Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ / ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ

ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ

Պարոն վարչապետ.
Գիտեք ու գիտենք, որ օր օրի նոսրանում ու հատահաշիվ են դառնում մեր երկրի սահմանամերձ բնակավայրերն ու շեները: Անշուշտ, հայտնի է նաև, որ կառավարությունը որոշ միջոցառումներ է ձեռնարկում և կիրառում այդ երևույթը կանխելու համար, սակայն, ավաղ, ինչպես ասում են. «Ջաղացից ես եմ գալիս ու լավ գիտեմ ալյուրի գինը»: Ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ սահմանակող ապրողս պիտի իմանա, թե այդ «միջոցառումներ» կոչվածները որքանով են «դարման դառնում մեր դարդին»: Տեղյակ ենք, որ կառավարությունը հարկային արտոնություն է տվել բոլոր նրանց, ովքեր արտադրություն ու ձեռնարկատիրական գործունեություն կծավալեն սահմանամերձ գոտում:
Հրաշալի որոշում է, թեև ձեռներեցները դեռ իրենց չեն կոտորում ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶ դարձնելու համար, և գոնե ես չգիտեմ մեկին, ով արտերկրից կամ որևէ քաղաքից իր բիզնեսը սահման տեղափոխած կամ էլ այստեղ նորը հիմնած լինի: Բայց չեմ ուզում վատատես լինել և կարծում եմ, մի օր էլ դա կտեսնենք, սակայն մինչ այդ պետք է այստեղ ապրող գրողներին, նկարիչներին, ռեժիսորներին, դերասաններին, երաժիշտներին, փայտագործ վարպետներին, պարողներին ու պարուսույցներին, մի խոսքով, անասելի դժվար պայմաններում ու միջավայրում ստեղծագործող, մշակույթ արարողներին տեսնել:
Ուրեմն ինչո՞ւ առանձնահատուկ արտոնություններ չշնորհել (ինչպես ձեռներեցներին) և պետպատվերով չտպագրել նրանց գրքերն ու ալբոմները, չհրապարակել խտասկավառակներն ու տեսահոլովակները, չկազմակերպել ցուցահանդեսներ, հեռուստահաղորդումներ, փառատոներ… Եթե որոշակի և նշանակալի արտոնություններ լինեն, գուցե նաև մայրաքաղաքից շատերը սահմանագոտի գնան (պայմանագրով, առնվազն 20 տարով, միայն 3 կամ 5 տարի հետո պետպատվերով հրապարակվելու պայմանով): Մեր երկրի սահմանը նաև մշակույթով պետք է պարսպել:
Ողբերգական ու ցավալի է, երբ թանկ մարդկային կորուստներ ենք ունենում, բայց գիտենք, որ մեծ հաշվով այն ավելի շուտ վերականգնելի է, քան հազարամյակներով ստեղծված և միանգամից ԿՈՐԾԱՆՎԱԾ, ԿՈՐՍՎԱԾ, ԱՎԵՐՎԱԾ մշակույթը, և պատահակա՞ն է արդյոք, որ մեր հողը ներխուժած ելուզակները գրքեր են այրել, կտավներ մոխրի վերածել և փոշի դարձրել խաչքարերը:
Սահմանակող ապրող ստեղծագործողներս միջոցներ, ժամանակ չունենք, որ, սահմանի ամեն օր սպասվող ու անկանխատեսելի վտանգները թողած, Երևան հասնենք, համառ պնդերեսությամբ դռներ բացելով ու չինովնիկների համբերությունը մաշելով առաջ տանենք մեր գործը` տպագրվենք, հրապարակվենք ու ներկայանանք, ճանաչվենք:
Պարոն վարչապետ, կրկնված լինելով հանդերձ, մեկ անգամ էլ ասեմ, որ գրողի, նկարչի, երաժշտի ԱՐՏԱԴՐԱՆՔԸ իր ստեղծագործությունն է, ուրեմն` պետք է հնարավորություն տալ, որպեսզի նրանք ևս օգտվեն այդ հարցում պետության տված արտոնությունից:
Մի լավ օրի չէինք, հիմա էլ` պետպատվերից այլևս ոչ մի հույս: Մի քանի անտիպ գրքերս սպասում են իրենց լույս աշխարհ գալուն… Գիտեմ, որ սահմանամերձ ապրող իմ գրչընկերներից շատերն են այդ նույն անմխիթար վիճակում:
Կարծում եմ, դեռևս ուշ և անհնար չէ արդեն իսկ ընդունված օրենքում համապատասխան խմբագրում կատարելը…
Հարյուրավոր ստեղծագործողների անունից, լավատեսական սպասումով`

Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՀԳՄ վարչության, Ժուռնալիստների,
ՀԹԳՄ անդամ, ԵԿՄ վարչության անդամ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։