Բաց նամակ վայոցձորցի
արձակագիր Սերյոժա ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ
Բարև, թանկագին բարեկամ.
Շնորհավորելով քո ծննդյան փառավոր 70 ամյակը և հերթական` «Ծննդավայրս` Վայոց Ձոր» հոբելյանական խորհրդանիշ գրքիդ լույս աշխարհ գալը` նախ պիտի խոստովանեմ, որ իմ գրականագիտական հայացքը վերջին տարիներին սևեռված է հատկապես մայրաքաղաքից դուրս ապրող գրողների ստեղծագործական ճանապարհին: Եվ դա իր հիմնավոր պատճառն ունի: Թող ինձ ներեն իմ գործընկերները, բայց հազվադեպ են այդ գրողներին նվիրված գրաքննական անդրադարձները: Այնինչ արտաերևանյան գրական կյանքը նույնպես եռուն ընթացք ունի, և մենք կարող ենք հպարտությամբ հիշատակել մերօրյա հայ պոեզիայի և արձակի դիմագիծը որոշող այնպիսի տաղանդավոր գրողների, ինչպիսիք են` Ռաֆայել Սահակյանը (Արմավիր), Խաչիկ Մանուկյանը (Էջմիածին), Անդրանիկ Կարապետյանը (Գյումրի), Մանվել Միկոյանը (Վանաձոր), Հակոբ Հարությունը (Հրազդան) և ուրիշներ: Ուրախ եմ, որ այս համապատկերում այսօր կարող եմ նաև քեզ դասել, վայոցձորցի արձակագիր, հրապարակախոս իմ բարեկամ` Սերյոժա Գասպարյան: Դասել վայոցձորցի մեկ ուրիշ ճանաչված բանաստեղծի` Վարդգես Խանոյանի հետ միասին: Վերջին տարիներին հրապարակված հինգ տարաժանր քո գրքերը վկայում են գրական ակնառու շնորհով օժտված գրողի մասին: Տարաբնույթ խորագրերն արդեն քո ստեղծագործական հետաքրքրությունների խոսուն վկայությունն են` «Ծննդավայրս` Վայոց Ձոր», «Արցունքի աղբյուրը», «Արծաթ աղբյուրների հեքիաթը», «Տեր-Գրիգոր զինվորյալ հոգևորականը», «Ուսուցիչը»: Տարաժանր գրքեր, որ ներառում են բազմազան թեմաներ շոշափող պատմվածքներ, մանրապատումներ, գեղարվեստավավերագրական ակնարկներ, հրապարակախոսական մտորումներ, այլ բնույթի նյութեր, բոլորն էլ` տաղանդավոր գրչի արդյունք: Ժամանակին դրանց զգալի մասը հրապարակել ես տեղական և հանրապետական մամուլում, իսկ գրքերի տեսքով դու «համարձակվել» ես (եթե կարելի է այդպես ասել) ընթերցողներին ներկայանալ ընդամենը յոթ տարի առաջ` ինչ-որ չափով նրանց «զարմացրել» պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտ, հաղորդակցության ուղիների ինժեների մասնագիտությամբ գրողի անդամագրումով:
Ճանապարհորդելով ընթերցողների հետ քո գրքերի «հաղորդակցության ուղիներով»` ակամա հիշեցի տարիներ առաջ Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում Սուրեն Մուրադյանի, Լիպարիտ Սարգսյանի հետ մեր համատեղ հանդիպումը, երբ ցերեկույթից հետո անվանակիր ծառեր տնկեցինք մերձակա այգում: Նոր տարեմուտին հանդիպելիս ասացիր` ծառերը աճել-մեծացել են, բերք ու բարիքը վայելում են դպրոցի սաները, իսկ մեր երևելի մանկագիրները վերջին տարիներին, ավաղ, հեռացան կյանքից, ես էլ ահա, թանկագին ընկերներիս հիշատակը խնկարկելով` հուզմունքով շոշափում եմ կանաչ-կարմիր խնձորները, որ «Ձմեռ պապի» ու քո ամանորյա նվերներն էին դպրոցամերձ այգու բերքից:
Ներանձնական թանկ հողից կտրվելով` վերադառնամ այս բաց նամակի բուն նպատակին` գնահատանքի խոսք ասել քո ստեղծագործական «բերքի» մասին՝ որպես առաջին գրաքննական արձագանք, սրանով իսկ հրավիրելով այլ գրականագետների ուշադրությունը Սերյոժա Գասպարյան ինքնատիպ գրողի ներկայությանը մեր նորօրյա արձակում:
Ինչպես երևակվում է գրքերիդ խորագրերից, քո ստեղծագործական ներկապնակում ամենաբնորոշ «գույնը» հայրենի վայոցձորյան շքեղաշուք-գեղատեսիլ բնաշխարհն է` ծննդավայր Արտաբույնք գյուղի հեքիաթային սար ու ձորով, արծաթ աղբյուրներով, Արփա և Եղեգիս գետերի այլակ-երգերով, Ջերմուկի երգեհոն-ջրվեժի շառաչյունով… Ահա այսպես` դու երեք գրքերում կերտել ես (այո՛, հե՛նց կերտել ես) հայրենի բնաշխարհի կերպարը` «Ծննդավայրս` Վայոց Ձոր», «Արծաթ աղբյուրների հեքիաթը», «Արցունքի աղբյուրը» (եռալեզու թարգմանությամբ)` երեք ժողովածու, ուր ներառված են քնարական-զգացողական հյուսվածքով պատմվածքներ, մանրապատումներ, էտյուդներ, ակնարկներ` ամեն մեկը մի գունագեղ նրբագիծ Վայոց Ձոր հայրենաշխարհի կերպարին: Եվ էականն այն է, որ ստեղծագործական ներկապնակիդ այդ գույներն իրենց հոգում կրում են քո հայրենակիցները` բնաշխարհում ապրող-արարող, ժամանակի ցավերն ու հոգսերն արիաբար հաղթահարող մարդիկ, որոնք ոչ միայն վայելում են գեղակերտ բնության բարիքներն ու գեղեցկությունները, այլև դրանք բազմապատկում են իրենց ստեղծագործ աշխատանքով: Մարդ և Բնություն, Բնություն և Մարդ ներդաշնակ կապի արտացոլանք է քո գրականությունը, եղբա՛յր: Վկա` այդ գրքերում տեղ գտած «Արտաբույնք», «Հայրենիքիս ջուրը», «Ակոն», «Առաքելը», «Մոր սիրտը չի խաբի», «Այգեպանի ինքնազրույցը», «Բրաբիոն ծաղիկը» և բազմաթիվ այլ պատումներ: Մի դիտարկում, որ կընդունես թե ոչ, լավ է թե վատ, պետք է նկատեմ. առանձին պատումներում («Ճանապարհ բացեք…», «Ուժեղին չեն սպանում», «Վիրավոր խաչքարը…») քնարական-զգացողական-գեղարվեստական հուզիչ հյուսվածքը անհարկի միջնորդավորվում է «պրոզայիկ» խոսք ու խոհով, ինչը խաթարում է պատումի բնական ընթացքը: Մյուս կողմից` գեղարվեստական պատումներում դու, բարեկամս, այդպես էլ երբեմն չես կարողանում «հաղթահարել» քո ստեղծագործական նախասիրությունը` վավերագրական-հրապարակախոսական ժանրերի գերակայությունը` ակնառու այդ գրքերում ներառված «Ակնարկ», «Հրապարակախոսական», նույնիսկ «Գիտական» խորագրերով բաժինների համապատասխան նյութերում: Ժամանակի ցավագին իրողությունների, համազգային տագնապների հոլովույթում քեզ ևս՝ որպես այդ ցավերն ու տագնապները սրտում կրող գրող-քաղաքացի, չէր կարող անտարբեր դիտորդի դերում թողնել: Ահա այսպես` «Եկե՛ք` մի քիչ հպարտ լինենք», «Խնկարկում» հրապարակախոսական ակնարկները հայոց պատմության փառավոր դրվագների ու նաև եղերական իրադարձությունների յուրովի արձագանք են, «Հայրը եկել էր փոխարինելու որդուն» ակնարկը` Արցախյան ազատամարտում զոհված հերոսների խնկարկում, «Արտաբույքի քարափումների դեմ պայքարի փորձից», «Շեկ գինու խաղողը» ակնարկներում մտահոգություններ են հայրենակիցներին հուզող խնդիրների շուրջ…
…Ու նորից վերադարձ քո հինգ գրքերից այն երկուսին («Տեր-Գրիգոր զինվորյալ հոգևորականը», «Ուսուցիչը»), որ թեև թեմատիկայով առանձնանում են գրական հավատամքիդ արմատ-ակունքներից, բայց նրանց հերոսները, ըստ էության, նույն շառավիղում են, հայրենանվեր կյանքի ու գործի նույն առաքելությամբ. մեկը` հայրենյաց զինվորյալ հոգևորական, մյուսը` սերունդների կրթությանն ու դաստիարակությանը նվիրյալ մանկավարժ, երկուսն էլ Վայոց Ձոր լեռնաշխարհի ծնունդ, տարբեր ոլորտներում իրենց կոչմանը հավատարիմ ու անձնվեր ծառայելու պատրաստակամ մարդիկ: Իրական անձեր` մեկը Տեր-Գրիգոր քահանան է հայրենի Մալիշկա գյուղի՝ Սուրբ Խաչ վանքի հոգևոր հովիվ, որ հետագայում, 19-րդ դարավերջին, կամավորական ջոկատ կազմելով թուրքերի դեմ՝ մարտնչում է Արևմտյան Հայաստանում` ֆիդայական հայդուկապետի «վեղարով», և որը մտերիմ հարաբերություններ է ունեցել Րաֆֆու, Շիրվանզադեի, Զորավար Անդրանիկի, Գարեգին Նժդեհի հետ: Հոգևորական-զորականի կերպարը դու, բարեկամս, ներկայացրել ես պատմաբան-հետազոտողի ձիրքով և վավերագրող-հրապարակախոսի ակնառու ունակությունների համադրումով: «Ուսուցիչը» վավերագրքի «հերոսուհին» էլ քո հայրենակցուհին է` ավելի քան չորս տասնամյակ մանկանց սերունդների կրթության ու դաստիարակության գործի նվիրյալ` Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի նախկին երկարամյա տնօրեն, այժմ` աշխարհագրության ուսուցչուհի Անուշ Գրիգորյանը: Վաստակավոր մանկավարժը, միշտ հավատարիմ իր առաքելությանը, այսօր էլ շարունակում է նույն նվիրվածությամբ աշխատել, իսկ գնահատանքը բազմաթիվ պարգևներն են, պատվոգրերն ու շնորհակալագրերը, «Տարվա լավագույն ուսուցիչ» կոչումը` հանրապետական մրցույթի հաղթողին: Այս գիրքը, կարծում եմ, յուրօրինակ ձեռնարկ է բոլոր այն մանկավարժների համար, որոնք իրենց հայրենանվեր առաքելությունն են իրականացնում մեր դժվար ժամանակներում:
Առայժմ այսքանը, իմ բարեկամ. ինձ մնում է քեզ մաղթել ստեղծագործական նոր հաջողություններ գրական քո վերելքի ճանապարհին և հայրենի Վայոց Ձորի կերպարը նոր նրբագծերով կերտելու-հարստացնելու առաքելությունում:
Սիրով ստորագրում եմ`
Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Բան. գիտ. դոկտոր