Թանկագին Արևշատ.
Քո այս նորածին՝ «Տիեզերքի սիրտխփոցը» գիրքը կարդալիս, թերևս իմ «գրականագիտական կյանքում» առաջին անգամ, կանգնեցի լուրջ երկընտրանքի առջև. զարմանք-հիացմունքս բարձրաձայնել և իմ «սիրտխփոցն» էլ մի քանի բառով արտահայտել հեռախոսո՞վ, թե՞ մտասևեռ ևս մի անգամ ընթերցելով՝ ավելի հիմնավոր անդրադարձ կատարել և առիթն օգտագործելով՝ խոսք ասել քո ստեղծագործական ինքնատիպ աշխարհի մասին: Մանավանդ որ, մեր գրաքննադատությունն, իմ կարծիքով, առ այսօր ըստ արժանվույն դեռևս չի գնահատել քո եզակի ստեղծագործական ներկայությունը ժամանակակից հայ պոեզիայում: Եվ այդ նկատառումով ահա ընտրեցի երկրորդ տարբերակը, ու արդյունքում ծնվեց այս բաց նամակը՝ պարզապես մի փորձ քո «Տիեզերքի սիրտխփոցին» նաև այսպես հաղորդակցվելու նպատակով:
Տիեզերքի սիրտխփո՞ց. այս ի՞նչ առեղծվածային խորագիր ես ընտրել գրքիդ համար, Տիեզերքի «կենդանի շնչառության» այդ ի՞նչ ներհուն զգացողություն է քեզ առաջնորդել մեր նորօրյա գրականության մեջ թերևս իր ժանրային նախատիպը չունեցող նման ինքնատիպ գեղարվեստափիլիսոփայական (այսպես ասեմ) հյուսվածք արարելու համար: Բայց ես ու քո հավատարիմ ընթերցողները գիտեն, որ ի սկզբանե «Ակունքներ», «Երկնային պատուհաններ», «Աստղի ծնունդը», «Լույսի արմատներ» ժողովածուներից մինչև «Խոսք և գույն» ու «Հոգեգույներ ծածկագրերով», մի խոսքով՝ քո ողջ ստեղծագործական աշխարհի ամենաբնորոշ գիծը Տիեզերք-Մարդ, Երկրային-Երկնային փոխհարաբերությունների, այլ կերպ ասած՝ «տիեզերքի սիրտխփոցի» ծածկագրային-առեղծվածային էության մեջ թափանցելու-բացահայտելու և պատկերախոս ոգեղեն տարերքով այն ներկայացնելու եզակի ունակությունն է: Մենք էլ չէ, վկա՝ քո իսկ խոստովանությունը: «Այն գաղափարները, որոնք արտահայտել եմ իմ գրքերում, տրամաբանորեն կրել են առարկայական աշխարհի և իմ անհատական մտածողության կնիքը: Համոզված եմ, որ իմ բոլոր ներշնչումների պատճառը եղել է արարչական ներուժի ըմբռնումը և այն պոեզիայի լեզվով նյութականացնելու բարեբախտությունը: Տասնամյակներ շարունակ իմ բանաստեղծություններում ու նկարներում փորձել եմ պատկերել ստորին նյութաշխարհից արտազատվող, վեր ձգվող, բնաշխարհից բառաշխարհ մտնող նրբագույն էներգիայի թրթիռները: Մտովի տեսել եմ ծառարմատների տակից ծառաբնով վեր ձգվող դեղձենու ծաղկաթերթերը, թզենու տերևները, ծիրանի կորիզները: Ես փոխաբերությամբ ցույց եմ տվել այն կապը, որ կա կորիզի միջուկի և գալակտիկայի միջուկի միջև»:
Ահա և այս գրքում կիզակիտվել- ի մի են բերվել քո բանաստեղծական աշխարհում տարրալուծված այնքան բարդ, շատ հաճախ անբացատրելի թվացող տիեզերական բազմազան երևույթների մասին մտորում-խոհերդ՝ արտացոլված փիլիսոփա բանաստեղծի (չեմ վարանում այսպես բնորոշելիս) ներհուն խորհրդածություններով, «Տիեզերքից Մարդու ստացած կենսական լիցքերի ու հոգեհոսքերի», ընդհանրության մեջ՝ Տիեզերք-Մարդ հոգեղեն միասնության գաղտնազերծումներով, այդ ամենը՝ գեղարվեստական պատկերամտածողությամբ՝ քո իսկ գեղանկարչական արվեստի հրաշալի համադրում-լրացումով:
Քո «Տիեզերքի սիրտխփոցին» ականջալուր՝ որտեղից որտեղ մտորումներով ակամայից «հայտնվեցի» ռուս անվանի նկարիչ, փիլիսոփա, նաև՝ բանաստեղծ Նիկոլայ Ռերիխի «Մորիայի ծաղիկները» բանաստեղծական ժողովածուի աշխարհում՝ հիշելով իր իսկ խորհրդանիշ տողերը.
…Ամեն տեսակ սիրուց վեր,
կա մի համարդկային սեր,
Ամեն տեսակ գեղեցիկից վեր
կա դեպի Տիեզերքի ճանաչողություն տանող մեկ գեղեցկություն:
Խոհափիլիսոփայական-այլաբանական տարերքով արձակ («սպիտակ») բանաստեղծություններում Ռերիխը փորձում է իր և ընթերցողի համար բացահայտել Տիեզերք-Մարդ բազմախորհուրդ առեղծվածի գաղտնիքները, «աշխարհը պատկերացնելով մի ամբողջական տարածություն, որի ամեն մի ատոմ տոգորված է Աստվածային էներգիայով», և որ «Տիեզերքում չկա որևէ բան, որ չլինի այդ էներգիայի մասնիկը՝ դա հենց Մեծն Ամենայնն է… հետևաբար բոլոր մտքերն ու գաղափարները ևս հանդիսանում են Նրա անբաժան մասը»: Եվ, ինչպես ընդգծել է Ռերիխի ինքնատիպ արվեստի մեկնաբանը՝ «նա մշտակայուն կանգնած է եղել Բարձրագույնի առաջ և իր ստեղծագործություններում արտացոլել է Երկնային Աշխարհի Միտքն ու Պատկերները, այդ ամենին իբրև լրացում-պարզաբանում հավելելով սեփական նկարները»:
Դե՛, եկ ու մի՛ զարմացիր, որ ռուս նկարիչ-բանաստեղծի և քո ստեղծագործական աշխարհի միջև ինչ-որ զուգադրություն կա՝ արարված իրարից անկախ, ժամանակային մեծ տարբերությամբ, բայց համահունչ տիեզերազգացողություն ինչ-ինչ մտորումների, խոհերի, մեկնաբանությունների առումներով: Եվ թող չափազանցություն չթվա, որ եթե Ռերիխը հիմնականում այդ միակ-եզակի գրքում է ուրվագծել «Երկնային Աշխարհի Միտքն ու Պատկերները», ապա, ինչպես քո ողջ ստեղծագործական աշխարհի, թերևս բոլոր բանաստեղծական ժողովածուների, ընդհանրապես՝ քո գեղարվեստական մտածողության էպիկենտրոնում Տիեզերք-Մարդ առեղծվածային կապի, քո իսկ խոսքերով, «Տիեզերքից կենսական լիցքեր և հոգեհոսքեր ստացող Մարդու մտաշխարհի, ներաշխարհի, խորքային, հուզական ու զգացմունքային ապրումների, մարդկային էության, նրա կյանքի գաղտնիքների բացահայտման» հիմնախնդիրներն են: Եվ քո խոհափիլիսոփայության ելակետով, «երկնային հոգեղեն ու երկրային նյութական կենսալիցքերն ամբողջացնող Մարդը բնական ու բանական աշխարհների մարմնացումն է, արարչագործ կյանքի հիմնական դերակատարը»: Եվ որ նա «իր մարմնական, օրգանական ու հոգևոր բնույթով, նյութական ու բանական տիեզերքի ամբողջության մասն է կազմում, նրա անձնական, անհատական ինքնությունը՝ նախաստեղծ ժամանակներից մինչև օրս և հետայսու՝ հավերժական, անսահման ու մշտահոլով Տիեզերքի հոգեղենացած ինքնության դրսևորումն է»:
«Լսենք Տիեզերքի սիրտխփոցը»,- հորդորում ես դու գրքի նախաբանում, և մեզ ավանդում իմաստասիրական առաջին «դասը» ներշնչանքի մասին, որ, ըստ քեզ, «այն բանալին է, որով արտաքին իրականության մեջ ապրող մարդու առջև բացվում են ոչ միայն անիրական, այլ նաև իր իսկ մեջ եղած, բայց չնկատված ու չտեսնված ներքին իրականության դռները»: Եվ ապա՝ «ներշնչված ստեղծագործողը նման է խավարի մեջ լուսարձակող լամպի… Կյանքի խավարի մեջ շողարձակում է տաղանդավոր մարդու ճակատագրի աստղը, որն իր ներշնչանքի շնորհիվ անտեսանելի լիցքեր ու հոսանքներ է ստանում իրեն հայտնի ու անհայտ հավիտենության ակունքներից»: Ու հաջորդում է մյուս «դասը» պոեզիայի արարչական էության մասին, որ «սիրտն ու հոգին իրար կապող արարման արվեստն է, իրականության երազային մարմնավորումը՝ հոգեսահմանի ու նյութաշխարհի միջև»:
Հիմա ես ինչպե՞ս վարվեմ, իմ տաղանդավոր բարեկամ, ինչպե՞ս չտրվեմ քեզնից մեջբերումներ կատարելու գայթակղությանը, և տվյալ պարագայում փորձեմ արդարանալ, որ «մեկնաբանություններն ավելորդ են»: Պարզապես հարկավոր է ուշադիր ունկնդրել քո յուրաքանչյուր «դասը»՝ հագեցած խորախորհուրդ, պատկերախոս ներհուն շերտերով, իմաստասիրական-խոհափիլիսոփայական «հոգենյութով», ներաշխարհի առեղծվածների ինքնատիպ մեկնաբանություններով, ներաշխարհ, որ «նման է մի փակ հայելու, որի մեջ երազի նման նրբորեն տիեզերքը տեսնում է իր պատկերը»: Քո գիրքը մի յուրօրինակ հանրագիտարան է, որի ամեն մի էջ մեր առջև բացում է Տիեզերք-Մարդ համակեցության անհայտ ու եթե նույնիսկ արդեն հայտնի, բայց քո՝ «ներշնչված մարդու պայծառատեսությամբ» գաղտնազերծված ու նոր կողմերով բացահայտված երևույթ: Այդպես են աստղազարդ երկնքից մեզ ներկայանում Ծիր կաթինն ու Հարդագողի ճանապարհը, քո օգնությամբ վերծանվում խաղողածին կորիզի գաղտնագրերը, «լռության խորհուրդը», բացահայտվում «կյանքի արբեցնող կենսահյութը Այնաշխարհից Այսաշխարհ տեղափոխող որթատունկի խողովակի ծորակ հիշեցնող ամեն մի մատի» ոգեղեն ներուժը, «կյանքի երկնային շղթաների» առեղծվածը, հաղորդակցվում գրքի «Նյութաշխարհ», «Տիեզերական գաղտնարան», «Բառաշխարհ», «Մտաշխարհի լույսը», «Սիրաշխարհ», «Գրառումներ» «Հայի էությունը», «Փոքրիկ պատմվածքներ» բաժիններում ներառված իմաստախոսությունների ներհուն աշխարհին, որից «դուրս գալը», տարանջատվելն այլևս, թվում է, անհնարին է դառնում: Եվ ես՝ ընթերցողս, դեռ երկար վայելում եմ քո աշխարհում ապրելու, այո՛, հենց ապրելու, քո իմաստախոս «դասերն» ունկնդրելու մարդու տիեզերական էության քո գաղտնազերծումներն ըմբռնելու, աներևույթը տեսանելի դարձնելու, կյանքի խորքային իմաստները բացահայտելու քո ունակությունը և յուրովի իմաստավորելու բերկրանքը, նաև կիսելու քո մտահոգությունները Երկիր մոլորակի ու այդ մոլորակի տիեզերակալ բնակչի՝ Մարդու ճակատագրի հանդեպ:
Քո այս գիրքը, սիրելի Արևշատ, ավելի խորքային և լրջախոհ անդրադարձի անհրաժեշտություն ունի: Այնինչ ես պարզապես սահեցի-անցա նրա մակերևույթով, անսահման հետաքրքրությամբ ու համախոհի զգացողությամբ ունկնդրեցի «տիեզերքի սիրտխփոցի» միայն մի քանի զարկերակի բաբախյունը՝ «տիեզերաիմացության» իմ չափազանց սահմանափակ գիտելիքներով դույզն իսկ չհամարձակվելով արտահայտել որևէ հակադիր նկատառում կամ հավելյար մտորում քո դիտարկումների վերաբերյալ: Իմ նպատակը, այս պարագայում, ավելի շուտ ընթերցող հանրությանը քո այս աննախադեպ գրքի մասին տեղեկատվություն մատուցելն էր: Ու ես, ի վերջո, ափսոսանքով «Տիեզերքի սիրտխփոցից» ժամանակավորապես բաժանվում եմ (ժամանակավորապես՝ քանզի այն անընդմեջ ընթերցումի ու խորամուխ մտորումների վայելք է ենթադրում)՝ իմաստախոսության քո այս «դասով». «Մարդկային ներաշխարհի մեջ, նրա մարմնական ու հոգեղեն մաս կազմող մտաշխարհում արտացոլվում են տիեզերական անսահմանության երազային ու երևակայական պատկերացումները: Տիեզերքն ստեղծողի, նրա ամենակարող հնարավորությունների, ինքնահիմնավորված տիեզերական ճշմարտությունների, մարդկային մարմնի նյութական, ֆիզիկական ու կենսաբանական իրողությունների փաստը վկայում է, որ արարչաստեղծ Տիեզերքը իր համակարգված ճշգրտությամբ՝ բնական ու բանական Ամբողջությունն է, լուսավոր մարմնացումը: Մարդկային հոգեմտածողության մեջ առկա է տիեզերական անհունի անսկիզբ ու անվախճան պատկերացումների ամբողջական կերպարը՝ որպես Աստված, որպես Տիեզերքի Տեր ու Տնօրինող… Հավատանք ու գնանք հոգեշենացնող լույսի, անմահություն տանող սիրո ու հավատի հավիտենական ճանապարհով»:
Սիրով՝ քո «տիեզերական սիրտխփոցի» ունկնդիր
Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ