…Եվ եկավ ժամը, և եկավ պահը, որ պիտի մարդ նայի ինքն իր երեսին ու տեսնի իր ներսի երեսը: Ուղի՞ղ է նայում, թե՞ հայացքը փախցնում է ինքն իրենից: Եվ եկավ պահը, որ մե՜ծ իշխանավորները պիտի Ամանորյա մաղթանքներ հղեն ժողովրդին: Ի՜նչ երեսով նայենք ժողովրդի երեսին ու ասենք` շը-նոր-հա-վո՜ր: Ժողովուրդը շատ ավելի անտերացավ. հուսահատության ամեհի ալիքները քանդուքարափ են անում ժողովրդի երբեմնի երազանքները: Ժողովրդի աչքը վախեցած է: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ասես սոցիալիստական մրցության մեջ են` ով ավելի շատ հայ կհանի Հայաստան պուճուր մնացած երկրից, ու էնքան պիտի ասեն` ծերացող ժողովուրդ, քարտեզի վրա տեղ չունեցող, որ մենք էլ հավատանք ու կորցնենք հայոց մոլորակը: Դրածոների նման կեղեքեցին քո երկիրը, բզկտեցին ժողովրդին, տակնուվրա արեցին: Ժողովուրդը փախչում է էս իշխանություններից, ինչպես ժանտախտից:
Բայց պիտի արթնանանք, միակամվենք: Սա մեր վերջին Ավարայրն է, վերջին Սարդարապատը, վերջին Շուշին ու Արցախը: Էս տարվա ապրիլը հիշեցնում է 1915: Հիշենք ու համախմբվենք: Ինչ տարիքում էլ լինենք, գործազուրկ լինենք ու անոթի թե կուշտուկուռ թալանչի-ավերող, մենք մեզ հայ զգանք, կարողանանք ուժ հավաքել ու հավատալ, որ շարունակելու ենք կյանքը էնքան ավերողներ տեսած մեր հողի վրա:
Հրաչօ
