Ղարաբաղի թոթ կերած բանաստեղծը / Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Արտեմ Հարությունյան
Մենք ընկերներ ենք հին օրերից, երբ ես պատանի էի, իսկ Արտեմը` երիտասարդ: Նրանց տանը մեկ-մեկ շախմատ էի խաղում անվանի բանաստեղծ և շախմատասեր Միքայել Հարությունյանի հետ, իսկ նրա որդի Արտեմ Հարությունյանը, սեղանի մի անկյունը գրաված, դիսերտացիա էր գրում Ջեյմս Ջոյսի մասին:
Հետո ընտանիքի բարի հրեշտակ տիկին Շամիրամը սեղան էր բացում, ընտանիքի հայր Միքայելը հպարտանում էր Ղարաբաղի թթի օղիով և լցնում էր բաժակները: Այս մթնոլորտում մեծացած Արտեմը խրվել էր նշանների երկրի մեջ, պատահական չէ, որ նրա գրքերից մեկը կրում էր այդպիսի վերնագիր, և Գևորգ Էմինը գրախոսելով սույն գիրքը՝ դրվատանքից հետո խորհուրդ էր տվել նշանների երկրից թեքվել երկրի նշանների կողմը:
Արցախցուն պատերազմը ավելի դիպուկ ցույց տվեց այդ ուղղությունը: Արտեմը Ամերիկայում ներկայացրեց իր հայրենի Արցախի շահերը. որպես չճանաչված երկրի չճանաչված դեսպան և ճանաչված բանաստեղծ:
Բնաշխարհի բանաստեղծական արտածումը փոխվեց կռվի հրերում դիմակայող հայրենի եզերքի պինդ, մարտական կեցվածքից բխող հրայրքոտ ճիչի: Աշխարհը սովորություն չունի խղճահարույց լսելու թույլերի ողբն ու կականը: Դա գիտեր Արցախը և նրա բանաստեղծ որդին: Ինչից էլ խոսես, եթե բանաստեղծ ես, պիտի բանաստեղծական արվեստի բարձր ձևի մեջ լինի, այդպես էր խոսում Արտեմը, իր հումորիկ, կալամբուրային բանավոր խոսքից գրի մեջ էին ներհոսել սարկազմի, գրոտեսկի շեշտեր, և նրա բանաստեղծու­թյունը գտնում էր ընթերցողներ աշխարհի շատ անկյուններում: Ժամանակակից պոեզիայի էության սահմաններն ընդլայնող գրող է Արտեմ Հարությունյանը, և դա ոչ միայն Հայաստանի գրական քարտեզում: Այդպիսի պոեզիան ճանաչվում և գնահատվում է մրցանակներով, գրախոսականներով և պարզ ընթերցողական միջավայրում: Արտեմը նաև տարբեր լեզուներից թարգմանել է աշխարհի ճանաչված շատ գրողների ստեղծագործու­թյուններ: Բազմալեզու և տաղանդաշատ մարդ է Արտեմը, ում յոթանասուն տարիներն ասում են.
– Ա՛ խոխա, Ղարաբաղի թոթ կերած բանաստեղծ, երկար ապրես գրքերով լցված քո տան ու երկրի մեջ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։