Գևորգ Սարգսյանի «Պյութագորասը կքանդի մեր տունը» գրքի առիթով / Սոս Սարգսյան

ՀԳՄ վար­չու­թյու­նը
շնոր­հա­վո­րում է դրամատուրգ, արձակագիր
ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ծննդյան 80-ամյակի առթիվ

«Գրա­կան թեր­թը» միա­նում է շնորհավորանքին

Թող այս գրքի մասին թատերագետները վերլուծություններ գրեն, ընդհանրացումներ ու եզրակացություններ անեն և գնահատականներ տան, բայց ես ուզում եմ Գևորգ Սարգսյանի այս գրքի մասին խոսքս սկսել նրա դրամատուրգիական գործերի առանձնահատկություններից մի քանիսը նշելով, առանձնահատկություններ, որոնք շատ կարևոր են այսօրվա հայ դրամատուրգիայի զարգացման ընթացքի համար, ինչի մասին ես հաճախ եմ խոսել և խոսելու եմ, որովհետև այդ ընթացքն ինձ շատ է մտահոգում: Գ. Սարգսյանը գրել է դրամաներ, կատակերգու­թյուններ, սատիրաներ, մեկ գործողությամբ պիեսներ, պատմվածքներ, մանկական պատմվածքներ, խաղացանկային քաղաքականությանը և ռեժիսուրային վերաբերող հոդվածներ, հայ թատերական գործիչների դիմա­նկարներ նաև հայի հայ մնալու մասին հոդվածներ: Նույնը շարունակում է անել և այսօր:
Առաջին առանձնահատկությունը. հիշված բոլոր ժանրերի պիեսներում նրա հերոսները, իհարկե, պիեսներում շարքային մարդիկ էլ կան, բայց իմ խոսքը մտավորական հերոսների մասին է, երբ 2-3 գործող անձերից բոլորն են մտավորական կամ 8-10–ից` 6-7-ը: Ինչո՞ւ թաքցնենք, այսօրվա հայկական պիեսների մեծ մասում հերոսները միայն անունով են մտավորական և հաճախ գործում են քրեական սյուժեներում, կենցաղի մանր-մունր և հանդիսատեսի մտքին ու հոգուն ոչինչ չտվող գործողություններում:
Երկրորրդ առանձնահատկությունը. կիրթ խոսքն է, բարձրակարգ հումորը, խոսքի լակոնիզմը, խորը ենթատեքստը, հերոսների դերակատարների համար հոգեբանական բարդ ապրումների մեծ հնարավորությունը: Դրամաներում չկա էժան զգացմունքայնություն, իսկ կատակերգություններում` պարզունակ, հանդիսատեսից ամեն գնով ծիծաղ կորզելու միտում: Բարձրորակ հումորը մեզ իսկույն հիշեցնում է Հ. Պարոնյանի և Բ. Շոուի հումորը:
Երրորդ առանձնահատկութունը թեմաների ընտրությունն է: Սասունի հերոսների մասին, հայ գրականության և պատմության մեծերի մասին, ուսուցիչների, բժիշկների, բեմադրիչների, դերասանների, ազնիվ ոստիկանների, գործարարների և փաստաբաններին նվիրված թեմաների: Այս ընտրությունն արդեն աչքի ընկնող առանձնահատկություն է: Այնպիսի ժողովածուներ, ինչպիսին Սասունի հերոս ֆիդայիների մասին դրամաների ժողովածուն է, հայ գրականության ու պատմության ամենանշանավոր հինգ դեմքերի մասին ժողովածուն, և մեր այսօրվա կյանքի թեմաներով «Չորս մարդ ցուրտ սենյակում» դրամաների ժողովածուն է` մենք չենք ունեցել: Հա՛, հենց այս բաներն ինձ համար մեծ, շատ մեծ առանձնահատկություններ են, շատ մեծ երևույթներ:
Չորրորդ առանձնահատկությունը. մենք այսօր գրեթե չունենք մեր ժամանակի հայ երիտասարդությանը նվիրված` քաղաքացի-երիտասարդի, մաքուր ու մեծ նվիրումով սիրահարված երիտասարդի, սովորական, ոչ պատերազմական իրավիճակում կյանքը վտանգելով մեկին փրկող կամ ընկերոջ ճակատագիրը խաթարող որևէ ուժի դեմ կռվող և այլ ու այլ դժվար վիճակների մեջ ընկած երիտասարդի մասին պիեսներ: Այդպիսի պիեսներ կան Գ. Սարգսյանի նախորդ` «Չորս մարդ ցուրտ սենյակում» գրքում, որը տպագրվեց Թատերական գործիչների միության, Գրողների միության և 4-5 թատրոնների ֆինանսական օժանդակությամբ, և այդ պիեսները, չգիտես ինչու, բեմերում դեռ չկան: Եվ, թող ինձնից չնեղանան մեր բեմադրիչները, ինձ թվում է, որ նրանք, հատկապես երիտասարդները, չեն կարդում կամ քիչ են կարդում, հա՛, էդպես է, սիրելինե՛րս, մի՛ նեղացեք, չեք կարդում, դրամատուրգներից նման թեմաներ չեք պահանջում, որովհետև հետաքրքրվում եք միայն արտասահմանյան պիեսներով, որոնք, ես միշտ եմ ասել և ասելու եմ` բացարձակապես կապ չունեն մեր ո՛չ մենթալիտետի, ո՛չ էլ մեր հոգս ու ցավի հետ: Համոզված եմ, որ հենց այս և այլ աչքի ընկնող առանձնահատկությունների պատճառով են Գ. Սարգսյանի ութ պիեսները ԽՍՀՄ հանրապետությունների հարյուրավոր թատրոններում բեմադրվել:
Էլի առանձնահատկություններ կարող եմ նշել, բայց կարդացեք և ինքներդ գտեք դրանք, իսկ ես դառնամ «Պյութագորասը կքանդի մեր տունը» սատիրաների ժողովածուին…
…Ինձ ուրախացրեց այն, որ մեր դրամատուրգիան շնորհիվ այս ութը սատիրաների (հեղինակը 12 սատիրա ունի), որոնք հիմք են դրել մեր սատիրական դրամատուրգիայի, կանգնում է զարգացած դրամատուրգիա ունեցող երկրների շարքում: Ես հույս ունեմ, որ այս գրքի լույս տեսնելուց հետո… մեր թատրոնները կփորձեն բեմադրել շատ առանձնահատուկ մոտեցում և տաղանդ պահանջող դժվարին ժանրի այս պիեսները, որովհետև այդ ներկայացումները մեր թատերական աշխարհին նոր մտածողություն, նոր ոճ և նոր գույն կբերեն:

Սոս ՍԱՐԳՍՅԱՆ
2012 թ. ապրիլ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։