ԳԻՐ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ
Հայաստանի գրողների միության 80-ամյա հոբելյանի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում Գրողների միության նախագահ տիար Էդվարդ Միլիտոնյանին, միության անդամներին, հայ գրական անդաստանի բոլոր մշակներին:
Այսօր առիթն ունենք հոգու ուրախությամբ անդրադառնալու, որ 80 տարիների ընթացքում Գրողների միությունն իր կարևոր նպաստն է բերել հայ գրականության զարգացմանը, հոգի և միտք կրթելու նրա մեծ առաքելության զորացմանը: Փառք ենք բարձրացնում առ Աստված, որ մեր ժողովրդի կյանքում շնորհալի այդ առաքելությունը, որը ծնունդ է առել Սահակ-Մեսրոպյան դպրոցից, պայծառացել թարգմանչաց հանճարով, չի մարել անգամ ավերի ու ավարառության, հալածանքի ու ճնշումների անողորմ ժամանակներում, որոնք մեր պատմության մեջ քիչ չեն եղել: Մեր ժողովրդի հետ Գրողների միությունը նույնպես ապրել է դժվարին ժամանակներ, ունեցել վայրիվերումներ, բայց միշտ գտել է ներքին զորությունը՝ դիմակայելու ճնշումներին և հալածանքներին և հայ իրականությանը համահունչ՝ բաբախուն պահելու գրական կյանքի զարկերակը և նպաստելու մարդու հոգևոր ներաշխարհի զարգացմանը:
Դուք, սիրելինե՛ր, ծառայում եք գրականության այս մեծ առաքելությանը և ձեզ սատար ունեք հայ գրականության հարուստ ավանդները, ինչպես և Գրողների միության բազմամյա փորձը, որ ուղենիշ է գրական կյանքի կազմակերպման ու զարգացման համար: Հայ գրականությունը պիտի շարունակի աշխարհին ներկայացնել քրիստոնյա մեր ժողովրդի արժեքներն ու ձգտումները, իսկ եկող սերունդներին պահպանել ու փոխանցել հոգևոր մեր հարուստ ժառանգությունը և ագգային ոգին՝ կրթելով նրանց հայրենյաց հանդեպ սիրով, նվիրումով ու ճշմարիտը ճանաչելու և արարելու կարողությամբ: Առաջնորդող գաղափար, ոգի ու շունչ դարձող խոսքի ուժով մեր գրականությունը շարունակում է սիրով շաղախել ու միավորել աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքը, ծառայել մեր առջև հառնող մարտահրավերների դիմագրավմանը և գալիքի մեր բարի հույսերի իրագործմանը:
Նոր ձեռքբերումներ ենք մաղթում գրական անդաստանի բոլոր մշակներիդ և արգասավոր գործունեություն Գրողների միությանը:
Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված առատորեն օրհնի ստեղծագործական ձեր ջանքերը՝ ի նպաստ հայ գրականության նոր ծաղկունքի և մեր ժողովրդի հոգևոր ու մշակութային վերազարթոնքի:
Թող Տերը խաղաղ և անսասան պահի մեր Հայրենիքը, հավատքով ու շնորհով լի մեր ժողովրդին՝ ի սփյուռս աշխարհի:
Շնորհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ և ընդ ամենեսեանդ. Ամէն: