Բաց նամակ բանաստեղծ Ռազմիկ Գալստյանին՝ նոր գրքի ծննդյան առթիվ
Բարև, թանկագի՛ն հայրենակից.
Այս բաց նամակը խորագրել եմ քո նախորդ «Արևի հնձան» ժողովածուի բանաստեղծության տողով, որ խորհրդանշում է ավելի կատարյալ ոգեղեն տարերքով հյուսված բանաստեղծական խոսք ու խոհի ինքնատիպ երկունք: Եվ այս նոր՝ «Ներաշխարհի խոհեր» գիրքը հենց այդ խոստման վկայագիր է:
Առաջին՝ «Ակնթարթների անմահությունը» գրքով դու նորամուտ կատարեցիր գրական աշխարհ՝ այնտեղ բացելով մի փոքրիկ, բայց լուսավոր արահետ: Հետո ծնվեցին նոր բանաստեղծական ժողովածուներ, և արահետը դարձավ լայնահուն ճանապարհ հայ քնարերգության մայրուղում: Այդ ճանապարհը դու անցար անաղմուկ՝ համահունչ քո մարդկային համեստ կեցվածքին:
Արձանագրենք, որ դու վաղուց ի վեր ընթերցողական սերունդներին պարգևել ես բանաստեղծական իրոք ինքնատիպ մի աշխարհ, հարափոփոխ ժամանակների՝ մեր իսկ ապրած այս բարդ ժամանակների և նրա մակընթացությունների ու տեղատվությունների որոգայթներում հայտնված մարդու, հայ մարդու ցավերն ու տագնապները, ի վերջո, նաև հույսն ու հավատը բացվող օրվա հանդեպ: Եվ դա անում ես խոհափիլիսոփայական ներհուն տարերքով ու բաբախող սիրո զարկերակների խոր զգացողությամբ: Քո ամեն բառը «սիրուց է ծնվել» (այդպես ես խոստովանում), ու սիրուց է ծնվել սեր՝ նախնյաց կորուսյալ հայրենի եզերքի՝ Կարս նվիրական ոստանի հանդեպ, Հայաստան աշխարհի ու Հայոց նորոգ հայրենական տան՝ Արեգ շենի հանդեպ, որ քո և ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդավայրն է, սեր՝ ծնողների, «առավոտի միջով անցնող աղջկա» հանդեպ, սեր՝ առհասարակ մարդու հանդեպ ու առ Աստված:
Այս երկար մեջբերումը քո քնարերգության ոգու և էության վկայագիրն է: Եվ քո այս գրքի ոգուն համահունչ է «Արևի հնձանի» խմբագիր-հրատարակիչ Մհեր Դավոյանի գնահատանքի խոսքը. «Ռազմիկ Գալստյանի բանաստեղծությունն՝ ինքը մարդու պես կենդանի արարած է: Վարպետ արհեստավորի ձեռքով, ընտրովի բառերից ձուլած գեղեցկաբանություն չէ, մտքի ծալերից զոռ տալով հանած փիլիսոփայություն չէ, Ռազմիկ Գալստյանինը հոգով ստեղծած կենդանի ոգի է, Բան՝ իր նախնական ու մեծ իմաստով… Ես նախանձում եմ ընթերցողին, ով առաջին անգամ է բացում այս գիրքը և նրա էջերում իսկական ԲԱՆԸ ինքնուրույն հայտնաբերողի հաճույքն է վայելելու»:
Այդ հաճույքը մենք էլ վայելեցինք, երբ առաջինը առնչվեցինք քո այս նոր գրքի ներաշխարհին ու հայտնաբերեցինք այն ԲԱՆԸ, որ բնորոշ է նաև նախորդ բոլոր ժողովածուներիդ բանաստեղծական ոգեղեն տարերքին: Եվ կրկնում ենք, որ ընդհանրապես քո քնարերգության աշխարհում «ճանապարհորդելիս» համակվեցինք թեժ զգացումներով, ինչը պարուրել է նաև քո հոգուն, քո ներաշխարհին, աշխարհ, որ կենդանի, զգայուն թրթիռներով բաբախում է մայր ժողովրդի ճակատագրի մտահոգությամբ, մարդկային բարոյականության, բևեռացված հասարակությունում մնայուն արժեքների ոտնահարման և ցավագին այլ երևույթներից խոցված մի սիրտ: Դա քո սիրտն է, մեր բարեկամ, որ, այնուամենայնիվ, հավատով փարվում է այն միակ ճշմարտությանը, որ «կարող է լոկ միասնությամբ Հայն իր ՑԱՎԸ մակարդի»: Քո այս գրքի աշխարհում դու ոչ միայն հարցական մտորումներով ես «ներկայանում» ընթերցողներին, այլև պատասխաններ ես տալիս այն հարցին, թե ինչի համար է մարդն ապրում հայոց սրբազան հողի վրա. տոգորվում լավի, բարու, այդ հողը շենացնելու, հավերժացնողի քո իսկ կատարյալին ձգտելու զգացումով, ինչը նախորդ և այս գրքի երդվյալ պատվիրանն է:
Եվ դու, թանկագի՛ն բարեկամ, «կյանքի հրով բացված», «հոգու ծաղկած լույսով» խանդավառված՝ ազդարարում ես.
Լույսը ահա կրկին ծաղկեց,
Մտա սիրտը առավոտի,
Հոգիս կյանքի հրով բոցվեց,
Խիղճն է դառել կյանքիս գոտի…
Հուսո ու հավատի, արծվաթռիչ խոյանքների զգացումներով տոգորված քո երգերը, քո ոգեձույլ խոհերը, բանաստեղծական պատկերախոս տարերքով հյուսված՝ պարուրում են նաև ընթերցողներին նորովի իմաստավորելու մեր այս դժվար ժամանակներում ոգու զորեղ ուժով հաղթահարելու ծառացած բոլոր դժվարությունները: Եվ դա քո օրինակով ես նրանց առաջնորդում.
Աշխարհը այս իմ մեջ առած,
Խնդությունից աչքերս թաց,
Սրտիս դուռը թողել եմ բաց,
Պիտի թռնեմ արծիվ դառած…
Արև, երկինք ու հող. ժամանակի այս «որդիները», որ ապրելու ուժ են ներարկում քո մեջ, նաև քո քնարերգության խորհրդանիշերն են, որոնցով նաև իմաստավորվում է մեր ազգի ֆենոմենը: Այո՛,
Հրից անցել ենք,
Սրից անցել ենք
Եվ գետից անցել,
Այսքան ծանրություն
Կրելուց հետո
Դեռ դիմանամ ենք,
Ա՛խր, մենք հայ ենք…
Եվ վերընձյուղման քո հնարն ես ազգին առաջարկում.
Քանի դեռ ուշ չէ՝ ձայնիր Մհերին,
Ինքը իր փակած դուռը բաց անի,
Վստահիր նրա հզոր թևերին,
Կհաղթի վշտիդ հազարաչքանի…
Սիրելի՛ Ռազմիկ, քո պոեզիան այնքան գունագեղ է ու ասելիքի խոհափիլիսոփայական այնքան ներհուն շերտեր ունի, որ թելադրում է գնահատանքի ավելի խորքային անդրադարձ:
Այս բաց նամակի նպատակը չափազանց համեստ է՝ մեր (և ոչ միայն) նորօրյա ընթերցողների հայացքը սևեռել իրենց բանաստեղծ որդու սիրո ու նվիրումի ստեղծագործական արարումներին՝ «Ակնթարթների անմահություն», «Վարք ոգու», «Արևի հնձան», «Հոգու ճանապարհ» գրքերիդ և այս նոր՝ «Ներաշխարհի խոհեր» ժողովածուի լուսավոր խորհրդանշաններով։
Նամակն այս ավարտում ենք քո բանաստեղծություններից մեկում արտահայտված այսպիսի խոհով.
Աշխարհից ոչինչ ես էլ չեմ տանի,
Ի՞նչ եմ թողնելու՝ մինչ արդ չգիտեմ…
Չէ՛, մեր բարեկամ, մենք և ընթերցողներդ քեզ հետ համաձայն չենք: Դու քեզ բնորոշ համեստության «զոհն» ես պարզապես: Իսկ մենք վաղուց հաստատագրել ենք, որ հայ ժամանակակից քնարերգության մայրուղում դու բացել ու շարունակում ես մի լուսավոր հետագիծ ավելի կատարյալին հասնելու անհագ ձգտումով, ստեղծագործելու ծարավով նոր գրքերի արարում, որոնց ճակատին փառավորապես բազմելու է թանկ մի անուն-ազգանուն՝ Ռազմիկ ԳԱԼՍՏՅԱՆ: Ի դեպ, քեզ հետ միասին մեր երախտագիտությունն ենք հայտնում քո հայրենի Թաթուլ գյուղի համայնքի ղեկավար Ալբերտ ՀԱՐՈՅԱՆԻՆ՝ գրքիդ հրատարակությանը աջակցելու համար:
Ստեղծագործական նոր նվաճումներիդ սպասումով՝
Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Բան. գիտ. դոկտոր