Յաշա ՉԱԽՈՅԱՆ / ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ՓԱՌԱՏՈՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Հայաստանի թատերական գործիչների միությունը ծրագրել է թատերական մեծ փառատոն անցկացնել Սյունիքում /նման ընդգրկուն փառատոն ՀԹԳՄ-ը Սյունիքում կազմակերպել էր 1996-ին «Սյունիք-96» անվանումով/:
Մայիսի 19-27-ը մայրաքաղաքի, Գյումրիի և տեղի թատրոնները իրենց լավագույն ներկայացումներով հանդես կգան Կապան, Գորիս, Մեղրի, Սիսիան, Քաջարան և Ագարակ քաղաքներում: Մարզի բնակիչներին իրենց արվեստը կներկայացնեն Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական /Գ. Խանջյան «Որբերի ընտանիքը»/, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական /Ա. Կուլիչկով, Ս. Շևչենկո «9 ամիս»/, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի /Կ. Խոդիկյան «Սիրային քառանկյունի»/, Պատանի հանդիսատեսի /Վ. Ստեփանյան «Բրեմենյան երաժիշտները»/, Հ. Թումանյանի անվան տիկնիկային /Հ. Թումանյան «Անբան Հուռին»/, Հ. Մալյանի անվան /Հ. Թումանյան «Հեքիաթներ»/, Կամերային երաժշտական /Ա. Պանտիկին «Կրիսպի մկնիկը»/, Գյումրու Վ. Աճեմյանի անվան /Ռ. Կալինոսկի «Հրեշը լուսնի վրա»/, Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան /«Բակունցյան գույներ»/ և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան /Ռ. Կալինոսկի «Հրեշը լուսնի վրա»/ թատրոնների առաջատար դերասաններ:
Երեխաների դաստիարակության գործում միշտ էլ բարերար ազդեցություն են ունեցել մանկական ներկայացումները և պատահական չէ, որ փառատոնի խաղացանկում կան նման բեմադրություններ:
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա մայիսի 19-ին մարզկենտրոն Կապանում` Կ. Խոդիկյանի «Սիրային քառանկյունի» ներկայացումով:
Հագեցած կլինի փառատոնի ծրագիրը: Ամբողջ մարզի բնակիչների համար այդ օրերը կվերածվեն բեմարվեստի տոնի: Մարզերի թատրոնների վարագույրները կբացվեն 18 անգամ, և բնական է` բոլոր ներկայացումները կունենան լեփ-լեցուն դահլիճներ: Հավելենք նաև, որ թատերասերների համար մուտքն ազատ է:
Փառատոնի հիմնական նպատակն է՝ մարզի բնակչությանը հասու դարձնել բեմարվեստի նվաճումներին և ամրապնդել մայրաքաղաք-մարզեր մշակութային կապը: Շատ մարզեր, հատկապես սահմանամերձ գյուղերի բնակիչները, հազվադեպ են ականատես լինում Երևանի թատրոնների ներկայացումներին:
«Սյունիք-2017» թատերական փառատոնը հովանավորել են Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամը, Մշակույթի նախարարությունը և Սյունիքի մարզպետարանը:
Աստիճանաբար հունի մեջ են մտնում վաղեմի ավանդույթները և ՀՀ կառավարության միջոցներով նորոգվում են գյուղերի մշակույթի տները: Փայլուն օրինակը Գավառի Լ. Քալանթարի անվան թատրոնի շենքի հիմնովին վերակառուցումն է: Թատերական միությունը, թատրոնի շենքի բացման առթիվ, ծրագրել է մարզում կազմակերպել փառատոն` մայրաքաղաքի առաջատար թատրոնների մասնակցությամբ: Նորակառույց թատրոնի բացման պատիվը կտրվի Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնին:
ՀԹԳ միությունը (համառոտ ներկայացնենք նաև միության, ոչ բոլոր, գործունեությունը) առավել ուշադրություն է դարձնում «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը` լրացնելով ու ավելի կատարելագործելով կանոնադրությունը, ակտիվորեն աջակցում է նաև երկարակյաց և շարունակվող «Թատերական Լոռի» փառատոնին:
Միշտ էլ ծանրաբեռնված է եղել Թատերական միության դահլիճը: Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանողները` կուրսային և դիպլոմային բեմադրությունների փորձերը կատարում են այստեղ և ներկայացնում հանդիսատեսին: Երիտասարդ ռեժիսորների, Մոնոներկայացումների, Շեքսպիրյան և Հայֆեստ միջազգային փառատոների մասնակից թատերախմբերը իրենց ներկայացումների մի մասը ցուցադրում են փոքր, բայց հարմարավետ այս դահլիճում:
Արդյունավետ է ավանդական դարձած երիտասարդ ռեժիսորների բեմադրությունների փառատոնը, որտեղ ի հայտ են գալիս երիտասարդ շնորհալի ստեղծագործողներ:
Հայոց բանակը մեր անկախության ամենամեծ ձեռքբերումն է: Միությունը ծրագրել է թատերախմբեր ուղարկել սահմանմերձ զորամասեր, ինչպես նաև սահմանամերձ գյուղեր` դպրոցական երեխաներին ևս հաղորդակից դարձնելու այսօրվա մշակութային կյանքին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։