Հովհաննես ՍԱՐԳՍՅԱՆ
Խ. Աբովյանի անվան հայ հին և միջնադարյան գրականության և
նրա դասավանդման մեթոդիկայի
ամբիոնի ասպիրանտ
«Պետք է այրել… ոչ պիտանի, ազգին օգուտ չբերող փորձը, անհաջող փորձը վասնզի ոչ մեկուն պետք չէ, հարկավոր չէ…»
19-րդ դարի նշանավոր հայագետ, մանկավարժ, բանաստեղծ, Մխիթարյան միաբանության անդամ Հայր Ղևոնդ Ալիշանը, ժամանակակիցների պատմելով, սեփական ձեռքերով այրում էր իր իսկ գրած այն ստեղծագործությունները, որոնք իրեն անհաջող էին թվում՝ արտաբերելով վերը նշված նախադասությունը…
21-րդ դարի 2-րդ տասնամյակում, կարծես թե, նվազել են խոսակցություններն այն մասին, թե այսօրվա երիտասարդությունը գրքի նկատմամբ անտարբեր է, կարդալ չի սիրում: Գովազդային տարբեր արշավների, հրատարակիչների կողմից արված բազմաթիվ մարքեթինգային նորամուծությունների արդյունքում գիրք կարդալը դարձել է նորաձև. հրատարակչությունների քանակն ավելացել է, յուրաքանչյուր թաղամասում կարելի է հանդիպել գեղեցիկ ազդագրերով գրախանութների, որոնցում, հատկապես տոնական նախօրյակներին, հերթեր են նկատվում: Մարդիկ սկսել են իրենց հարազատներին գրքեր նվիրել տարբեր առիթներով: Այլ հարց է՝ թե ի՞նչ են վաճառում գրախանութներում և ի՞նչ բովանդակություն ունեն դրանք… Մտքի, խոսքի ու գրչի ազատության դարաշրջանում, երբ կարելի է մտածել, խոսել ու գրել ամեն ինչի մասին, ընթերցողը կարող է բախվել մի շարք խնդիրների: Այդ առումով վաճառասեղանին դրվող և լայն հասարակությանը մատուցվող նյութի որակի համար առաջին հերթին մնում է հույս դնել միայն հրատարակիչների խղճի վրա:
Ողջունելի է, որ բացի հայ հեղինակների գրքերից, հանդիպում ենք արտասահմանյան գրականության՝ բնագրային լեզուներով տպագրված գրքերի, էլ ավելի լավ է, երբ դրանք թարգմանվում են հայերեն, և մեր ընթերցողը հասու է լինում օտարազգի ստեղծագործողների գրվածքներին: «Թարգմանական գրականությունը կլայնացնե ընթերցողի աշխարհայացքը, շնորհիվ նրա աճում է ընթերցողի գրասիրությունը և հետաքրքրությունը, զարգանում է ընթերցողի ճաշակը» (Վահան Տերյան)։
2023-ին այդպիսի երկու գիրք՝ 20-րդ դարի ֆրանսիացի բանաստեղծ Պոլ Էլյուարի բանաստեղծությունների ժողովածուն և Բորիս Վիանի մեկ վեպ ու պատմվածք, մեր սեղանին են դրված:
Եթե Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, դադաիզմի, սյուրռեալիզմի գրական ուղղությունների հայտնի ներկայացուցիչ Պոլ Էլյուարի բանաստեղծությունները հայ ընթերցողին արդեն իսկ ծանոթ են Զավեն Միրզայանի, Համո Սահյանի, Սամվել Թավադյանի, Թոնդրակի և այլոց կողմից կատարված առանձին բանաստեղծությունների թարգմանություններով, ապա Բորիս Վիանի գործերին մենք ծանոթ չենք և, երևի թե, բարեբախտաբար…
Պատերազմների միջով անցած, ցեղասպանություն վերապրած, երկրաշարժ տեսած, քաղաքական մշտական անկայունության մեջ ապրող, մշտապես սթրեսի մեջ գտնվող հայ ժողովրդին այսօր արդյոք պե՞տք է հրամցնել նյարդային հիվանդություններ ունեցած, սադիստական արձակի կարկառուն ներկայացուցիչ համարվող, իրեն պաշտպանելու համար քննադատներին նախապես վիրավորական խոսքեր հղած Բորիս Վիանի՝ գրական ոչ մի արժեք իրենցից չներկայացնող այս գործերը, որոնք ժամանակին իրենց հայրենիքում այրվել են անբարո բովանդակության պատճառով, իսկ հեղինակի սիրտը կանգ է առել հենց դրանցից մեկի հիման վրա նկարահանված ֆիլմի նախադիտման ժամանակ:
Շատերը կհակադարձեն այսպիսի կարծիք լսելով, թե պետք է կոտրել կարծրատիպերը, դուրս գալ պահպանողական մշակույթի դարավոր ավանդույթների տարածումից, մոռանալ հետադիմական գաղափարների մասին, լինել առաջավոր և այլն: Եվրոպական, հատկապես ֆրանսիական գրականությունը ունի հարուստ ավանդույթներ և համաշխարհային գրականության մեջ ունի իր ուրույն տեղը: Համոզված եմ՝ կան բազմաթիվ լավ հեղինակներ, որոնց գործերը արժանիորեն պետք է և պարտադիր է, որ թարգմանվեն հայերեն, և դրանցից կարելի է որևէ բան սովորել: Ամենայն հարգանքով արտասահմանյան գրականության և համաշխարհային գլուխգործոցների հանդեպ՝ պետք է ընդգծել, որ այսօր մենք, տարվելով գովազդային խաբուսիկ արշավներից, ավելի շատ կարդում ենք օտարազգիների «բեսթսելլեր» որակվող գրքերը և մոռացել ենք հայ գրականության լավագույն նմուշների մասին, որոնցից շատերը մի գլուխ նույնիսկ բարձր են համաշխարհային համարվող մակարդակից:
Հեռակա ծանոթ եմ Կարեն Խուրշուդյանի գործունեությանը: Նա ղեկավարում է Մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անունը կրող կառույցներից մեկը և հայապահպան գործունեություն է ծավալում՝ կրթելով օտարության մեջ մեծացող հայ ազգի ներկայացուցիչներին, ունի բանաստեղծական տաղանդ, հրաշալի գիտի ֆրանսերեն լեզուն: Զարմացա՝ նրա կողմից թարգմանված այս գրքին ծանոթանալով. ի՞նչը կամ ո՞վ է ստիպել թարգմանել հենց այս հեղինակի գործերը: Զարմանքս կրկնապատկվեց՝ տեսնելով, որ գիրքը լույս է տեսել բ.գ.թ. Արմեն Ավանեսյանի ղեկավարությամբ գործող հրատարակչության կողմից: Հայտնի գրականագետը վերջերս հեռուստատեսային քննարկումներից մեկի ընթացքում ինքն էր նշում երիտասարդներին որակյալ և պետքական գրքեր հրամցնելու կարևորության մասին:
Բորիս Վիանի վեպն ու պատմվածքը կարդալու ընթացքում և կարդալուց հետո ես՝ որպես հասարակ ընթերցող, ոչ մի դրական ազդակ չստացա: Փոխարենը դրանք բացասական ազդեցություն ունեցան այնքան, որ գրվեց այս հոդվածը: Իսկ որպես բանասիրական ֆակուլտետն ավարտած երիտասարդ գրականագետ՝ որքան էլ փնտրեցի, այդպես էլ չգտա Բորիս Վիան հեղինակի կողմից ընթերցողին հասցեագրված «message»-ը: Միգուցե ես եմ շատ անփորձ և դեռ չունեմ այս երկը ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ գրականագիտական հասունություն:
Կարծում եմ՝ արդեն լճացման փուլում են գտնվում մարդկանց մաշկի, կրոնական պատկանելիության, կողմնորոշումների և այլ առանձնահատկությունների մասին խոսակցությունները: Հայերի օրինակը՝ հյուրընկալ ու հանդուրժող լինել օտարազգիների նկատմամբ, կարող է զարմացնել ամենաառաջադեմ եվրոպացուն. բավական է քայլել այսօրվա Երևանի «բազմազգ» փողոցներում՝ համոզվելու համար: Իսկ քաղաքային մշակույթի մասին պատկերացում կազմելու համար կարելի է առաջնահերթ ծանոթանալ մեր՝ երևանյան նիստուկացին, որի մասին, օրինակ, վերջերս հրաշալի պատմվածքների ժողովածու է հրատարակել Սերգեյ Աղաջանյանը: Հետո արդեն կարելի է մտածել միջավայրին, մտածելակերպին ու ապրելակերպին ամբողջությամբ չհամապատասխանող գրքերը հրամցնելու մասին:
Եթե ցանկանում ենք ցույց տալ, թե նույն Ֆրանսիայում ինչ ճակատագրի կարող են արժանանալ օտարազգիները, կարելի է կարդալ, օրինակ, ալժիրցի հեղինակ Ռաշիդ Բուդժեդրայի «Իդեալական վայր սպանության համար» գիրքը, որը Մարսելի մետրոյի կայարաններից մեկում հայտնված սևամորթ էմիգրանտի մասին հետաքրքիր, փիլիսոփայական պատմություն է և, իմիջիայլոց, դեռևս թարգմանված չէ հայերեն:
Եթե ուզում ենք բացառել հանցագործություններն ու սպանությունները, կարելի է երիտասարդներին խորհուրդ տալ կարդալ համաշխարհային գրականության գլուխգործոցները՝ «Ոճիր և պատիժը», «Կարամազով եղբայրները»՝ գոնե ոճրագործության հետևանքների մասին հեղինակային փիլիսոփայությանը ծանոթ լինելու առումով:
Սեր և կին եզրույթները իսպառ արատավորված են Վիանի այս երկու ստեղծագործություններում, և շեշտը դրված է մարդկային բնազդի վրա. կան երևույթներ, որ կյանքում պետք է մի փոքր խորհրդավորություն պահպանեն, իսկ այս գործերը կարդալուց հետո, հատկապես երիտասարդների մոտ իսպառ կվերանա սիրո խորհրդավոր աշխարհի մասին պատանեկան պատկերացումը: Երիտասարդներ, որոնք, ի վերջո, այսօր ամենաշատն են օգտվում վերը նշված գրախանութներից՝ իրենց սիրելիներին նվերներ անելու համար, իսկ ոչ ճիշտ, այսպիսի բովանդակություն ունեցող գործերը կարող են խոր հոգեբանական ազդեցություն թողնել մի ամբողջ սերնդի վրա (նմանօրինակ ազդեցություն են գործում նաև այսօրվա հայաստանյան հեռուստանովելները):
Ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս, այսօր շատ է խոսվում կենդանիների և բնության պաշտպանության կարևորության մասին, իսկ մենք թարգմանում ենք «Շներ, կիրք ու մահ» պատմվածքը, որի հերոսները հաճույք են ստանում շներին մեքենաների տակ գցելուց:
Ընդունելի է, որ ակադեմիական մակարդակով, գրողների շրջանում կամ մասնագիտացված ֆակուլտետների ուսանողների և մասնագետների համար կարելի է շնորհանդեսներ կազմակերպել և քննարկել այսպիսի երկերը, սակայն անհասկանալի է, թե ի՞նչ կտան դրանք դեռևս աշակերտական նստարանին նստող պատանիներին և այն դպրոցներին, որտեղ ներկայացվել են, իսկ գրքերի օրինակներն էլ նվիրվել դպրոցական գրադարաններին…
Ցավում եմ, որ Կարեն Խուրշուդյանը իր թանկագին ժամանակը և միանշանակ կարող պոտենցիալը, ինչու չէ՝ ֆինանսական միջոցները ծախսել է այս երկերը թարգմանելու, Արմեն Ավանեսյանը՝ այն հրատարակելու վրա:
ՀԳ.
Խոսքերս կխնդրեմ որպես մեղադրանք չընթերցել. հարգում եմ նյութում մեջբերվող անձանց, հետևում եմ նրանց գործունեությանը, նրանցից սովորելու շատ բան ունեմ: Խնդիրը միայն նշված գրողը կամ սույն թարգմանությունները չեն: Այն ավելի խորն է և մասնագիտական լայն շրջանակների քննարկմանն է արժանի: