Անցյալ օրը մի նամակ եմ ստացել բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանից: Մենք վաղուց գրական բարեկամներ ենք և երբեմն կիսվում ենք միմյանց հետ հայ-վրացական գրական կապերի շուրջ, երբեմն էլ, եթե առիթ է լինում, տողացիներ եմ տրամադրում նրան, լուսաբանում իր թբիլիսյան հանդիպումները, գրում գրքերի մասին…: Ես վաղուց ի վեր՝ շուրջ 30 տարի, Թբիլիսիում տասնամյակներ շարունակ լույս տեսնող «Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիրն եմ՝ նշանակված Վրաստանի գրողների միության և (ապա և վերանշանակված) «Մերանի» հրատարակչության կողմից, հնամյա տարեգիրք, որտեղ իմ մտահղացմամբ ավելացված «Գրական միջօրեականներ» (այն կատարում է յուրօրինակ հյուրասենյակի դեր) խորագրի ներքո տպագրվում են նաև Գ. Դավթյանի բանաստեղծությունները և թարգմանությունները: Այս անգամ նամակի առիթը վերջերս լույս տեսած «Կամուրջ – 2013»-ն էր, որտեղ ևս կա նրա անունը՝ թե՛ վրացերեն «Բաց նամակ» և «Ուղեկիցներս Քարթլոսի տնից» գրքերի՝ Թբիլիսիում կայացած շնորհանդեսների առիթով և թե՛ սերբ բանաստեղծուհի Լյուբիցա Միլետիչից թարգմանություններով: Բանն այն է, սակայն, որ տարեգրքի այս հատորում ինչ-որ մեկիս (մուտքագրող, սրբագրիչ, ձևավորող, խմբագիր…) անուշադրության հետևանքով (գիրքը 480 էջից է բաղկացած) մի քանի լուրջ վրիպակներ են սպրդել: Բանաստեղծություններից երկուսը, որ թարգմանել է Գ.Դավթյանը, վերագրվել է Հր. Բեյլերյանին, իսկ ահա Լ. Միլետիչի բանաստեղծական շարքում տեղ գտած «Սերբական ծառ Արցախում» բանաստեղծության թարգմանությունը՝ միայն Գ. Դավթյանին (ասեմ, թարգմանությունն ունի համահեղինակ, որի անունը Դավթյանի անվան հետ միասին նշված է միայն Միլետիչի հայերեն գրքի երկրորդ էջում, այլ ոչ տվյալ բանաստեղծության տակ, որքան հիշում եմ… Հենց դա էլ շփոթության առիթ է եղել…): Մեկ այլ տեղ Բաղաթեր Արաբուլուց Դավթյանի թարգմանած երկու առանձին բանաստեղծությունների միջև չի դրվել աստղանիշ, որի հետևանքով միմյանց հետ բովանդակային առնչություն չունեցող գործերը ներկայացվել են որպես մեկ բանաստեղծություն… Անշուշտ, հաճելի չէ, պետք է չլինեին, բայց… նկատի ունենալով «Կամուրջ»-ի վիթխարի ծավալը (նախկին 20 մամուլանոց գիրքն այսօր ընդգրկում է մինչև 35 մամուլ՝ 550 էջ, 4 խորագրի փոխարեն՝ 10-15 խորագիր, հեղինակների թիվն անցնում է 90-ից, ընդ որում՝ բացի հայ (նաև սփյուռքահայ), վրացի հեղինակներից, վերջին տարիներին՝ այլազգի գրողներ ևս…), նաև այն, որ «Կամուրջ»-ը տպագրվում է Երևանում և հաճախ միայն համացանցով են կատարվում սրբագրական և մյուս ամենատարբեր աշխատանքները…, կարծում եմ, նման վրիպումները, մեղմ ասած, անխուսափելի են. (ինչպես և շատ հաճախ՝ ստվարածավալ այլ հրատարակություններում):
Այնուամենայնիվ, ես շնորհակալ եմ Գագիկ Դավթյանին՝ «Կամուրջ»-ի նկատմամբ անտարբեր չլինելու համար, նաև իմ իրոք որ ծանր ու լարված աշխատանքի գնահատության համար: Ուզում եմ բերել ընդամենը մի պատառիկ իր հիշյալ նամակից՝ «Միանգամից ասեմ, որ ով-ով, բայց ես լավ գիտեմ, որ գրական-մշակութային այս զորավոր կամուրջը տարիներ շարունակ եղել և այսօր էլ բանուկ է բացառապես քո՝ անխոնջ ու անդադրում խմբագրիդ ջանքերի ու նվիրումիդ շնորհիվ, խոնարհումի արժանի աշխատանքիդ, որ բոլոր բացթողումներով ու թերություններով հանդերձ, վեր է ամեն գնահատականից: Ի վերջո գրական և ոչ գրական բավիղներում մաքառող փխրուն ուսերով մի Անահիտ ու մի Կամուրջ…»:
Այսքանից հետո, անկեղծ ասած, ինքս էլ շատ կուզենայի, որ «Կամուրջ»-ի հատորները, վերջին տարիներին վիրահայոց գրական առանցքի շուրջ իմ իսկ մտահղացմամբ ամենայն հայոց ուժերը համախմբելու, գրական համապատկեր ստեղծելու՝ արյան շրջանառության պես դժվար ու նաև հոգեպարար մեր աշխատանքը նաև լուրջ, հիմնավոր և ամենից կարևորը՝ սրտացավ քննության ենթարկվեր: Գուցե դա էլ օգներ մեզ խուսափելու անճշտություններից ու վրիպումներից: Իսկ մինչ այդ խնդրում եմ «Կամուրջ»-ի ընթերցողներին՝ առավելությունների ու արժանիքների մասին գրելուց բացի, գրել նաև նկատված վրիպակների ու թերիների մասին՝ տարեգրքի խմբագրությանը, որոնք (թե՛ իմ և թե՛ Գ. Դավթյանի նշածների հետ) կներկայացվեն «Կամուրջ – 2014» հատորի «Նամականի» բաժնում: Էլեկտրոնային հասցեն և հեռախոսները գրքում նշված են:
Հարգանքով՝
Անահիտ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ