Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Հարգարժա՛ն վարչապետ,
Մեր քաղաքացիական պարտքն ենք համարում ներկայացնել գրողի և հրապարակախոսի նկատառումները Ամուլսարի` կենսական նշանակություն ունեցող խնդրի վերաբերյալ: 2018 թվականի ամռանը այցելել ենք Ջերմուկ, Գնդեվազ, մասնակցել ենք բնապահպանների անցկացրած քննարկումներին, հանդիպել բնակիչների հետ, «Գրական թերթում» հանդես ենք եկել ծավալուն հոդվածներով, որոնք հետագայում ընդգրկել ենք մեր կազմած` ժամանակակից հայ գրողների հրապարակախոսական նյութերի ժողովածուում:
Ուշիուշով հետևելով նոր զարգացումներին` տեսնում ենք, որ բնապահպանների և ակտիվիստների շատ կարևոր փաստարկներ, որոնք, ի դեպ, ձեռք են բերվել մեծ պատասխանատվությամբ և տարիների անդուլ ջանքեր են պահանջել, հաշվի չեն առնվում: Դուք խոսում եք միայն Ջերմուկի և Սևանի ջրային պաշարների մասին` չանդրադառնալով շնչավորներին, որոնց մեջ, իհարկե, առաջին տեղում մարդն է: Մենք զրույցներ ենք ունեցել առողջարանների մասնագետ բժիշկների հետ, որոնք համոզված են, որ հանքի շահագործումը չսկսված, արդեն առկա են դրա հետևանքները բնակիչների շնչուղիների, այլ օրգանների վրա, փոշու նստվածքները քաղցկեղածին են: Հորատումների ընթացքում անհնար է, որ իրենց վտանգավոր ազդեցությունը չունենան հանքանյութում առկա ռադիոակտիվ նյութերը: Ոչ մի խոսք չկա ցիանիդով հանքանյութի` բաց տարածքներում, ուղիղ Գնդեվազի կողքով անցնող ճանապարհի հանդիպակաց կողմում իրականացվելիք լվացումների մասին: Խոսք չկա ամենակարևորի` հանքում աշխատող բանվորների առողջության մասին, որը բնավ չի ուսումնասիրվել միջազգային փորձագետների կողմից: Գործազուրկ, հողազուրկ այս մարդիկ պատրաստ են իրենց առողջությունը կորցնել 1-2 տարվա ընթացքում` ընտանիքի գոյությունը ժամանակավորապես պահելու համար: Նրանցից լսել ենք հետևյալ արտահայտությունը. «Ո՞րն է լավ, հենց հիմա մեռնենք սովի՞ց, թե՞ մի քանի տարի հետո` առողջությունը կորցնելուց»:
Դուք Ձեր խոսքում ասացիք, որ Ջերմուկն արժեք է ներկայացնում միայն իր հանքային ջրերով, և եթե այդ ջրերին վտանգ չի սպառնում, ապա մնացածը մենեջմենթի հարց է: Նախ, մենք երբեք չենք փայլել մեր մենեջմենթով, երկրորդ` ոչ մի երաշխավորություն չկա, որ Ամուլսարի շահագործումը մեծապես չի վնասելու Ջերմուկ քաղաքի ձևավորված ու հաստատված կացութաձևին:
Ամուլսարի հորատման այս ամբողջ ժամանակահատվածում Հայաստանի տարբեր շրջաններից եկած կիսասոված ու անորոշ կենսագրություն ունեցող բանվորների մեծ մասը տեղավորված է Ջերմուկում, և արդեն իսկ չկառավարվող իրենց վարքագծով նրանք ազդում են քաղաքի առողջարանային նկարագրի վրա: Մենք քանի՞ այսպիսի հեղինակավոր առողջարան ունենք, որ այս մեկն էլ զոհենք Լիդիանին:
Եվ ամենակարևորը` այսօր աղետալի է ոչ հեռու գտնվող Ղափանի` հանքարդյունաբերության արդյունքում առաջացած վիճակը: Այդտեղ ավելի ու ավելի հաճախակի են դառնում վթարները: Սրանց հետևանքով աղտոտվում է շրջակա միջավայրը: Ինչպե՞ս ենք վերահսկելու այս նոր դաշտը, երբ մինչև դրան հասնելը` նախկինների հարցն ենք պարտավոր լուծել:
Չխոսեցիք նաև հանքի շահագործման դեպքում մեր երկրի շահի կամ կորուստների մասին: Եթե անգամ շահն ավելի մեծ է, քան կորուստները, ոչ մի միջազգային փորձագիտություն չի կարող սահմանել դրանց որակային առանձնահատկություններն ու անհամաչափությունները և կամ ցույց տալ դրանք հավասարակշռելու միջոցները:
Ինչ վերաբերում է Ձեր ասած մոնիթորինգին. հանքի շահագործման հնարավորություն ստանալուց հետո Լիդիանը բազմաթիվ թաքուն ծալքեր ունի մեր մոնիթորինգը շրջանցելու և գաղտնի այնպիսի գործեր իրականացնելու, որոնց մասին ո՛չ մենք և ո՛չ էլ միջազգային փորձագետները պատկերացում իսկ չունեն: Իսկ հավաստիացումները, որ մոնիթորինգի արդյունքում որևէ շեղում հայտնաբերվելու դեպքում 90 օրվա ընթացքում ամեն բան կկարգավորվի, չեն կարող ապահովության երաշխիք լինել: Եթե անգամ ամեն բան արվի` ինչպես պետքն է, կարգավորման այդ` մոտ 90-օրյա ժամկետն էլ բավական է, որ աղետի թեկուզ փոքր չափաբաժինն իր սև գործն անի: Իսկ այդ շեղումներն ու սխալները կարող են հերթագայել մեկը մյուսին և իրենց քանակով ու վտանգավորությամբ անկանխատեսելի լինել:
Եվ հետո, միջազգային փորձագետների փաստարկներում ակնարկ կա՞ Ամուլսարում առկա այլ հանքանյութերի մասին, ասենք` ուրանի, արծաթի… որոնց կորզումն անվերահսկելի է, այն էլ մեր խղճուկ վերահսկողական միջոցներով: Ամուլսարը դեռ չշահագործված` արդեն արգելված զոնա էր մեր հայ փորձագետների, լրագրողների, մասնագետների համար: Ոչ միայն Ամուլսարը, այլև Գնդեվազում գտնվող նրանց գրասենյակը, որի ճակատին հուրհրատում էր «Ոսկե ապագա» ցինիկ ցուցանակը:
Դուք միշտ հենվել եք ժողովրդի իմաստության և ուժի վրա, բայց վերջին ժամանակներս շատ հաճախ հրաժարվում եք թե՛ մեկից, թե՛ մյուսից… Վաղուց արդեն մեր հասարակության համար գաղտնիք չէ, որ հայրենանվեր, անձնուրաց, բարձրարժեք գիտելիքներ ունեցող երիտասարդ ու նաև ավագ մասնագետները ներկայումս երկար չեն դիմանում դժգույն, ինքնասիրահարված, անգրագետ և դիմացինի խելքը չհանդուրժող պաշտոնյաների «ղեկավարությանը». հեռացվում են կամ հեռանում են: Շատ են այն դեպքերը, երբ բանիմաց մասնագետին ինքնադրսևորման ոչ մի հնարավորություն չի տրվում: Ինչո՞ւ եք թույլ տալիս, որ այս ուժերը հուսալքվեն, հեռանան ասպարեզից, ընկճվեն…
Սա մարդկության պատմության մեջ նորություն չէ, սիրելի՛ Նիկոլ, բոլոր բարձրաստիճան ղեկավարների համար գալիս է մի պահ, երբ իրենք չեն գիտակցում, որ միայնակ են մնացել և հավատում են, թե ամեն ինչ գիտեն, ու երկիրն էլ, կախարդական փայտիկն էլ իրենց բռի մեջ են: Սա երբեք օգտակար չի կարող լինել Ժողովրդիդ համար: Չենք ասում` նաև Ձեզ համար, քանի որ վստահ ենք` Դուք, եթե անգամ կորցնում եք Ձեր իրատեսությունը և նույնիսկ եթե լրիվ կորցնեք, էլի ժողովրդի շահը բարձր եք դասելու Ձերից:
Ուստի մեր հորդորը Ձեզ` ձեռքից բաց մի՛ թողեք Ամուլսարը: Այլապես սա կլինի մեր հեղափոխության կործանիչ ակորդը: Իսկ մյուսը, այսինքն` Ամուլսարի փրկությունը, ժողովրդական մի նոր ալիքի վրա կբարձրացնի Ձեզ: Մեզ` բոլորիս:
Եվ մեզ վրա չեն նայի որպես մի ժողովրդի, որի վրա, ինչպես որբուկի գլխին, կարելի է փորձեր կատարել և չնչին միջոցներով մեծ շահույթներ կորզել… Այն, ինչ չեն կարող անել իրենց երկրներում:
Ակա՛նջ դրեք մեր ավագ և մանավանդ երիտասարդ բնապահպաններին, մի՛ կոտրեք նրանց եռանդը: Եթե այսօր նրանք դեռ կարողանում են պայքարել մեր ներքին կեղեքիչների դեմ, վաղը` մեր մեղքով, Աստվա՜ծ մի արասցե, ստիպված կլինեն կանգնել օտարերկյա զավթիչների հետ դեմ հանդիման…
ՀԳՄ արձակի և հրապարակախոսության բաժանմունքի համանախագահներ`
Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
գրող, հրապարակախոս
ՆԱՆԵ
գրող, հրապարակախոս
21.08.2019 թ.
***
Աստված հային դրախտային երկիր է տվել` երկնամերձ լեռնաշխարհով, երկնասույզ լեռնագագաթներով, հորդառատ գետերով, սառնորակ աղբյուրներով: Տվել է Արարատ լեռը, Արագածը, արարչական ԱՐ արմատով սկսվող դաշտեր, գետահովիտներ, կիրճեր, ոսկու, պղնձի, մոլիբդենի և այլ հանքերով հարուստ սարեր, աստվածաշնչյան գետեր և խելք ու իմաստություն, որ տնօրինի իր բախտն ու ճակատագիրը: Բայց որտեղից որտեղ հայտնվել է թշնամին, սատանան, Բելը, մոնղոլը, թուրքը, տգիտությունը, ներքին թշնամին: Աստված խելամիտ հային միտք է տվել, որ ոսկեհանքով հարուստ սարին Ամուլսար անվանի` թշնամական ոտնձգություններից պահպանելու համար: Ներքին թշնամին օտարներին մատնացույց է արել նրա տեղը: Եթե ամուլ բառը վերջից կարդանք, կհայտնվի լումա բառը: Լուման հայոց արժեզրկված մանրադրամն է: Մենք Ամուլ սարի անունը պետք է փոխենք և արժանապատվորեն կոչենք ՈՍԿԵՍԱՐ: Այն ազգային հարստություն է, և չի կարելի վաճառել ոչ մի գնով, երբեք…:
Արևշատ ԱՎԱԳՅԱՆ
Բանաստեղծ
***
Աշխարհը վերաձևավորվում է կատաստրոֆիկ արագությամբ, ու ամենավատն այն է, որ կայուն է միայն փոփոխությունների արագացումը, մնացած գործոնները շարունակում են ավելի ու ավելի անորոշ մնալ: Միայն Սիբիրի ու Ամազոնի այրվող անտառների սարսափելի, հայկական ուղեղում չտեղավորվող չափերը պատկերացնելու փորձը հերիք է` հասկանալու համար, որ հենց մեր սերնդին է բաժին հասնելու կենսամիջավայրի դրամատիկ ու աննախադեպ փոփոխությունների հատուցման բեռը, բեռ, որ կուտակվել է տասնամյակներ շարունակ բնությունը անխնա մսխելու հաշվին` մարդկության սպառողական անկուշտ երախը լցնելու համար: Շուկան հիմնված է երկու մարդկային թուլությունների` անսպառելի ագահության ու ինքնամոռաց մրցակցության վրա: Երկուսն էլ գործում են միայն մեկ պայմանով, որ բնությունը մարդուն ծառայելու համար ստեղծված ռեսուրսների անսպառ շտեմարան է, որ կարելի է անվերջ տաշել ու խաղալ այս դավադիր խաղը` կուտակելով անիմաստ ծառայությունների, իրերի և նրանց ափդեյթների բեռը: Եվ ահա, մինչ քաղաքակիրթ աշխարհի աչքերը բացվում են անդառնալիության եզրն անցած մարդկային ագահության առաջ, մենք` դեռ վաղ խավարամիտ միջնադարը չհաղթահարած պրովինցիալներս, ստանձնում ենք մեր բաժին ավերումի պարտքը: Մեր բաժին խաղիկը կրակի հետ, որ պիտի անպայման անենք` մեծանալու համար: Եթե այսպես գնաց, հինգ տարի հետո, դեռ կենդանի անտառը, դեռ մաքուր ջուրը, դեռ կերակրող հողը կարող է ավելի մեծ ռեսուրս ու հարստություն լինեն, քան գանձարաններում կուտակված ահագին ոսկին, ի դեպ` ոչ թե մեր, այլ մեր մեծ եղբայրների ապահով գանձարաններում: Անգամ ներդրումային քաղաքականության իմաստով, կենսամիջավայրի ավերումը ստոր անհեռատեսություն է:
Կարեն ԱՆՏԱՇՅԱՆ
Բանաստեղծ