Հրաշալի նախաձեռնություն է իրագործել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը՝ հրատարակելով «Հուշեր Մարտիրոս Սարյանի մասին» ծավալուն ու փաստահարուստ ժողովածուն:
Այդ հուշերից վեր է հառնում հանճարեղ նկարչի, մեծ հայրենասերի, համաշխարհային արվեստի մեջ իր պատվավոր տեղն ունեցող Սարյանի անմոռաց ու ներգործող կերպարը: Պատահական չէ, որ այսօր Երևանի կենտրոնում իրար դեմ դիմաց XX դարի հայ երկու անմահների՝ Մարտիրոս Սարյանի ու Արամ Խաչատրյանի կոթողային արձաններն են՝ մեր երկրի փառահեղ անցյալի, ներկայի և լուսավոր ապագայի պատգամաբերները: Ռուզան Սարյանն իրավացիորեն նկատում է, թե որքան առավել ամբողջական կլիներ Սարյանի կերպարը, եթե ժամանակակիցները մտածեին հուշեր գրել տալ այնպիսի նշանավոր անհատների, ինչպիսիք էին Վիկտոր Համբարձումյանը, Արամ Խաչատրյանը, Դմիտրի Շոստակովիչը, Մարիետա Շահինյանը և ուրիշ երևելիներ, որոնց հետ Սարյանը բազմիցս շփվել է, նաև կերտել նրանց դիմանկարները:
Հազար անգամ իրավացի է Ավետիք Իսահակյանը, որ Սարյանն ամբողջ աշխարհինն է: Տարիներ առաջ Բոստոնի շքեղաշուք Christian Science Church կոչվող եկեղեցու կրպակում տեսա մի գիրք, որի շապիկի վրա Սարյանի «Արաբուհին» կտավն էր: Ես հրճվալի բարձր ձայնով ասացի. «Վա՜յ, Սարյանի նկարը»: Կրպակի կինը իսկույն ինձ տվեց գիրքն ու ասաց, որ նվիրում է: Նույն հրճվանքն ապրել եմ, երբ Լաս Վեգասում երգող շատրվաններից հնչում էր Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից մի հատված, ու տարբեր ազգերի մարդիկ, եռաշարք կանգնած, վայելքով լսում էին երաժշտությունն ու ավարտից հետո բուռն ծափահարեցին: Եվ այսօր, երբ Թուրքիան Ադրբեջանի հետ մեզ նոր գոյամարտի է կոչել, այդ անմահները պետք է մեզ իրենց ոգով ուժ տան, և կհաղթենք:
Սարյանն արմատներով հայ Բագրատունիների շքեղ մայրաքաղաք Անիից էր, և ինչպես Արշիլ Գորկին իր կտավներով անմահացրեց մեր կորցրած հինավուրց մայրաքաղաք Վանը, այնպես էլ Սարյանը աշխարհին ներկայացրեց Հայաստանը՝ կորած Անիի մրմուռը սրտում:
Գրքում բազում են նուրբ դիտողականությամբ գրված հուշերը: Բոլորը ջերմ են, բնականաբար, անհնար է բոլորին անդրադարձ կատարել: Սակայն կան այնպիսիները, որոնք խիստ բնութագրական են: Բոլորի հուշերից պարզ է դառնում Սարյանի կենսահաստատ էությունը, նրա սրտաբաց, հյուրընկալ ու հյուրասեր լինելը, բացառիկ աշխատասիրությունը, ներքին անսահման նվիրումը հայրենիքին, հարազատներին, գործընկերներին, նաև թուրքերին չվստահելը, նույնիսկ նեղ ընկերական շրջապատում երեքհարկանի ձևով հայհոյելը:
Հուշեր ունի նաև Հրաչյա Ներսիսյանը, որը հավաստում է, թե Սարյանը բարի ժպիտով է ընդունել իր Գողգոթան, ովքեր մագլցելով պետք է անցնեին դժվար ճանապարհը, նա անցավ մի ոստյունով, որովհետև «իրեն պատասխանատու էր զգում ամբողջ մի երկրի արվեստի համար»:
Այդ պատասխանատվությունը նկարիչը ներարկել է նաև շրջապատի հայ մտավորականներին: 1922 թվականը ներկայացնող նշանավոր գրականագետ և թարգմանիչ Տիգրան Հախումյանի հուշերում պատմվում է, թե ինչպես Սարյանը մի քանի ընկերներով կազմակերպել է «Անմահների երեկոներ», սակայն անմահ դարձել է միայն ինքը:
Հուզիչ են Հայոց ցեղասպանության նահատակ Արտավազդ Թումանյանի հուշերը, որոնցում արվեստագետի նուրբ դիտողականությամբ մեծն Թումանյանի որդին ներկայացնում է այն նորը, որն արվեստի մեջ բերում է Սարյանը. «Նոր արվեստ հասկանալու համար հարկավոր է խորը թափանցել, նոր ձևերի արմատները որոնել, հասկանալ գեղարվեստական ստեղծագործության իմաստը»:
Մեծատաղանդ Վահան Թոթովենցն իր հուշերում, գրված 1923-ին, հատկապես կարևորում է Սարյանի՝ նշանավոր հայերի դիմանկարները, որոնցում պատկերված են Աշոտ Հովհաննիսյանը, Ալ. Մյասնիկյանը, Պ. Մակինցյանը, Գարեգին Լևոնյանը, Ե. Չարենցը, Մանթաշյանը, Ալ. Ծատուրյանը և այլք: Չափազանց բազմադեմ է Տերյանի դիմանկարների պատկերասրահը, որոնց մեջ է նաև Ակսել Բակունցի մոր դիմանկարը՝ Զանգեզուրի տարազով: Անշուշտ, դժվար է եղել Բախչագյուլ մայրիկին համոզել, որ Սարյանը նրան նկարի: Ուշագրավ է, որ 1923-ին գրված և Բակունցին ուղղված Սարյանի երախտիքի խոսքի ֆոտոպատճենը դրված է գրողի մոր նկարի տակ և սկսվում է վերջինիս բնութագրող հետևյալ նախադասությամբ. «Պատմության և բնության զարմանալի ներդաշնակ համաձայնությամբ էր կյանքի կոչված նա»: Խիստ հուզիչ ու տպավորիչ են Էդուարդ Իսաբեկյանի հուշերը, որոնցում դիտարկվում է ընդհանրություն Բակունցի ու Սարյանի միջև. «Ինձ թվում է, որ Սարյանին (լավ, ճիշտ, հանճարեղ) կնկարեր Բակունցը, նախ, որ ինքը՝ Ակսելը, հանճարեղ «նկարիչ»-գրող էր, և հետո՝ Ակսելի աչքերի մեջ կա այն, ինչ ես տեսա եռադիմանկարի աջ թևի Սարյանի աչքերի մեջ…»:
Ճաշակով ու մտածված են ընտրված ժողովածուի նկարները. դրանք մեծ մասամբ հուշագիրներին են պատկերում: Այդ նկարների մեջ է նաև նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանի՝ 1960 թվականին ստեղծված Մարտիրոս Սարյանին եզակիորեն ճիշտ բնութագրող դիմանկարը. Սարյանն ինքն էր խոստովանում, թե իր դիմանկարներում պատկերում է մարդու ներքին էությունն ու բնավորությունը: Այդպիսին է նաև համաշխարհային հռչակի տեր գրող Ջոն Սթայնբեքի դիմանկարը: Վերջինս Երևան էր եկել 3 օրով՝ մասնակցելու Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակի հանդիսություններին:
Խորհրդային տարիներին Հայաստան եկած բոլոր պատվավոր հյուրերն այցելում էին Սարյանին, այնպես, ինչպես Մատենադարան, Գառնի-Գեղարդ, Զվարթնոց, Էջմիածին: Սարյանը Հայաստանն էր:
Ռուբեն Զարյանի հուշապատումից իմանում ենք, որ Սարյանի համար տգեղ մարդ հասկացությունն անընդունելի է եղել. «Գեղեցկության չափերն են տարբեր: Պետք է տեսնել կարողանաս: …Հայելու մեջ մարդու միայն դիմագիծն է երևում, իսկ նկարչին հետաքրքրողը բնավորությունն է»: Այդ նույն բանն ասում էր համաշխարհային հռչակի տեր Էկվադորի նկարիչ Օսվալդո Գվայասիմը, որը շրջել էր աշխարհով մեկ, դիմանկարել տարբեր երկրների պետական առաջին դեմքերի, նշանավոր արվեստագետների և մայրաքաղաք Կիտոյում հիմնել մարդու տաճարը՝ հավերժական կրակով: Նշանավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի համար Սարյանը Հայոց աշխարհի հսկան էր, և նա իրեն երջանիկ է համարում, որ եղել է հանճարեղ նկարչի ժամանակակիցը: Իր մահախոսականում Հայաստանի ժողովրդական նկարիչ Մհեր Աբեղյանը վկայում է, թե Սարյանը բոլոր գործերն ստեղծել է իր սրտից: Հիրավի, Հայաստանի բնաշխարհը, նկարված նրա վրձնով, այնքան սրտալի է, որ երբ աշնանը դիտում ես տարբեր գույներով ներկված Գեղարդի շրջակա անտառը, մտածում ես, թե ոչ թե բնությունը, այլ Սարյանն է այն վրձնել: Կամ Արարատյան դաշտն առաջին հերթին կրթված հայի աչքին պատկերվում է Սարյանի նկարով. Մասիսներ, բարդի, արագիլ, խաղաղ հոսող գետ և շուրջը՝ զմրուխտ կանաչ: Սփյուռքահայ գրող Գառնիկ Ադդարյանի համար Սարյանն ավելին է, քան հանճարը:
Փաստական ուշագրավություն ունի Գևորգ Դևրիկյանի հուշագրությունը: Նա տեսել է Սարյանի ծննդավայրը Նոր Նախիջևանի մոտ, նրա գյուղական տունը, հոր փորած ջրհորը, որոնք տեղացիների համար սրբազան են, որովհետև. «Այս տանն իր մանկական ու պատանեկական տարիներն է անցկացրել Սոցիալիստական աշխատանքի հերոս, ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ ժողովրդական նկարիչ, ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, Լենինյան և պետական մրցանակների դափնեկիր Մարտիրոս Սերգեյի Սարյանը»: Գրքում զետեղված հուշերի մի մասը գրվել են որպես մահախոսականներ: Հայերն իրենց սիրելի զավակներին հավերժի ապրող են կարծում և հանկարծակիի են գալիս, երբ նրանք ֆիզիկապես հեռանում են մեզնից: Այդ զգացումը շատ շատերն ունեցան Սարյանի, նաև Շառլ Ազնավուրի դեպքում: Աշխարհը ճանաչելու ճամփորդությունների սիրահար Վիլյամ Սարոյանն իր առաջին հոնորարով եկել է տեսնելու նախնիների հայրենիքը: Հետո նորից է գալիս Հայաստան՝ 1960-ին, ու Սարյանը նկարում է նրան: Սարոյանը հպարտությամբ է հիշում Փարիզի Պոմպիդու ժամանակակից արվեստի թանգարանում բացված Սարյանի գրեթե հինգ տասնյակ նկարների ցուցահանդեսը, որում նկարիչը աշխարհին ներկայացրել էր իր հայրենիքի ճշմարտությունը:
Ժողովածուին մի առանձին հմայք են տալիս Սարյանին ու նրա ընտանիքին մոտ կանգնած կամ ընտանիքի անդամ եղած հուշագիրները, հատկապես Ռուզան Սարյանը, Վիգեն ու Ավիկ Իսահակյանները: Նրանց հուշապատումները ներկայացնում են Սարյանի հյուրընկալ ընտանիքը, կենցաղը, սովորությունները, մարդասիրությունը, տագնապներն ու հրճվալից պահերը:
Վիգեն Իսահակյանը Սարյանին հանդիպել է Վենետիկում և պատմում է, թե ինչ եռանդով էր վերջինս կամենում տեսնել արվեստի բազում գլուխգործոցներ ունեցող այդ հրաշապատում քաղաքի թանգարանները, պատմական վայրերը. «Սարյանն ուզում էր տեսնել ողջ Վենետիկը, ոչինչ բաց չթողնել: Հռչակավոր պալատներն այցելելուց հետո ուշադիր նայում, զննում էր նաև ամենասովորական վենետիկյան տները, որտեղ ապրում էր հասարակ ժողովուրդը: Նրա գնահատող աչքը ամենախղճուկ շինության մեջ անգամ մի արժեքավոր մանրամասն էր նշմարում՝ մի պատուհան, մի արձանիկ, մի շքամուտք, մի ջրհոր: Մենք էլ՝ նրա հետ, կարծես թե Վենետիկը երկրորդ անգամ էինք տեսնում»: Սարյանն այցելել է բոլոր հայերի համար սրբազան արժեք ունեցող Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանություն:
Ավիկ Իսահակյանի ծավալուն հուշագրությունը մանրամասներով ներկայացնում է հայ երկու մեծերի՝ Իսահակյանի ու Սարյանի, նրանց կանանց, զավակների ու թոռների մտերմության հետաքրքրաշարժ դրվագներ, որոնցում երևում են հայ ավանդական գեղեցիկ սովորությունների պահպանումն այդ ընտանիքներում: Նա գրում է. «Իսահակյանի համար Սարյանը հայ ամենաազգային նկարիչն էր և առաջին հայ նկարիչը, որը մուտք գործեց համաշխարհային կերպարվեստ»:
Տեսնում ենք նաև այս հրաշալի գրքի կազմողի՝ Ռուզան Սարյանի մանկական ու դպրոցական տարիները, որոնք ընթացել են սիրագորով պապի հոգատար փայփայանքի մեջ: Դրանք առավել մանրամասնված են Վիկտոր Հյուգոյի խոսքերով խորագրված «Պապ լինելու արվեստը» գրքի հուշագրական հատվածից: Ռուզանը պատմում է, թե սիրասուն պապիկի հյուրընկալ տանը եղել են ժամանակի ամենանշանավոր մարդիկ՝ Սթայնբեք, Շոստակովիչ, Բրիտեն, Սարոյան, Խաչատրյան և շատ ուրիշներ: Իսկ 1964-ին Լաերտ Վաղարշյանի հեղինակած «Մարտիրոս Սարյան» վավերագրական ֆիլմի սցենարը գրել է հռչակավոր Իլյա Էրենբուրգը:
Մ. Սարյանի մասին հուշապատումի ժողովածուն ունենալու է երկրորդ հատոր, որում ընդգրկվելու են օտարագիր հուշերը: Այս հուշապատումներից և ինքնակենսագրական խիստ իմաստուն «Գրառումներ իմ կյանքից» գրքից պարզ է դառնում, որ հանճարը չի ունեցել ներքին երկվություն: Նա լուսավոր հոգի էր և այդ լույսը տվել է մարդկանց: Սակայն ովքեր լավ գիտեն Սարյանի խորհրդային տարիների կյանքի ընթացքը, պետք է կռահեն, որ այդ մեծ հայը, ինչպես ժողովրդական առածն է ասում, «Սևը ներս է արել, սպիտակը՝ դուրս» ու մարդկանց թե՛ իր արվեստով և թե՛ վարքագծով կապել կյանքի գեղեցկությանը:
«Հուշեր Մարտիրոս Սարյանի մասին» ժողովածուն կազմվել է խնամքով, գիտական հրապարակումների համար պահանջվող անվանացանկով, հապավումների ու համառոտագրությունների բացատրությամբ: