ԱԶԳԱՅԻՆ ՏՈՒՐՔ՝ ՀԱՅՈՑ ԶԻՆՈՒԺԻՆ

Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ռազմական լայնածավալ գործողությունները ԼՂՀ հարավային և հյուսիսարևելյան սահմաններին հերթական անգամ ի ցույց դրեցին հայ զինվորի քաջարի կերպարը, Հայոց բանակի մարտական բարձր ոգին, հայ ժողովրդի՝ դժվարագույն պահերին միանգամից համախմբվելու և թշնամու ագրեսիան չեզոքացնելու աստվածատուր կարողությունը: Այդ ամենը մեր թանկ ու անկորնչելի հարստությունն է, որ պետք է բազմապատկել համաժողովրդական նոր որակներով:
Հայրենիքի զարգացումն ու բարգավաճումը, մանավանդ` աշխարհագրական մեր դիրքի ու առկա լարվածության պայմաններում, նրա պետականության պահպանումն ու ամրապնդումը, ազգի անվտանգությունը պահանջում են մեր բանակի պաշտպանունակության արդիականացման ու գերժամանակակից միջոցների ապահովման այնպիսի մակարդակ, որն, անշուշտ, հակառակորդին զսպելու և, հարկ եղած դեպքում, խստորեն պատժելու հնարավորություն կտա: Այս գործում թույլ տրված ամենափոքրիկ հապաղումն անգամ կարող է հանգեցնել անդառնալի ու մեծ կորուստների: Սա մեր անհետաձգելի ու ամենաառաջնահերթ խնդիրն է:
Անհրաժեշտ ենք համարում այսօրվանից կիրառել ազգային տուրքի հավաքագրում, որին պետք է մասնակցեն մեր բոլոր չափահաս քաղաքացիները: Այդ նպատակով հարկավոր է մշակել ազգային տուրքի հավաքագրման գործառույթներն իրականացնող մեխանիզմ, որը և կկանոնակարգի համապատասխան աշխատանքները՝ պետական-հասարակական միացյալ խորհրդի ղեկավարմամբ: Խորհուրդ, որտեղ ներգրավված կլինեն ողջ հայության (Հայաստան, Արցախ, Սփյուռք) լավագույն գործուն ուժերը, կսահմանի ազգային տուրքի չափը և մուծման պարբերականությունը, կվերահսկի գումարների ծախսման նպատակայնությունը: Ուստի, ելնելով այդ ամենից, երկու հանրապետությունների պետական և հասարակական կառույցներին, Սփյուռքի իրավասու կազմակերպություններին առաջարկում ենք՝ շտապ կարգով հրավիրել Ազգային տուրքի սահմանման հիմնադիր համաժողով և անհապաղ գործի անցնել: Ի դեպ, համագումարը իրավասություն կունենա նաև նախաձեռնելու և մոտ ապագայում ընդհանուր ուժերով ստեղծելու, ապա՝ համաժողովրդական քննարկումով, ընդունելու Ազգային զարգացման ծրագիր, որը և գործունեության ուղենիշ կհանդիսանա յուրաքանչյուր հայի համար՝ անկախ նրա ապրելու վայրից:

ՀՀ և ԼՂՀ գրողների միություններ
ՀՀ և ԼՂՀ նկարիչների միություններ
ԼՂՀ ժուռնալիստների միություն
Շուշիի «Կաճառ» գիտական կենտրոն

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.