքարի ընթացքում գրել եմ բազմաթիվ ռեպորտաժներ, զրույցներ թեժ կետերից, ռազմաճակատից, որոնցից կազմել եմ առանձին հատոր: Դա կարևոր է այսօրվա սերնդին մեր գոյապայքարի մասին ճիշտ պատկերացում կազմելու համար: Այն ևս լույս ընծայելու ոչ մի հնար չկա: Երեք տարի է, ինչ ավարտել եմ «Տոնաշեն» փաստավավերագրական վեպը, կրկին նույն վիճակը: 1996թ. ավարտել եմ «Ղարաբաղի խնդրի արմատները» մենագրությունը, որն ընդգրկում է երեք հազար տարիների ընթացքում արցախյան խնդրի պատմությունն ու զարգացման փուլերը: Այն թարգմանվել է անգլերեն: Գիրքը կարևոր է խնդիրը ուսումնասիրողների համար: Այժմ գրում եմ վեպ արցախյան պատերազմի մասին: Թե ինչ կլինի այս գրքի ճակատագիրը, պարզ չէ: Սակայն չգրել չեմ կարող, քանի որ այն միայն ես կարող եմ գրել` պատերազմյան օրերին իմ գրառումների հիման վրա:
Պարո՛ն նախագահ, գրողներ, արվեստագետներ կան, որոնք նույն վիճակում են: Ստեղծագործող հայ գրողներս պահանջում ենք պետության կողմից ամենայն ուշադրություն գրողների, նրանց ստեղծագործությունների նկատմամբ:

Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Արձակագիր, հրապարակախոս, գեղանկարիչ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։