Մանուկներն ինչ-որ տեղ երկկենցաղներ են՝ և՛ այս մոլորակում են, և՛ տիեզերական ներկայության՝ իրենց հոգու տիրույթում, որտեղ չկան ժամանակ, չափումներ, և լույսն ու գույները հարյուրապատիկ ավելի պայծառ են:
Եվ գրողի համար դուրս գալ մանկությունից, ինչ-որ չափով պահելով այդ «տիեզերականը», աստղերի, խոտ ու ծաղկի հետ հավասարի պես մտերմությունը, նշանակում է՝ գոնե մի փոքր շարունակել մանկական երկկենցաղ գոյությունը և արդեն հասուն տարիքի հեռվից հեքիաթների հրաշք հյուսել փոքրիկների անհագ աչքերին:
Սակայն քչերին է տրված հասուն տարիքում դեռ մանկության թրթիռներ ունենալ հոգում և գրի տեսքով դրանք փոխանցել թղթին: Եվ այդ է պատճառը, որ հաճախ հնարավոր է գրել մանկական թեմաներով, բայց չգրել մանուկների համար:
Օլգա Դարյանի «Բարու շատրվան» հեքիաթների և մանկական բանաստեղծությունների գիրքը գրված է մանուկների՛ համար, այն մի հրաշք աշխարհ է ամփոփում իր մեջ, հերիք է բացել գունագեղ կազմը, որ հայտնվես նույնքան գունագեղ մի տարածքում, որտեղ ամեն բան այնքան պարզ է ու հասկանալի, իսկ ասվել է. «Մինչև չլինեք այս մանուկների նման, չեք մտնի երկնքի արքայություն»: Եվ ցանկացած հաջողված մանկական ստեղծագործություն նվեր է նախ մանուկների, ապա նաև՝ իրենց մեջ դեռ մանուկ պահող մեծահասակների համար՝ որպես չափազանց շոշափելի աշխարհի քար ու կոշտի մեջ փշրվելու և կրկին հառնումի համար դեղ ու ճար:
Մանուկը (մանկագիր-«մանուկը» ևս) գիտի շատ բաներ, որ բազմահատոր գրքերի մեծ «ճշմարտությունների» մեջ մենք քիչ առ քիչ կորցնում ենք. նա գիտի, թե ինչպես վատ տրամադրությունը փոխակերպի լավի. «Երբ լավ եմ ես, ուրախ ես դու» /Երբ լավ ես դու, ուրախ եմ ես/, /Դարձա ուրախ տրամադրություն//, /Պիտի ծափեմ, որ դու պարես/. Բարու շատրվան – «Թե ինչպես փոխվեց վատ տրամադրությունը», էջ 30:
Մանուկը գիտի Թուխիկ թրթուրի՝ թիթեռ դառնալու գաղտնիքը (այն ամեն մեկիս է նաև վերաբերում, բայց… անգետ ենք). «Թուխիկը մոտեցավ հայելուն և սեփական աչքերին չհավատաց… այնքա՜ն էր գեղեցկացել, ասես ողջ երկնքի շողշողուն աստղերը տեղափոխվել էին իր մաշկի վրա…» («Գալան և Թուխիկ թրթուրը», էջ 15):
Օլգա Դարյանի գործերը հայաշունչ են, հայաբույր, որոնք ի զորու են փոքրիկին հնադարյան, շատ թանկ երկրի տերը լինելու գիտակցությունը փոխանցել: Այդ գործերից են Վանա կատվի հետ ընկերացած անուշիկ արև-աղջկա մասին «Արշալույսի և մայրամուտի պահապանը» հեքիաթը («Մի օր, երբ Վանա լիճը շատ կապույտ էր ու վճիտ, Արևի հեռանալուն պես, Կատուն նայեց ջրի հայելուն և հանկարծ նկատեց, որ իր մի աչքը բաց կապույտ է, մյուսը՝ մայրամուտի գույնի: …Նա երջանիկ էր, որ օգնեց Արևին, երջանիկ էր, որ Արևի գեղեցկության մի մասը կրողն էր, երջանիկ էր, որ պահապանն էր արշալույսի և մայրամուտի», էջ 8):
Իր մեջ Հայաստան է ամփոփում նաև «Խաղողի երկիրը» հեքիաթը, որն արժանացել է մրցանակի: Հեքիաթում խխունջը, խլուրդը և խատուտիկը ճանապարհվում են դեպի խաղողի երկիր Հայաստան, միայն որտեղ աճում է աշխարհի ամենաքաղցր խաղողը. /Հեռվում հասկացա՝ ի՞նչ է կարոտը/, Խաղողի երկի՜ր…./, Եկել եմ ահա, քո գիրկն եմ հասել/, /Ինձ ամուր գրկի՛ր/…
«Բարության շատրվան» գրքում անչափ շատ են ջերմ ու լուսաշաղ ափերը, որտեղ ուզում ես մոլորվել ու մնալ երկար ու երկար: Ու եթե դա զգում է մեծահասակը, ապա մանուկների համար գրքի այդ կախարդանքն ու հարազատությունն առավել են անշուշտ: